
«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի այս տարվա Հայաստանի ներկայացուցչի՝ 14-ամյա Նարեի “Dance!” երգի տեսահոլովակը Մանկական Եվրատեսիլի Յութուբի էջում այս պահին ամենադիտվածն է։ Երեք օր առաջ կայացած երգի պրեմիերայից մինչ օրս տեսահոլովակն ունեցել է ավելի քան 407 հազար դիտում։
Երգի երաժշտությունը հեղինակել են Գրիգոր Կյոկչյանն ու Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը։
Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին կմասնակցի 16 երկիր ։ Այդ երկրներն են․ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա։ Մրցույթի ընթացքում կհնչեն 9-14 տարեկան երիտասարդ արտիստների նոր երգեր։
«Մանկական Եվրատեսիլի» այս տարվա խորհրդանիշը հոլն է։
Նախորդ տարի Փարիզում հաղթել էր Մալենան իր «Քամի, քամի» երգով։




