
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է կրթության ոլորտում «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա կպարգևատրվեն ծրագրերի հեղինակները: Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց առաջավոր փորձը, ինչպես նաև նպաստել հասարակության մեջ նրանց հեղինակության բարձրացմանը:
23 տարվա մանկավարժական փորձ ունեցող աստղագետ, ֆիզիկոս Լալա Խուրշուդյանի համար Երևանին բավականին մոտ արձանագրված 2021-ի փետրվարյան երկրաշարժը նոր գաղափարի իրագործման առիթ դարձավ։ Թալինի ավագ դպրոցի ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաների ուսուցչուհու տարիների փորձն ու ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ թե աշակերտները և թե բնակչությունն, ընդհանրապես, հիմնականում չգիտեն՝ ինչպես երկրաշարժի ժամանակ խուսափել վտանգներից ու թե որոնք են տարերային այդ աղետի դեպքում անհրաժեշտ վարքականոնները։

Գաղափարը, որի մասին երկար էր մտորել, 2021-ին կյանքի կոչեց՝ մասնակցելով «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան» մրցույթին։ Այդպես ծնվեց «Be safe»-ը։ Հավելված, որի նպատակն է նախակրթարանից մինչև բուհ ուսուցանել երկրաշարժից պաշտպանվելու կանոնները։
«Բջջային հավելված է համեմված VR տեխնոլոգիայով, հնարավորություն է տալիս նախապես զգալ՝ ինչ է երկրաշարժը՝ որոշակի տատանողական համակարգերի միջոցով, որից հետո նոր ուսուցանվել։ Մենք այնտեղ ներառել ենք նաև նախակրթարանի համար փազլներ՝ իրենց տարիքին համապատասխան։ Շուտով բացելու ենք VR տեխնոլոգիաների լաբորատորիա, որը ծառայելու է բոլոր առարկայական դասընթացների համար։ Մենք կկարողանանք մեր փորձը տրամադրել նաև Հանրապետության մյուս դպրոցներին»։
Ունեցած գիտելիքների անմնացորդ փոխանցումը սերունդներին գնահատեց նաև ԿԳՄՍ նախարարությունը։ «Տարվա լավագույններ» մրցույթում նորարար ուսուցիչներ անվանակարգում Լալա Խուրշուդյանը հաղթող ճանաչվեց։
Մրցույթում հաղթող է ճանաչվել 22 ծրագիր, որոնցում ընդգրկված է 33 մանկավարժ։ Մրցույթի ներկայացված առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի սահմանած նվազագույն շեմը հաղթահարել է 11 անհատական, 11 խմբային ծրագրային առաջարկ։ Մրցույթի հաղթողներից է նաև Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցի ՆԶՊ և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ Սամվել Սարգսյանը։ Նա էլ Լավագույն ուսուցչական ծրագիր անվանագարգում է հաղթողել։

«Ծրագիրն իր մեջ ներառում էր մի քանի առարկաների մասնակցությամբ մեկ դասի կազմակերպում, որտեղ առաջատար առարկան պետք է լիներ ՆԶՊ–ն, այսինքն ինտեգրված դասերի կազմակերպումը և դրանց հարամայականը ՆԶՊ առարկայի դասերի կազմակերպման գործում։ Աշխարհագրությունը կարող է ինտեգրվել ռազմական տեղագրության գործում, երկրաչափությունը, ֆիզիկան՝ կրակային պատրաստության գործում։ Գրականություն, հայոց պատմությունը՝ հայ ռազմարվեստի պատմության գործում։ Դպրոցում չկա այնպիսի առարկա, որ չի կարող ինտեգրվել մյուս առարկայի հետ, մնում է ուսուցիչները ցուցաբերեն ստեղծագործական գմոտեցում»։
Սա ի դեպ՝ Սամվել Սարգսյանի առաջին հաղթանակը չէ։ Բարձր արդյունքներ է ունեցել նաև կամավոր ատեստացիայի ժամանակ։
«Կան հակասական տարբեր կարծիքներ, թե դրանք նվաստացնում են ուսուցչին , կամ ուսուցչի գիտելիքները, կարողություններն ու հմտությւոնները կասկածի տակ են դրվում, բայց կարծում եմ առաջին հերթին այս նախաձեռնությունը պետք է դիտարկել որպես աշխատավարձի բարելավման հնարավորություն։ Եվ ուսուցիչները մասնակցեն, կարողանան իրենց հնարավորությունները թղթին հանձնեն և արժանավայելին մոտ գումար վաստակեն իրենց աշխատանքի համար։ 87 տոկոս եմ հավաքել, այսինքն աշխատավարձս մեկ դրույթի համար կվարձատրվի 200 հազար դրամ, գումարած 40 տոկոս հավելավճար»։

Հանրակրթության պետական չափորոշիչով 2023 թվականից դպրոցներում ներդրվելու է նախագծային ուսուցում, և յուրաքանչյուր ուսուցիչ գոնե մեկ նախագիծ պետք է իրականացնի։ Բայց քանի որ ուսուցիչներից շատերն այդքան հմտություն չունեն, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Թամարա Սիմոնյանի թիմը որոշեց նպաստել ուսուցչի մասնագիտական որակների բարելավմանը՝ սեփական փորձը օրինակ դարձնելով.
«Ծրագրում ներառված ենք 3 տարբեր դպրոցների ուսուցիչներ, ովքեր արդեն իսկ ունեն իրականացրած նախագծեր։ Նախագծերը հաջողություններ են ունեցել, և մենք պատրաստ ենք մեր փորձը կիսել տարբեր ուսուցիչների հետ՝ նախատեսելով առկա և հեռավար դասապատրաստումներ, ինչպես նաև դրանից հետո կստեղծվի մի միասնական հարթակ, որտեղ կտեղադրվեն մեր կողմից վերապատրաստված ուսուցիչներրի նախագծային աշխատանքները»։
«Տարվա լավագույններ 2022» մրցույթին ընդհանուր առմամբ ներկայացվել է 185 հայտ, բոլորը համապատասխանել են մրցույթի կարգով սահմանված բոլոր պահանջներին։




