
Մինչ «Դվին» հյուրանոցային համալիրում ընթանում էր ՀԱՊԿ խորհրդի նիստը, մի քանի կիլոմետր հեռու՝ Ազատության հրապարակում, «Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» վանկարկումներն էին հնչում։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Հայաստան հանրության կողմից միանշանակ չի ընդունվում։
Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները կարծում են, որ կառույցն անգործության է մատնվել և գործնական որևէ քայլ չի ձեռնարկում անդամ պետությունների անվտանգությունն ապահովելու հարցում։
«Հավանաբար կարդացել եք, որ Ադրբեջանի տխրահռչակ ղեկավարն օրեր առաջ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում ավելի շատ մեր բարեկամներն ու դաշնակիցներն են, քան Հայաստանի։ Մենք այստեղ անհամաձայնություն ունե՞նք։ ՀԱՊԿ-ը երբեք չի եղել Հայաստանի դաշնակից, ՀԱՊԿ-ի անդամ լինելով Հայաստանը պակասացրել է իր հնարավորությունները, զիջել է իր անվտանգություն, և զիջել է այն հնարավորությունը, որի արդյունքում մենք կարող էինք ունենալ ուժեղ բանակ, սպառազինված բանակ ու զարգացած ժողովրդավար դաշնակիցներ», – ասում է Դավիթ Սանասարյանը։

Ի տարբերություն Ազատության հրապարակի՝ սոցցանցերում առարկություններ կան։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «ՌԴ-ի դեմ միտինգ եք անում, որ ովքե՞ր գան… ՆԱՏՕ՞-ն, թե՞ Թուրքիան։ Մի մոռացեք, որ Արցախի հայության անվտանգության միակ երաշխավորն այլևս ՌԴ-ն է։ Միտինգ անել ՌԴ-ի դեմ հավասարազոր է՝ միտինգ անել Արցախի անվտանգ լինելու դեմ»։
Մինչ Երևանի կենտրոնում հնչում էին «Կորչի Պուտինը» վանկարկումները, քաղաքացիների մեկ այլ խումբ «Միասին» և «Բարի գալուստ» պաստառներով օդանավակայանի ճանապարհին դիմավորում էր ՌԴ նախագահին։ Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր՝ ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրելու ցանկություն չկա, սակայն պետք է իմանալ՝ ի՞նչ քաղաքական դիրքորոշում ունի ՀԱՊԿ-ն այս իրավիճակի կապակցությամբ։ Վարչապետը նաև նշել էր, որ այս հարցի պատասխանից է կախված նաև ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանը կարծում է, որ հասարակական կարծիքը քաղաքական առաջնորդներին ճկունության հնարավորություն է տալիս, սակայն կարևոր որոշումները կայացնելիս դժվար թե էական նշանակություն ունենա․
«Գործ ունենք բավական բարդ խնդրի հետ, որտեղ միայն հասարակական կարծիքը չի կարող լինել որոշումների կայացման հիմք, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի այդ կարծիքը, եթե, իհարկե, մենք չենք տեսնում հասարակական կարծիքի հոծ, աննախադեպ, զանգվածային դրսևորումներ, որոնց համահունչ չլինելը արդեն հղի է քաղաքական ճգնաժամի հետևանքով։ Մենք կարծես թե նման իրավիճակում չենք, իսկ ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրն իսկապես շատ բարդ է»։

«Այստեղ հավաքվել են այն մարդիկ, ավելի շուտ դրանց շատ փոքր մասը, ովքեր դեմ են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելուն և դեմ են, որ Պուտինի ու Լուկաշենկոյի նման տոքսիկ ղեկավարները՝ ամբողջ աշխարհի կողմից մերժված, գան այստեղ ինչպես իրենց տուն և Հայաստանն էլ հյուրընկալի նմանատիպ քաղաքական գործիչներին»։ ՀակաՀԱՊԿական ցույցի մասնակից, վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանն է։ Ասում է՝ չեն ակնկալում, թե ՀԱՊԿ-ից դուրս գալուց մեկ շաբաթ կամ մեկ ամիս անց ՆԱՏՕ-ին են անդամագվելու, սակայն արևմտյան երկրների հետ ռազմաքաղաքական հարաբերությունները պետք է զարգանան։
«Մեր կախվածությունը Ռուսատանից այն չափով, որ ձևավորվել է այս երեսուն տարվա մեջ անհամատեղելի է ինքնաիշխան Հայաստանի գոյության հետ։ Դառը փորձից՝ 44-օրյա պատերազմից հետո շատ մարդիկ են սկսում հասկանալ, որ հարաբերությունների այն որակը, որ գոյություն ունի, չի նպաստում ՀՀ պետության կայացմանը, զարգացանը և այլն, և դրանք պետք է միանշանակ վերանայվեն»։
Հասարակությունը այս հարցում ևս հակասական կարծիքներ ունի։ Ազատության հրապարակում հավաքվածները մատնացույց են անում ՀԱՊԿ-ում մնալու, հակառակ կողմը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ռիսկերը։ Հակոբ Բադալյանի կարծիքով, սակայն, առարկայական քննարկումները դեռևս բացակայում են․
«Մենք պետք է դիտարկենք ոչ միայն այն, թե ինչ ռիսկեր կարող են առաջանալ կամ ավելի պարզ ասած՝ մեզ ինչպես կպատժեն, եթե դնենք ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց, այլ մենք պետք է դիտարկենք հետևյալը՝ եթե դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, ինչ նոր հնարավորություն ենք ստանում և ինչ հնարավորություն ենք կորցնում։ ՀԱՊԿ-ում միևնույն է այն խնդիրները, որոնք առնչվում են նաև Հայաստանի անվտանգային միջավայրին, շարունակելու են լինել ու ՀԱՊԿ-ը շարունակելու է գործել այդ տրամաբանությամբ։ Հիմա մենք լքելով այն սենյակը, որտեղ այդ ամենը կատարվում է, կորցնում ենք այդ սենյակում տեղի ունեցողի վրա թեկուզ փոքր ազդեցության հնարավորություն, իսկ ավելի մեծ ազդեցության հնարավորություն ձեռք բերու՞մ ենք դրանից դուրս, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը, մեղմ ասած, մշուշոտ է»։
Քննարկման գրեթե բոլոր կողմերում գտնվողներին միավորում է ընդհանուր հարցը՝ ի՞նչ ճանապարհով Հայաստանը կարող է առավել արդյունավետ ու հստակ կերպով լուծել անվտանգային խնդիրները, ինչպիսի՞ համագործակցությունների արդյունքում է հնարավոր նվազագույն կորուստներով առավելագույն ձեռքբերումներ ունենալ։




