ԿարևորՔաղաքական

Հայաստանը փոխանցում է նախագահությունը ՀԱՊԿ-ում և արտահայտում դժգհությունը կառույցից

Երևանում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը:
Հայաստանը 2022 թվականի հունվարից նախագահում  է կառույցում, այժմ նախագահությունը փոխանցվում է Բելառուսին։ Առաջիկա ռոտացիայի շրջանակում  հստակեցվելու է նաև ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը, որը պաշտոնը կստանձնի 2023 թ. հունվարի 1-ից։

Մինչև Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մեկնարկը, տեղի  է ունեցել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը: Թեև նախատեսված է 24 փաստաթղթի ստորագրում, բայց հարցերից կարևորագույնը Հայաստանի բարձրացրած խնդիրն է:

Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի կապակցությամբ պաշտոնական Երևանը օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Կառույցն իրավիճակը գնահատելու նպատակով առաքելություն էր ուղարկել Հայաստան, օգնության հարցը դեռ քննարկվում է: Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանին օգնելու՝ Անվտանգության խորհրդի որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է։

Երևան ուղևորվելուց առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Դրանց  մանրամասները հայտնի չեն, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը: Բայց անգամ հեռախոսազրույցները չապահովագրեցին, որ Պուտինի՝ Հայաստան ժամանելու օրը ադրբեջանական կողմը սադրանքների չդիմի: Բաքուն շարունակում է սահմանին լարել իրավիճակը՝ նաև ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին, երբ Երևանում են կառույցի անդամ երկրների ղեկավարները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն ու ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարները: 

Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությունը Երևանում արձանագրեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը.

«Հայ-ադրբեջանական սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություն է՝  հիմնվելով ՀԱՊԿ արձագանքման կենտրոնի զեկույցների վրա»:

«Փաստորեն, Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա, բայց թե ինչ ասելիք ունի ՀԱՊԿ-ը,  կտեսնենք»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկելու համար ընտրվել է առանձին քննարկումների տարբերակը՝ նախ՝ նախարարների, ապա պետությունների ղեկավարների մակարդակով: Հայտնի է, որ  նախարարների քննարկման արդյունքում հայտարարություն է նախապատրաստվել։

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաներից հետո, փաստորեն, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները առաջին անգամ են Հայաստանում: Օգնություն ստանալու ակնկալիքով Հայաստանի դիմումները կառույցում քննարկվել են առցանց ձևաչափով՝ մայիսին, սեպտեմբերին և հոկտեմբերին:  Թեև ՀԱՊԿ–ը  դեռևս չի արդարացրել Հայաստանի սպասելիքները, բայց կառույցում պարբերաբար նշել են, որ ՀԱՊԿ արձագանքը համապատասխանում է ճգնաժամային արձագանքման դրույթի պահանջներին: Ուշագրավ է, որ երևանյան գագաթնաժողովից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ բարեկամներ ունեն, քան կառույցի անդամ Հայաստանը:

Պաշտոնական Երևանը  բազմիցս՝ անգամ ամենաբարձր մակարդակով, հստակ ձևակերպել է ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ից սպասելիքները: Եվս մեկ անգամ դա արեց արտգործնախարար Միրզոյանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկնարկին:

«Ակնկալիքն այն է, ըստ Միրզոյանի, որ գագաթնաժողովի մասնակիցները կկարողանան բաց և կառուցողական մտքերի փոխանակման միջոցով վերլուծել և գնահատական տալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտի ներկա իրավիճակին և այս լույսի ներքո կշռադատել ՀԱՊԿ երկրների համար հնարավոր ռիսկերը»։

ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի օրակարգում քաղաքական և անվտանգային հարցեր են, ստորագրման համար նախապատրաստված 24 փաստաթուղթ:

Քննարկումների ամբողջ ընթացքը փակ էր, միայն նախապատրաստված փաստաթղթերի ստորագրման պահին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի արձագանքից պարզվեց, որ Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը, կարծես, առկախված է: Լավրովը առաջարկեց փաստաթղթերի ստորագրումը շարունակել աշխատանքային ռեժիմում:

Եթե Հայաստանի համար առանցքայինը ադրբեջանական ագրեսիաներին ՀԱՊԿ-ի արձագանքի հարցն էր, ապա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասն  առավելապես խոսեց ավելի գլոբալ խնդիրներից և տարբեր ուղղություններից ՀԱՊԿ-ին սպառնացող վտանգներից: Ասաց՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմական բաղադրիչի ուժեղացման խիստ կարիք ունի: Ստորագրման համար նախապես պատրաստված փաստաթղթերի մի մասը վերաբերում է խաղաղապահ ուժերին ժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով ապահովելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանություն ձևավորելուն:

Առաջիկայում մի շարք մարտավարական վարժանքներ Են նախատեսվում  ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ՝ խաղաղապահության, ահաբեկչության դեմ պայքարի և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակների արձագանքման տարրերով։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի աշխատանքներին անդամ-երկրների ղեկավարները միացան ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսին: Բոլոր նախագահները Հայաստան ժամանեցին հենց նիստի օրը՝ նոյեմբերի 23-ին: 

Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներից օդանավակայնում դիմավորեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց ամենավերջինը, նրան դիմավորեց Հայաստանի վարչապետը: Ավանդական լուսանկարից և ձեռքսեղմումից հետո գումարված նիստում Հայաստանի վարչապետը ամփոփեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության մեկ տարին: Նշեց, որ տարին հոբելյանական էր կառույցի համար, նշվում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30 և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակները։ «Հակառակ հոբելյանների՝ մեր տրամադրությունը հոբելյանական չէ՝ ասաց Փաշինյանը՝ հավելելով՝ անդամ-երկիր Հայաստանը առնվազն 3 անգամ դարձել է Ադրբեջանի ագրեսիայի թիրախ:

«Վարչապետին խոսքով՝ տարակուսելի է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը չի զսպել Ադրբեջանի ագրեսիվ քայլերը, առավել տարակուսելի է, որ մինչ այս պահը չի հաջողվել գալ ընդհանուր հայտարարի՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի հարցում»:

Երևանյան նիստում հստակեցվել է նաև ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը: Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի պաշտոնավարումը ավարտվում է 2023-ի հունվարի 1-ին: Այդ պաշտոնը փոխանցվում է ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներին ռոտացիոն կարգով: Այս անգամ այն կստանձնի Ղազախստանի ներկայացուցիչը: 

Կարդացեք նաև

Back to top button