
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ժողովրդագրական և առողջապահական հետազոտությունների արդյունքներով Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների նվազման տենդենց է նկատվում, սակայն դրա հետ միառժամանակ աճում է հակաբեղմնավորիչների օգտագործումը: 2010 թվականից Հայաստանում տարեկան արվում է 29 հազար գրանցված աբորտ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ թվերը հրապարակել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գագիկ Հայրապետյանը:
Աշխարհում ծննդաբերության քանակի, երեխաների սեռի նկատմամբ վերաբերմունքը տարբեր է` կապված տվյալ ազգի թվաքանակի և դավանանքի հետ: Չինաստանում, օրինակ, պետականորեն երեխաների թվի սահմանափակում կա, իսկ տարբեր կրոնների դավանող ազգերի մոտ աղջիկ թե տղա երեխայի հարցում այս կամ այն սեռի առաջնահերթությունը տրվում է` շահավետությունից ելնելով: Օրինակ` Հնդկաստանում աղջիկը տնտեսական մեծ բեռ է համարվում օժիտի առումով, իսկ Վիետնամում միայն տղաներն իրավունք ունեն հուղարկավորել ծնողներին:
Այստեղից էլ առաջանում է անցանկալի սեռի երեխայի հղիության ընդհատումը: Հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը Հայաստանում առկա է արդեն 20 տարի, փաստում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գագիկ Հայրապետյանը: Հայերիս մոտ հիմնականում ընդունված է «առաջինը ինչ լինում է թող լինի, միայն թե երկրորդը հակառակը լինի» սկզբունքը: Սակայն մեծամասամբ առաջնահերթությունը տրվում է տղային, նշում է Հայրապետյանը:
2011 թվականին ՄԱԿ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում քաղաքներում տղա ունենալու ցանկությունը մեծ է 4 անգամ, գյուղերում՝ 10 անգամ։ Այսօր Հայաստանում մինչև 20 տարեկան 40 հազար ավելի տղա երեխա է ծնվել։ Աղջիկ երեխաների չծնվելու հիմնական պատճառը հղիության արտեստական ընդհատումն էր եւ սա կարող է լուրջ ժողովրդագրական հետեւանք ունենալ։ Ըստ ՄԱԿ- ի տվյալների՝ մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվի 93 հազար աղջիկ, անհանգստանում է Հայրապետյանը: Օրինակ` Չինաստանում կատարած հետազոտությունների հիման վրա պարզվել է, որ աղջիկ- տղա ծնվելու հարաբերությամբ յուրաքանչյուր տոկոսային աճը բերում է նաեւ հանցավորության աճի:
Խնդիրը կապված է կնոջ դերի հետ, կարծում է Հայրապետյանը և ավելացնում, որ հասարակության շրջանում քիչ է հավատը կնոջ հաջողակ լինելու և հետագայում ծնողների խնամակալությունը ստանձնելու հետ կապված: Հայաստանում սեռերի նկատմամբ ոչ մի ավանդույթ չի կիրառվում և հետազոտություններն էլ ցույց են տվել, որ աղջիկ երեխաների նկատմամբ խտրականությունը կիրառվում է մինչև ծնվելը:
Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցչի՝ Հայաստանում խնդիրը ՙտղայից տղա է ծնվում՚ քմահաճության մեջ է։ Նա, միաժամանակ, դեմ է, որ սեռով պայմանավորված աբորտները քրեականացվեն։ Դա պետք է կիրառվի այնպիսի երկրներում, որտեղ արդարադատության համակարգը վստահելի է: Մեր նման երկրներում, ըստ նրա, քրեականացումը կարող է բերել կոռուպցիոն ռիսկերի աճի:




