ԿարևորՀասարակություն

Աղմկահարույց դատավորի հակակոռուպցիոն հեռանկարը. ԲԴԽ անսպասելի որոշումը

Բարձրագույն դատական խորհրդի վերջին որոշումը հանրության կողմից միանշանակ չի ընդունվել: Տարակուսանք և դժգոհություն հայտնելու առումով հատկապես ակտիվ է ֆեյսբուքի իրավապաշտպանների տիրույթը:

ԲԴԽ-ն հայտնել է, որ Կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորների կազմում ընդգրկվելու համար ընտրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:  Այս մեկ նախադասությունը բազում հարցականներ է առաջացրել։ Շատերը հստակ հայտարարում են, որ արդարադատության հիվանդ համակագը այդպես էլ չի անցնում առողջացման փուլ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանից 2018-ից առաջ դժգոհում էին այն ժամանակվա ընդդիմադիրները: Դատավոր Մնացական Մարտիրոսյանից 2018-ից հետո դժգոհում են արդեն նոր ընդդիմադիրները:

ԲԴԽ-ն նախօրեին որոշեց. Կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվել հենց Մնացական Մարտիրոսյանին: 9 անդամից բաղկացած ԲԴԽ-ում 6 կողմ էին, 3-ը դեմ: Քվեարկության անվանական պատկերը հայտնի չէ: 

Փորձենք փաստերով հասկանալ, թե ինչու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը հակասական ընկալվում իրավապաշտպանների կողմից։ Պարզվում է, որ նրա անունը շրջանառվել է ամենաաղմկահարույց դատական գործերով:

  • 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո նրան մակագրվեց «Յոթի գործը»: Մարտիրոսյանն ընդդիմադիր գործիչներին տարբեր ժամկետներով ազատազրկման դատապարտեց: Նիկոլ Փաշինյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Տարիներ անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բեկանեց «7-ի գործը»՝ արձանագրելով, որ խախտվել էին ընդդիմադիրների մի շարք հիմնարար իրավունքներ: 2018-ից հետո այս քրեական գործը կարճվեց, իսկ այդ գործով բոլոր մեղադրյալները արդարացվեցին: 
  • Մնացական Մարտիրոսյանն է քննել «Առագաստ» սրճարանի՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի՝ Կուկուի գործը: Նա մեղադրվում էր Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելու մեջ: Դատավարության ողջ ընթացքում Աղամալ Հարությունյանը ոչ միայն չնստեց ամբաստանյալի աթոռին, այլև դատապարտվեց պայմանական ազատազրկման ու ազատ արձակվեց: Այժմ գործը վերաբացվել է նոր հանգամանգների ի հայտ գալու հիմնավորմամբ:
  • Հեղափոխության կոչերի համար Մնացական Մարտիրոսյանը 2006-ին երկարատև ազատազրկման դատապարտեց Ժիրայր Սեֆիլյանին և Վարդան Մալխասյանին:
  • Դատավոր Մարտիրոսյանը զբաղվել է նաև Յուրի Վարդանյանի գործով: Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ունեզրկված այդ քաղաքցու գործը մեծ հնչեղություն ստացավ տարիներ անց: Բուզանդի 13 հասցեում ունեցվածքի դիմաց ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտդրեց քաղաքացուն վճարել աննախադեպ գումար՝ 1 միլիոն 608 հազար եվրո:
  • Մնացական Մարտիրոսյանը եղել է նաև գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատավորը, սակայն չհասցրեց դատավճիռ կայացնել. Մանվել Գրիգորյանը մահացավ:
  • Մնացական Մարտիրոսյանը մի շարք աղմկահարույց քրեական գործերով բավարարել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունները: Այսինքն՝ դատական պրակտիկայում մի քայլ, որն ընդունելի չէ ժողովրդավարական երկրների ու կառույցների համար: Նրա որոշմամբ ճաղերի հետևում են հայտնվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, անորակ զենքի մատակարարման գործով անցնող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավո» մականունով,  և անգամ, նախկին գլխավոր դատախազ  Աղվան Հովսեփյանը:

