Հասարակություն

Փաստաբանների պալատի նախագահի 100 օրը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Վերջերս Մարդու իրավունքների պաշտպանի Արդար դատաքնության իրավունքի մասին զեկույցը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը բաժանում է երկու մասի։ Առաջինը, ըստ նրա, նվիրված է դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներին և կաշառքի սակագներին, որը հիմնավորված չէ, քանի որ, ըստ նրա, չկան փաստեր։

Երկրորդ մասը Վճռաբեկ դատարանում բողոքարկվող դիմումների մասին ՄԻՊ- ի դիտարկումներն էին։ Վճռաբեկի գործելակերպը նաեւ փաստաբանների դժգոհությունն էր հարուցում եւ նրանք երկու անգամ դատադուլ հայտարարեցին։ Վճռաբեկ դատարանի եւ Փաստաբանների պալատի միջեւ վերջերս  ձևավորված աշխատանքային խմբի նպատակն է վճռաբեկի կողմից բողոքները վարույթ ընդունելու օրենքով սահմանված  հայեցողական լիազորությունը վերացնելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնել։

Ինչպես յուրաքանչյուր կառույցում, Փաստաբանների պալատում էլ նորընտիր նախագահի ընտրություններն  իր հետ բերել է  կադրային նոր  փոփոխություններ: Ստեղծվել են նոր հաստիքներ,  ներդրվել են ֆինանսական տնօրենի ու մամուլի խոսնակի  ինստիտուտները։ Փաստաբանների պալատը շուտով բարեկեցիկ պայմաններում իր գործունեությունը կծավալի արդարադատության նախարարության կողմից հատկացված շենքում:

Պալատի գործունեությունը թափանցիկ դարձնելու համար վերջերս գործարկվել է պալատի նոր կայքէջը, որն էլ հնարավորություն է ընձեռում փաստաբաններին առցանց հետևել պալատի խորհրդի նիստերին: Փաստաբանների պալատը չի խորշում իրենց պալատում տեղի ունեցող վատը ցույց տալուց, այլ ընդհակառակը՝ փորձում են ապացուցել, որ իրենց մոտ վատը պատժվում է, իսկ լավագույնը` խրախուսվում, բարձրաձայնեց պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Պալատ-փաստաբան հարաբերություններում էլ  փորձել են իրականացնել այնպիսի քաղաքականություն, որպեսզի փաստաբանը միայն անդամավճար վճարելուց չհիշի կառույցին։

Պալատը անվճար  իրավաբանական  օգնություն տրամադրելու համար 3 փաստաբանների պարգևատրել է շնորհակալագրերով և տեղեկությունը զետեղել կայքէջում, որն էլ օրինակ է  ծառայել նաև մյուս փաստաբանների համար և արդյունքում ամսվա մեջ մեկ օր քաղաքացիներին տրամադրվում է անվճար իրավաբանական օգնություն։ Ստեղծված երիտասարդական խորհուրդն էլ հնարավորություն է ընձեռում վերջին 3 տարվա արտոնագրեր ստացած փաստաբանին ինտեգրվել փաստաբանական համայնքին և աշխատանքային հարցերի դեպքում էլ աջակցել փաստաբաններին:

Ոլորտը վերահսկողը խոստովանում է, որ մարզերում փաստաբանների վիճակը լավ չէ և մշակվում է նրանց աջակցության ծրագիր: 

Հանրային պաշտպանությունն էլ բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ արդեն իսկ մշակվում են քայլեր: Հաստատվել է հանրային պաշտպանի նշանակման մրցույթային կարգը։ Նախատեսվում է առաջին մրցույթն անցկացնել փետրվարին և գործող մոտ 50 հանրային պաշտպաններից առնվազն 20-ին նշանակել մրցույթով։

Back to top button