
Երևանի Աջափնյակ թաղամասի Արզումանյան 10 և 17 հասցեների բազմաբնակարան վթարային շենքերը կքանդվեն և դրանց փոխարեն նոր բնակելի շենք կկառուցվի։ Գործադիրը քաղաքային իշխանության հետ նոր մեխանիզմ է մշակել․ կառուցապատողներին առաջարկում են քաղաքապետարանի հետ համագործակցությամբ վթարային շենքն ապամոնտաժել, լուծել բնակիչների բնակհատկացման հարցը և արդյունքնում վթարային շենքի տեղում նոր բազմահարկ բնակելի շենք կառուցել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասում է, որ նախագիծն առաջին անգամ կգործարկվի Աջափանյակ թաղամասում։
«Երևանը և ենթադրյալ կառուցապատող ընկերությունը կամ ընկերությունները պետք է պայմանագիր կնքեն, թե ինչպես են լուծելու քանդելու, կառուցելու, տեղի բնակիչների բնակարաններով ապահովման հարցերը։ Հիմա գործադիրը պարզապես պետք է քաղաքապետարանին այդ լիազորությունը տա գործընթացը սկսելու համար»,– ասում է Գնել Սանոսյանը։
Երևանում այս պահին 4-րդ կարգի վթարային 13 և 3-րդ կարգի վթարային ավելի քան 100 բազմաբնակարան շենք կա։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է՝ վթարային շենքերն առավելապես հենց Աջափնյակ վարչական շրջանում են։
«Ծրագիրը շատ կոնկրետ է․ կա շենք, այնտեղ կան մարդիկ, այդ շենքի փոխարեն կառուցվում է մեկ այլ շենք ավելի բարձր հարկայնությամբ։ Կառուցապատողն էլ նաև քաղաքապետարանի օգնությամբ ու աջակցությամբ բնակիչների հետ համաձայնություն է ձեռք բերում, օրինակ՝ բնակիչներին նոր կառուցվող շենքում բնակարան հատկացնելու, բնակվարձի փոխհատուցում տալու, կամ բնակարանի արժեքի չափով դրամական փոխհատուցում տալու»։
Այս նախագիծը իր տեսակի մեջ առաջինն է․ Ավինյանը շեշտում է՝ չորրորդ կարգի վթարային շենքերի դեպքում խնդիրը այս կերպ, ավելի արագ ու կոնկրետ կլուծվի, իսկ երրորդ կարգի վթարային բազմաբնակարանների համար Քաղաքաշինության կոմիտեի հետ ավելի համակարգային, համընդհանուր լուծման մեխանիզմեր կմշակեն։ Կառավարության ղեկավարի հորդորը հստակ է՝ վթարային շենքերի հարցը օր առաջ պետք է լուծվի։
«Խնդիրն իրականում շատ մեծ է․ չորրորդ կարգի վթարային շենքներում մարդիկ են ապրում, մենք հասկանում ենք, որ սա ամենօրյա սպառնալիք է բոլորիս համար։ Ես մի դեպքի եմ ականատես եղել, երբ վթարային շենքի բնակիչներին տրվել էր նոր բնակարան, բայց իրենք էլի վերադարձել ու ապրում էին իրենց վթարային շենքում։ Արդյունքում փակուղի էր ստեղծվել։ Պետք է արագ գործել, որոշումը կայացվեց, մարդկանց կեցավայր տրվեց, ժամերի ընթացքում այդ շենքը այլևս պետք է չլինի»,– ասում է Նիկոլ Փաշինյանը։
Այս փուլում գործընթացը կմեկնարկի մայրաքաղաքում, սակայն խնդիրն ավելի բազմաշերտ ու ոչ պակաս օրհասական է նաև մարզերում։ Կառավարության տվյալներով՝ Հայաստանի շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքերի ավելի քան 3 տոկոսը անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում։ Այս թիվն էլ աճման միտում ունի՝ նախօրեին Ազգային ժողովում ասել էր քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
«Անբավարար տեխնիկական վիճակում են գտնվում հիմնականում Երեւանի (120), Լոռու (149) և Շիրակի (123) մարզերի շենքերը։ Բացի այդ, Հայաստանում առկա է քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի 1200-ից ավելի անհատական բնակելի տուն։ Հարցն այն է, որ հետխորհրդային տարիներին բնակֆոնդի անվտանգ շահագործման ուղղությամբ համակարգված լայնածավալ աշխատանքներ չեն իրականացվել։ Բազմաբնակարան շենքերի սեփականատերերը ևս պարտադիր նորմերը չեն պահպանել անհրաժեշտ ծավալով և որակով»
Ղուլարյանի խոսքով՝ այժմ կառավարության քաղաքականությունն այս ոլորտում իրականացվում է երեք հիմնական ուղղությամբ։ Առաջինը բնակարանային ֆոնդի խնդիրների լուծումն է, երկրորդը շենքերի անվտանգ շահագործման պահպանման հարցերը, երրորդը՝ բազմաբնակարան շենքերի կառավարման բարելավման խնդիրը։ Հենց այս նպատակով օրենսդիրն արդեն երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունել է «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը։
Հանրապետության բնակփոնդի անվտանգության հարցը կարևոր է նաև սեյսմիկ անվտանգության տեսանկյունից՝ շեշտում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուկչյանը,։ Ըստ նրա՝ քիչ չեն շենքերը, որոնք վթարային չեն, սակայն սեյսմիկ անվտանգության տեսանկյունից խոցելի են։
«Խորհրդային Միության տարիներին Երևանում սեյսմիկ ռիսկը գնահատվել է 6-7 բալ, սակայն այսօր արդեն ստանդարտները փոխվել են և առնվազն պետք է 9 բալ դիմացկունություն ունենան բնակելի շենքերը։ Եվ ես կարծում եմ, որ բնակիչները իրենք պետք է նախաձեռնող լինեն նման շենքերը քանդելու համար։ Այն շենքերը, որոնք այսօր վթարային չեն, բայց հաշվարկված են 6-7 բալի համար, վաղը կարող են դառնալ վթարային»,– ասում է ԱԻՆ նախարարը։
Գործադիրում վստահեցնում են, որ չորրորդից հետո անցում կկատարվի նաև 3-րդ կարգի վթարայիններին։ Ուշադրության կենտրոնում են նաև վթարային դպրոցներն ու մանկապարտեզները։ Հաջորդիվ մշակվող նախագծերը թաղամասային կլինեն, որ բնակֆոնդի խնդիրները լուծելուց հետո բնակիչները նաև տրանսպրտային և այլ ենթակառուցվածքների խնդիրներ չունենան։