Նախկին փաստաբան, այժմ պատգամավոր Արամ Վարդևանյանի համար դատավոր Մնացական Մարտիրոսյանի անունը դարձել է խորհրդանշական՝ Հայաստանում արդարադատության վիճակը նկարագրելու համար:

«Մենք խոսում ենք, որ տոտալ մնացականմարտիրոսյանի մակարդակի արդարադատություն ենք տեսնում վերջին շրջանում: Ես գիտեի, որ Մնացական Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանին դատապարտողն էր ու առնվազն շատ լսել եմ, որ ասում էին՝ Նիկոլ Փաշինյանին ոչ արդարացիորեն է չէ՞ դատապարտել:

Հիմա առնվազն Մնացական Մարտիրոսյանի դատական ակտերի նկատմամբ ոչ վստահությամբ վերաբերվելը , կարծում եմ, առավել քան նորմալ է: Բայց ի՞նչն է ոչ նորմալ, որ հիմա իր կողմից կայացված դատական ակտերն են գերակայողը»:

ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի Հանրապետության հայցերի թվի ավելացմամբ երկրի ներսում մշտապես շրջանառվել է նաև պատասխանատու արդարադատության պահանջը: Այսինքն՝ սխալ վճիռներ կայացնելու համար դատավորների պատասխանատվության մասին խոսվել է միշտ: Ժամանակին այդ ակնարկն արել է նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Անհատականացնելը, միգուցե, խնդրի լուծում այդքան չի տա: Իհարկե, նաև դրա մասին էլ պետք է մտածել, միգուցե: Ապագայում»:

Մոտ մեկ տարի առաջ, երբ Կարեն Անդրեասյանը նշանակվեց Արդարադատության նախարար, այդ կարգավիճակում հենց կառավարության շենքում առաջին անգամ շփվելով լրագրողների հետ, հրապարակային խոստացավ, որ ոլորտը առողջացնելու հարցում հաշվի է նստելու հանրային պահանջների հետ:

«Ուզում եմ հատուկ կարևորել, որ ես նախատեսում եմ բոլոր իմ որոշումները, հատկապես ինստիտուցիոնալ որոշումների և բարեփոխումների, անցկացնել մեր ՀԿ գործընկերների հետ ինտենսիվ քննարկումների և կոնսենսուսի միջոցով: Այսինքն՝ հուսով եմ շուտով կլինի պատասխանը՝ ինչպես է լինելու զտումը: Բայց, որ կոռումպացված, կաշառակեր, անարդար դատավորները և համակարգի այլ մարդիկ պետք է զտվեն և դուրս մղվեն դատական համակարգից, դա ինձ համար միանշանակ է: Այսինքն՝ վեթթինգը արդեն իսկ սկսված է»:

Մեկ այլ առիթով էլ նախարար Անդրեասյանը դժգոհեց Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքից.

«Պետք է ասեմ, որ ԲԴԽ-ն միշտ չէ, որ իր բարձունքում է, և դրա համար ձգձգվում է նաև այդ վեթթինգը կամ այդ մաքրումը, զտումը, որի մասին մենք բոլորս երազել ենք»:

Իրավապաշտպաններին, դեռևս Ֆեյսբուքի տիրույթում, շատ է հետաքրքրում հարցը, թե ինչպես է ԲԴԽ գործող նախագահ Կարեն Անդրեասյանը քվեարկել Մնացական Մարտիրոսյանին թեկնածությանը՝  Կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկելու հարցում:

Իսկ քանի որ Մնացական Մարտիրոսյանը այսուհետ զբաղվելու է կոռուպցիոն հանցագործություններով, պակաս հետաքրքիր չէ նաև նրա հայտարարագիրը, որը նա ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Նախորդ տարվա վերջին նրա ունեցվածքը կազմել է 10 միլիոն դրամ, 17 հազար դոլար և 5 հազար եվրո: Հայտարարագրվել է նաև 1 բնակարան, մեկ ավտոկայանատեղի և մեկ ավտոմեքենա:

Կարդացեք նաև

Back to top button