ԿարևորՀասարակություն

Ընդդիմադիրների մասնակի վերադարձը խորհրդարան

ԱԺ–ում մեկնարկել են լիագումար նիստերը, որոնց մասնակցել են նաև  ապրիլից խորհրդարանի աշխատանքը բոյկոտող «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։ Ընդդիմադիրներն ասել են, որ վերադառնում են սեփական օրկարգով․ նրանք նիստերի դահլիճում եղել են միայն գրանցման պահին և օրակարգի նախագծի քննարկմանը, որին դեմ են քվեարկել և լքել դահլիճը։ Իսկ օրակարգային առաջին հարցերն առնչվել են երկրի պաշտպանության խնդիրներին։  

Ընդդիմադիր պատգամավորները սրտնեղում են, երբ իրենց վերադարձը խորհրդարան ներկայացվում է որպես փողոցային պայքարի տապալում։ Ընդգծում են՝  վերադարձել են սեփական օրակարգով։ Թեև ընդդիմության օրակարգում առաջնայինը  անվտանգային խնդիրներն են, բայց «Հայաստան» և «Պատիվ ունեմ»  խմբակցությունները չմասնակցեցին պայմանագրային բանակի ստեղծմանն առնչվող հարցերի քննարկմանը։ «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը ընդգծում է իրենց  սկզբունքայնության դրական կողմը, «Քաղաքացիական պայմանագր»–ից Հայկ Սարգսյանը բացասականն է առանձնացնում։

Ագնեսա Խամոյան․ «Մեր օրակարգը չի փոխվել։ Այս պահին մենք նիստերի դահլիճո՞ւմ ենք, ոչ, դահլիճում չենք։ Կլինի՞ հարց, որը կառնչվի մեր օրակարգին՝ Արցախի և Հայաստանի անվտանգությանը, մենք կլինենք նիստերի դահլիճում, մենք կներկայացնենք մեզ քվե տված շուրջ 300 հազար քաղաքացիների ձայնը»։

Հայկ Սարգսյան․ «Ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները նիստերի դահլիճում չեն և մեզ հետ չեն քննարկում այս կարևոր հարցը, նաև հանձնաժողովի նիստին չէին մասնակցում, իսկ այսօր ԱԺ օրակարգին դեմ քվեարկեցին, որում ընդգրկված էր նաև այս հարցը»։

Հայաստանի պաշտպանության նախարարը խորհրդարան էր եկել 2 նախագծերով, որոնցից առաջինը պայմանագրային զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրում է նախատեսում, երկրորդը՝ «Ես եմ»–ի փոխարեն նոր՝ «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի մեկնարկ։ Երկուսն էլ պայմանագրային բանակ ստեղծելու կարևորագույն  բաղադրիչներն են։

Շարքայինից մինչև գեներալ–գնդապետ՝ ատեստավորումը պարտադիր է բոլոր պայմանագրային զինծառայողների համար։ Աշխատավարձը կախված է մի շարք գործոններից՝ ստաժ, ատեստավորման արդյունք, մարտական հերթապահություն։ Արդեն հաշվարկված է, որ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը կտատանվի 310 հազարից 380 հազար դրամի սահմաններում՝ գումարած սահմանվող արտոնությունները։

Երկրորդ նախագծով պայմանագրային կարող է դառնալ նաև ժամկետային զինծառայողը, բայց՝ զորակոչվելուց 6 ամիս անց, երբ կտիրապետի զինվորական անհրաժեշտ հմտություններին և գիտելիքներին։ Դրանից հետո նա ընտրության հնարավորություն կունենա՝ մնալ ժամկետային 2 տարի ծառայությամբ կամ  դառնալ պայմանագրային 5 տարի ժամկետով ՝ տուն այցելելու և ծառայության վերջում միանվագ 5 միլիոն դրամ ստանալու հնարավորությամբ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան

«Շատ կարևոր է, որ մենք սրան նայենք որպես Հայաստանի շուրջ խաղաղությունը ամրապնդելու գործիք։ ՀՀ–ն որևէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի, որևէ ագրեսիվ նկրտում չունի։ ՀՀ քաղաքացին իր երկրի սահմանները պաշտպանելու նպատակով զինվորագրվում է, և մեր բանակը գործում է որպես պրոֆեսիոնալ բանակ»։

Այս հարցերը նիստերի դահլիճում քննարկելու փոխարեն ընդդիմադիրները դահլիճից դուրս էին հիմնավորում, թե ինչն է իրենց կրկին հետ բերել խորհրդարան։ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ պայքարի նոր փուլ են սկսել, իսկ փողոցային պայքարում, ասում է, ունեցել են 3 արդյունք։

«Շատ կարևոր գործ արեցինք․ գեներացրինք մեր համակիրների և մեր ժողովրդի պայքարի ոգին, երկրորդը՝ միջազգային հանրությանը ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդն ի վիճակի է շարունակել պայքարը Հայաստանի ինքնության համար և երրորդը՝ եթե ժամանակավրեպ ինչ–որ փաստաթղթեր պետք է ստորագրվեին և այլն, մենք կանխարգելեցինք։ Հիմա փողոցային գործընթացներն ավարտվել են, և մեր համակիրները մեզ մանդատ են տվել, որպեսզի մենք շարունակենք մեր գործունեությունը ԱԺ–ում։ Դրա համար շարունակելու ենք աշխատել այն օրակարգով, որը մեզ անհրաժեշտ է։ Դրանք վերաբերում են անվտանգությանը, Արցախին, պաշտպանությանը, սոցիալական խնդիրներին, տնտեսության վիճակին, պետական կառավարմանը, մեր օրակարգի մեջ մնում է այս իշխանույթւոններին փոխելը»։  

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը համոզված է՝ փողոցային պայքարը և խորհրդարանական աշխատանքը իրար չեն բացառում։ Ի տարբերություն «Հայաստան» խմբակցության գործընկերների՝ ավելի հաճախ են գնացել ԱԺ, համոզված են, որ խնդրահարույց հարցերը ի վերջո հանգրվանելու են խորհրդարանում և ՍԴ–ում։ «Պատիվ ունեմ»–ում արդեն որոշել են՝ չեն մասնակցելու կառավարության հետ հարց ու պատասխանին, խորհրդարանում աշխատելու հիմնական նպատակն այլ է։

«Եթե խորհրդարանական ընդդիմությունը չիրականացնի այս կամ այն աշխատանքը, ապա, օրինակ, մեր որոշ միջազգային գործընկերների հետ հանդիպման ժամանակ մեր գործընկերները կլսեն «Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ որևէ խնդիր չունեն՝ բացի ԼՂ հարցից» կամ «մենք համարում ենք անհրաժեշտ ԼՂ տարածքից բոլոր զորքերի դուրս բերումը» ու նմանօրինակ հայտարարություններ կմնան անպատասխան»։

Ընդդիմադիրների՝ խորհրդարան վերադարձով լուծվեց նաև նոր պատգամավորների մանդատի հարցը։ Ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ նորացված կազմերով են։ «Պատիվ ունեմ» խմբակցությունում մանդատը վայր դրած Արթուր Վանեցյանին փոխարինելու է Մարտուն Գրիգորյանը, նա նախկին գումարման Աժ–ներում ներկայացրել է «Բարգավաճ Հայաստսան» կուսակցությունը, 2015–ին այդ համագործակցությունը դադարել է։  

«Հայաստան» դաշինքից նոր պատգամավորներ Արգիշտի Գևորգյանը և Գառնիկ Դանիելյանը փոխարինում են համապատասխանաբար Մխիթար Զաքարյանին ու Արթուր Ղազինյանին: Նրանք պատգամավորի լիազորությունները ստանձնեցին երդմամբ։

Կարդացեք նաև

Back to top button