ԿարևորՀասարակություն

Վարդագույն Երևանը մոխրագույն փոշու մեջ․ մայրաքաղաքի օդը վտանգավոր է դառնում

Միջազգային հիդրոօդերևութաբանական  հարթակներից մեկը` MSN կայքը, Երևանի օդը թունավոր է համարում։ Ըստ աղբյուրի՝ Հայաստանի մայրաքաղաքում օդի թունավորության ինդեքսը 370 է, այն դեպքում, երբ նորմալ է համարվում մինչև 100 ինդեքս ունեցող օդը։ Թունավորության նման բարձր ինդեքս աշխարհում քիչ քաղաքներ ունեն։ Երևանին հարևան Թբիլիսին, օրինակ՝  համարվում է վատորակ օդ ունեցող, իսկ Բաքուն լավորակ օդ ունեցող քաղաք։ Աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկի՝ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի օդի թունավորության ինդեքսը 361 է, իսկ Պակիստանի Կարաչի քաղաքում, որը աշխարհի ամենամարդաշատ քաղաքն է, ավելի քան 15 միլիոն բնակչությամբ՝ օդի աղտոտվածության ինդեքսը ընդամենը 181 է և համարվում է թեթև վատառողջ օդ ունեցող բնակավայր։

Երևանի օդի աղտոտվածության մասին են վկայում նաև տեղական վիճակագրական տվյալները։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տվյալներով նախորդ շաբաթ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունը։ Կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը բացատրում է՝ օդի աղտոտվածության մոնիտորինգն իրականացվում է ամեն օր, Երևանում տեղակայված 5 դիտակայանների տվյալներով:

«Հսկում ենք օդում գտնվող փոշու, ազոտի երկօքսիդի, ծծմբի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունը օդում։ Մեր ստացած արդյունքների համաձայն սահմանային թույլատրելի ցուցանիշը ամենահաճախը գերազանցող տարրը փոշին է, հաճախ նաև ազոտի երկօքսիդի գերազանցում ենք ունենում սակայն ոչ այնքան որքան փոշին»,– ասում է Շահնազարյանը։

2022 թ մայրաքաղաքում օդն ավելի աղտոտված է քան, օրինակ՝ 2019–ին, արձանագրում է Գայանե Շահնազարյանը։ Երևանի օդը վերջին տարիներին համեմատաբար մաքուր է եղել միայն 2020-ին քովիդ համավարակով պայմանավորված մեկուսացումների ու սահմանափակումների շնորհիվ։ Օդի աղտոտվածության ցուցանիշը տարբեր է լինում նաև տարվա եղանակներին․ ամենավատ ցուցանիշը գրանցվում է ամռանը, երբ օդի ջերմաստիճանը բարձր է։

«Իհարկե, ամենաաղտոտվածը Կենտրոն վարչական շրջանն է։ Սակայն Երևանում ուժեղ քամիներով պայմանավորված փոշին շատ արագ տարածքում է և դժվար է միանշանակ վերլուծություն անել, քանի որ օդի հոսքից ու քամու ուղղությունից կախված փոշին տարածվում է։ Բայց եթե դիտարկենք ոչ քամոտ եղանակի պարագայում ապա ամենաաղտոտվածը Կենտրոնն է ու Շենգավիթը»։

Երևանի օդը աղտոտվում է հիմնականում բեռնատար մեքենաների համար սահմանված նորմերը չպահպանելու, օրեցօր ավելացող կառուցապատումների ու շինհրապարակներում առանց ջրցան մեքենաների աշխատանքներ իրականացնելու, աղբը կուտակելու, մեծ քանակի վառելիքի այրման, կանաչապատ տարածքների ոչնչացման պատճառով։ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը շեշտում է՝ այս տեսանկյունից անբարենպաստ է նաև Երևանի աշխարհագրական դիրքը։ Դրանով պայմանավորված, ինչպես օրինակ՝ մարախուղը, այնպես էլ փոշին ու վտանգավոր արտանետումները դժվար են հեռանում քաղաքից։

«Որ ճանապարհով որ մտնում ես Երևան, միանգամից զգացվում է, որ մտել ես այլ մթնոլորտային գոտի։ Նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ մտնում ես աղտոտված օդի մեջ։ Երևանում ապրում է հանրապետության բնակչության երևի կեսը, նույնիսկ ովքեր չեն ապրում անպայման գնում գալիս են, դա նշանակում է բնակչության կեսից ավելին շնչում է աղտոտված օդը»,– ասում է բնապահպանը։

Երևանի օդի աղտոտվածության հիմնական պատճառը նախ իրականացվող մեծածավալ շինարարություններն են, հետո նաև քաղաքամերձ հանքերը՝ իրենց արտանետումներով և նոր միայն ավտոմեքենաներն ու վառելիքի այրումը, ասում է Ինգա Զարաֆյանը։

«10 տարուց ավելի է բոլորը խոսում են այն մասին, որ պետք է կարգավորվի մայրաքաղաքի ավտոմեքենաների հոսքը, բայց ոչինչ չի արվում։ Բացի այդ Երևանի շուրջ ավելի քան 25 հանք է գործում և այդ շահագործումից առաջացած փոշին ամբողջությամբ ծածկում է քաղաքը։ Ես, օրինակ, նայում եմ հայտնի համաշխարհային կայքեր ու տեսնում եմ Երևանի մասին գրված է․ «Վնասակար է», «վնասակար է», «վնասակար է»։

Երևանը անկախացումից ի վեր տարեց տարի կորցնում է իր «կանաչ թոքերը»՝ ասում է բնապահպանը։ Դալմայի այգիները, Հաղթանակ զբոսայգու տարածքը, Նորքի անտառները․ սրանք կանաչ տարածքներ էին որոնք տարիների ընթացքում վերածվեցին փոշոտ շինհրապարակների։ Ստացվում է՝ այսօր վարդագույն Երևանը կանաչ երանգավորման խիստ կարիք ունի, իսկ նոր տնկվող ծառերը դեռ չունեն այն սաղարթը, որը կարող է պաշտպանել փոշուց՝ ասում է Զարաֆյանը։

«Անձրևը ևս ցուցանիշ է, թե ինչքան աղտոտված է մեր օդը, մենք անձրևից հետո անհասկանալի գույնի փոշու հետքերը տեսնում ենք ամենուրեք՝ տերևների, հագուստի, ավտոմեքենաների վրա։ Անձրևը նաև «նստեցնում» լվանում է փոշին, բայց վերջին շրջանում կլիմայական փոփոխություներից ելնելով մեր քաղաքում ամիսներ շարունակ անձրևներ չեն գալիս։ Կլիման նույնպես իր բացասական հետևանքներն է ունենում աղտոտվածության վրա»։

Երևանի աղտոտված օդը առողջապահական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել՝ նկատում է «ԷկոԼուրի» նախագահ Ինգա Զարաֆյանը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներն էլ վկայում են՝ օդի աղտոտվածության հետևանքով աշխարհում տարեկան մահանում է 7 միլիոն մարդ։

Կարդացեք նաև

Back to top button