Հասարակություն

Եռաբլուրում նշվեց ԱՍԱԼԱ- ի տարեդարձը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր «Եռաբլուր» պանթեոնում նշվեց ASALA-ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծման 39-րդ տարեդարձը: 1975 թվականի հունվարի 20-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը Բեյրութում Համաշխարհային եկեղեցիների խորհրդի գրասենյակի դեմ կատարեց իր առաջին գործողությունը։ Այդ գործողության արդյունքում ոչ ոք չտուժեց:

Ընդհանուր առմամբ՝ մինչև 1997 թվականը ASALA-ի կողմից աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվել է ավելի քան 200 հարձակում, որոնց ընթացքում սպանվել են 42 թուրք դիվանագետներ։ Այս գործողությունների նպատակն էր ստիպել Թուրքիայի կառավարությունը հրապարակավ ճանաչել 1,5 մլն հայերի սպանության պատասխանատվությունը, փոխհատուցել և զիջել պատմական Հայաստանի տարածքները:

ԱՍԱԼԱ-յի գործունեության ընթացքում զոհվել է կազմակերպության ավելի քան 30 մարտիկ, ևս մի քանի տասնյակ անդամներ կալանավորվել էին և դատապարտվել: Վերջիններիս թվում էր Հակոբ Ջուլֆայանը, ով 1981թ. մասնակցել է Փարիզի թուրքական հյուպատոսարանի գրավմանը և  երեք զինակիցների հետ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Այդ հարձակումը հայտնի է «Վան» գործողություն անունով: Այսօր Հակոբը եկել էր Եռաբլուր՝ ԱՍԱԼԱ-յի հուշակոթողի մոտ՝ հիշելու իր զինակիցներին:

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի անդամների հետ սերտորեն կապված էր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը, ում հանդիսապետությամբ հուշակոթողի մոտ մատուցվեց հոգեհանգիստ: Հուշակոթողին կից ԱՍԱԼԱ-յի զոհված անդամների խորհրդանշական  գերեզմանների մոտ ելույթ ունենալով՝ սրբազանը կարևորեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ներդրումը Հայ դատի պաշտպանության և Մեծ եղեռնի միջազգային ճանաչման գործում:

Ոսկան արքեպիսկոպոսը հայտնեց, որ հունվարի 26-ին Վանաձորում կբացվի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկների հուշակոթողը։

Կարդացեք նաև

Back to top button