
Ինդոնեզիայում՝ Բալի կղզում այսօր մեկնարկել է Մեծ քսանյակի (G20) ամենամյա երկօրյա գագաթնաժողովը։ Օրակարգի գլխավոր թեմաներն են համաշխարհային առողջապահության, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների, պարենի և կլիմայի հիմնախնդիրները, աշխարհքաղաքական զարգացումները։Ենթադրվում էր, որ վերջին խորագրի ներքո երկօրյա գագաթնաժողովում համաշխարհային առաջնորդների առանցքային ուշադրության կենտրոնում է լինելու ռուս-ուկրաինական ճգնաժամը։ Այստեղ, կարելի է ասել, գլխավոր ինտրիգն այն է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն գագաթնաժողովին մասնակցում է այդ երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ինդոնեզիայում անվտանգության խստագույն միջոցառումներ են ձեռնարկվել. Բալի կղզում «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովում համաշխարհային լիդերների անվտանգությունն ապահովում է ավելի քան 18 հազար զինծառայող ու ոստիկան:
Գագաթնաժողովին չի մասնակցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանը ներկայացել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դեմքով։
G20-ին չի մասնակցում նաև Արգենտինայի նախագահը։ Այս դեպքում պատճառն առողջական է։ Նրա բժիշկն ասել է, որ բարձրացել է նախագահի ճնշումը։ Գագաթնաժողովի առաջին օրը Ֆերնանդեսի փոխարեն Արգենտինան ներկայացրել է արտգործնախարար Սանտյագո Կաֆյերոն։
Պատահակա՞ն է, թե՞ խորհրդանշական Արգենտինայի նախագահի ճնշման բարձրանալը՝ դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ G20-ի երկօրյա գագաթաժողովի մթնոլորտը զերծ չի լինելու «բարձր ճնշումայնությունից»։
«Վերականգնվենք միասին, վերականգնվենք ավելի հզոր»՝ սա է Մեծ քսանյակի այս տարվա կարգախոսը։ Թեև Մեծ քսանյակի այս գագաթնաժողովի օրակարգում համաշխարհային առողջապահության, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների թեմաներն էին առաջնայինը, ենթադրվում էր, որ կքննարկվեն նաև աշխարհքաղաքական զարգացումները, պարենի և կլիմայի հիմնախնդիրները: Սակայն ակնհայտ է, որ բոլոր թեմաների առանցքում ռուս–ուկրաինական պատերազմն է։
Նկատենք, որ նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով Ռուսաստանից պահանջում է փոխհատուցում վճարել Ուկրաինա ներխուժման համար։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 193 անդամներից 94-ը պաշտպանել են բանաձևը, որում, մասնավորապես, նշվում է։
«Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի Ուկրաինայում և Ուկրաինայի հանդեպ միջազգային իրավունքի խախտման համար, և պետք է փորձի իր միջազգայնորեն բոլոր ապօրինի գործողությունների իրավական հետևանքները, ներառյալ ցանկացած վնասի փոխհատուցում, որ նա հասցրել է այդ գործողություններով»:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին տեսաուղերձով դիմել է G20-ի առաջնորդներին՝ նշելով, որ եկել է ժամանակը, երբ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ կարելի է կանգնեցնել։
«Մենք թույլ չենք տա Ռուսաստանին սպասել և հավաքել ուժերը… Ես համոզված եմ, որ հիմա եկել է ժամանակը, երբ Ռուսաստանի պատերազմը պետք է և կարող է կանգնեցվել։ ՌԴ-ն պատերազմն ավարտելու համար պետք է դուրս բերի իր օկուպացիոն զորքերը, փոխհատուցում վճարի ուկրաինական պետությանը հասցրած վնասների համար և հաստատի այդ երկրի տարածքային ամբողջականությունը»։
Զելենսկին նաև կոչ է արել միջազգային համաժողով հրավիրել՝ անվտանգության հետպատերազմյան ճարտարապետության կարևոր տարրի ամրապնդմա և Ռուսաստանի կողմից ագրեսիայի կրկնությունը կանխելու համար։
G20-ի հանդիպումն ընթանում է դռնփակ։ Գագաթնաժողովի շրջանակներում մի շարք կարևոր երկկողմ հանդիպումներ արդեն տեղի են ունեցել։ Որոշ արդյունքներ էլ արդեն հայտնի են։ Մասնավորապես, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահին ասել է, որ աշխարհն ակնկալում է Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավում։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Թայվանի և Կորեական թերակղզու իրավիճակը, անդրադարձել են նաև Ուկրաինային։
Չինաստանը հույս ունի, որ ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ը համակողմանի երկխոսություն կվարեն Մոսկվայի հետ՝ Չինաստանի նախագահն է հայտարարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք աջակցում ենք և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման հույս ունենք, միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը համակողմանի երկխոսություն կանցկացնեն Ռուսաստանի հետ»։
Դա Սի Ծինփինի ու Բայդենի առաջին դեմառդեմ հանդիպումն էր՝ Բայդենի նախագահ դառնալուց հետո։ Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցությունները 3 ժամ 12 րոպե են տևել։ Ջո Բայդենը նշել է, որ իրենց հանդիպումը «հաշտարար բնույթ է կրել»։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին էլ G20-ի երկրներին կոչ է արել նպաստել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ լուծում գտնելու որոնումներին։ Մոդիի խոսքերը գագաթնաժողովի նստաշրջանից մեջբերվել է Հնդկաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությամբ.
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք պետք է գտնենք հրադադարի և դիվանագիտության ուղուն վերադառնալու միջոցն Ուկրաինայի հարցում։ Կորոնավիրուսից հետո նոր աշխարհակարգի ստեղծման բեռն ընկած է մեր ուսերին։ Պահի հրամայականն է՝ ցուցադրել կոնկետ և հավաքական վճռականություն աշխարհում խաղաղության, ներդաշնակության և անվտանգության ապահովման համար։ Ես վստահ եմ, որ եկող տարի, երբ «Մեծ քսանյակը» գումարվի Բուդդայի և Գանդիի սրբազան հողում, մենք բոլորս կհամաձայնենք աշխարհին հասցնել խաղաղության վճռական առաքելությունը»։
Հնդկաստանի վարչապետը խնդրի մասին խոսել է «Պարենային և էներգետիկ անվտանգությունը» խորագրով նստաշրջանում։ Հենց պարենային խնդրով G20-ի շրջանակում կայացել է առաջին համաձայնություններից մեկը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն են համաձայնության եկել, որ պարենային անվտանգության համար ցորենի գործարքը վճռական նշանակություն ունի և այն պետք է շարունակվի։ Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում ասվում է։
«Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ցորենի գործարքի վերականգնմանն ուղղված ջանքերի համար, որը, ինչպես նշել են նրանք, չափազանց կարևոր է գլոբալ պարենային անվտանգության բարելավման համար և պետք է շարունակվի»։
Ինչպես և ենթադրվում էր՝ Ուկրաինայում պատերազմը Մեծ քսանյակի բոլոր քննարկումների առանցքում է։ Գագաթնաժողովը փակ ձևաչափով է անցկացվում, բայց նշվում է, որ նոյեմբերի 16-ին դրա ավարտից հետո, հայտարարություն կհրապարակվի, որում ակնկալվում է, որ երկրների մեծամասնությունը կդատապարտի ռուսական ներխուժումը Ուկրաինա:




