ԿարևորՀասարակություն

Վանի ծնունդը Վահեի երազանքն էր․ ծնվել է 44-օրյայի հերոսի եղբայրը

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Կարապետյանի եղբայրը։ Ծնողներն ասում են՝ Վանի ծնունդով իրականացել է Վահեի ամենամեծ երազանքը։  Ուզում են, որ փոքրիկը  եղբոր չանցած ուղին շարունակի։  Պետպատվերի շրջանակում արտամարմնային բեղմնավորման հնարավորությունից արդեն մի քանի տասնյակ ընտանիքներ են օգտվել։ Միայն  «Էրեբունի» բժշկական կենտրոնում 22 զինվորի մայր նորից է մայրացել։

Վահեն հասուն տարիքում էլ երազում էր փոքր եղբոր մասին։ Երազանքը կատարվեց, բայց՝ հետմահու։ Վանը ոչ թե փոխարինելու է Վահեին, այլ նրա շարունակությունն է լինելու՝ ասում է արցախյան 2-րդ պատերազմում զոհված Վահե Կարապետյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը։

«Ուղղակի ասում էր՝բանակից գամ, տեսնեմ  նորությունը անկողնում պառկած լինի։ Բանակից եկավ, նորից նույն բառերն էր կրկնում, խնդրում էր իր համար երեխա ունենայինք։ Բայց դե լուրջ չնայեցինք այդ հարցին, մինչև այդ դեպքը, ու այսօր ինքը երկնքից տեսնում է, որ ծնողներն իր ամենակարևոր նպատակն իրականացրել են»։

Ռիսկային և շատ պատասխանատու էր Անահիտի՝ նորից մայրանալու ցանկությունը՝ պատմում է Էրեբունի ծննդատան փոխտնօրեն Դավիթ Աբովյանը, որը նաև հղիության ամբողջ ընթացքն է հսկել։

«49 տարեկան, դիաբետով արդեն բարձր ռիսկի հղիություն է համարվում։ Հաշվի առնելով հոգեկան վիճակը՝ մենք առավելագույնս աշխատել ենք, որ նա հաճույք ստանալ ամեն այցից՝ տեսնելով նոր կյանքը։ Փորձել ենք ամեն դեպքում։ Հղիության արդեն վերջին շրջանում մենք իրեն պառկեցրեցինք կլինիկա, քանի որ ճնշումն էլ սկսեց բարձրանալ, ռիսկն էլ բարձրանալ և մի փոքր ավելի շուտ արեցինք կեսարյան հատում։ Բալիկն էլ, ինքն էլ հիմա լավ են»։

46 սմ, 2.470 կգ։ Մոր գրկում խաղաղ քնած փոքրիկը տարիներ հետո կհասկանա, որ իր ծնունդով վերաիմաստավորեց ծնողների կյանքը։ Դիմագծերով՝ գուցե նման է, կարևորը եղբոր անցած ճանապարհը շարունակի՝ ասում է Անահիտը՝ աչքը չկտրելով որդուց։

«Դեռ չեմ կարողանում ընկալել, որովհետև ինձ համար մի ուրիշ աշխարհ է, ես ավելի շատ ապրում եմ իրենով։ Կցանկանամ, որ ամբողջովին իր եղբոր ճանապարհն անցնի, կիսատ մնացած երազանքները  Վանս կարողանա իրականացնել»։

Վահե Կարապետյանը մասնագիտությամբ դեղագործ էր, ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո աշխատում էր NEWS.am-ում որպես օպերատոր, մոնտաժող։ Վահե Կարապետյանը Երեւանից էր, իրենից փոքր քույր ուներ:  Պատերազմի մասին լսելուց անմիջապես հետո կամավորագրվեց ԶՈՒ։  Համավարակն ու մոր վարակված լինելն էլ չխանգարեցին մտադրությանը։ Անահիտն այսօրվա պես հիշում է սահման մեկնող որդու խոսքերը։

«Իր ասած բառերն էին՝ ես փալաս չեմ։ Չեմ կարող փողոցում քայլել, ինձնից փոքր տղաները առաջնագծում՝ զենքը ձեռքին կռվում են»։

Շուշիի պաշտպանության մարտերում զոհված պահեստազորային 21-ամյա Վահե Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության» մեդալով։ Մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին, նոյեմբերի 6-ին ծանր վիրավորվել է, վիրահատվել ու տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ։ Կյանքը Վահեից հետո նոր իմաստ ստացավ ուղիղ երկու տարի անց՝ Վանի ծնունդով։

«Այսօր արդեն երջանիկ գրկում եմ իմ բալիկին, հպարտ եմ, որ ինքը Վահեի եղբայրն է և կարծում եմ՝ ինքն էլ նույն հպարտությամբ մեծանա, որ ինքը Վահեի եղբայրն է։ Ես իր մեջ չեմ ուզում տեսնել Վահե, ես իր մեջ ուզում եմ տեսնել Վան, որը շարունակելու է Վահեի գործը»։

Անահիտ Մկրտչյանի գրկում  միախառնվում են կարոտն ու երջանկությունը։  Ցանկությունը մեկն է՝ ավագ որդուն արժանի եղբայր մեծանա։

Կարդացեք նաև

Back to top button