ԿարևորՀասարակություն

Ամենամյա կորկոտի փառատոնը՝ Շիկահողում

Նոյեմբերի 13-ին Կապան համայնքի Շիկահող գյուղական բնակավայրում իսկական տոնախմբություն էր։ Սահմանամերձ Շիկահողը իր հյուրընկալ դռներն էր բացել հարյուրավոր քաղաքացիների առջև։ Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված փառատոնի առիթը կապանյան խոհանոցի ամենահամեղ և յուրահատուկ ուտեստներից՝ կորկոտն էր: Իսկ գլխավոր հերոսները կորկոտ պատրաստողներն էին, ովքեր մինչ հյուրասիրությունը համայնքի ղեկավարի անունից ստացան խորհրդանշական նվերներ` խոհարարի անվանական արտահագուստ:

Գևորգ Փարսյանի անունից ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը իր խոսքում կարևորել է նման միջոցառումների անցկացումը հատկապես սահմանամերձ գյուղերում․«․․․սա ևս մեկ հնարավորություն է` ցույց տալու, որ մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ: Նման միջոցառումները շատ կարևոր են` առաջին հերթին բարոյահոգեբանական, նաև գեղարվեստական իմաստով, քանի որ սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ, ցավոք, հիմնականում կտրված են քաղաքային անցուդարձից և հաճախ չեն մշակութային միջոցառումների մասնակիցը դառնում: Մենք այսօր այստեղ ենք գյուղի բնակիչների առօրյան փոքր ինչ աշխուժացնելու և բովանդակալից դարձնելու համար»:

Փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել համայնքի նախադպրոցական ուսումնական բոլոր հաստատությունները, համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները, ովքեր ջանք չէին խնայել իրենց տաղավարները ինքնատիպ ու տպավորիչ դարձնելու համար, և բացի կորկոտից ու տեղում թխվող լավաշից, հյուրասիրում էին նաև ավանդական թթուների տեսակներ, տնական գաթաներ, փախլավա և իհարկե, ինքնաեռով պատրաստված անուշահամ թեյ` չրերով, մուրաբաներով և ջեմերով:

Այս ամենը ուղեկցվում էր Կապանի մշակույթի կենտրոնի մենակատարների ժողովրդական երգերի և պարային խմբերի հրաշալի կատարումներով։ Բազմաթիվ երիտասարդներ հնարավորություն ունեցան նաև իրենց ուժն ու ունակությունները ցուցադրել բազկամարտի, կշռաքարի բարձրացման և պարանի ձգման մրցաշարերում, որտեղ հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով, մեդալներով և նվերներով:

Բոլոր 14 մասնակիցների պատրաստած կորկոտը համտեսելուց հետո, ժյուրին չիմանալով թե մասնակիցներից ով, որ կորկոտն է պատրաստել, ընտրեց ամենահամեղ և ամենաախորժելի պատրաստվածը: «Կորկոտի փառատոն-2022» մրցանակի հաղթող ճանաչվեց Արամայիս Փարամազյանը, չնայած որ, մյուս կորկոտ պատրաստող մասնակիցները ևս չէին զիջում հաղթողին:

Փառատոնի մասնակիցների ընտրությամբ՝ «Լավագույն տաղավար» ճանաչվեց Կապանի թիվ 4 ՆՈՒՀ–ը։

Կարդացեք նաև

Back to top button