ԿարևորՏնտեսական

Իր տեսակով եզակի ու խոշոր անասնակերի արտադրություն Կոտայքում

Կոտայքի մարզում բացվել է  համակցված անասնակերի եզակի արտադրություն։ Ներդրողները հույս ունեն, որ առաջիկայում կբավարեն Հայաստանի ներքին շուկայի պահանջարկը։ Պատրաստ են այնքան արտադրելու, որ  ներկրման կարիք չլինի։ Չնայած Լարսի անցակետում առկա բազմաթիվ խնդիրներին , այստեղ պատարստ են նաև արտահանել արտադրանքը։ Գործարանի բացմանը ներկա է եղել նաև Հայաստանի վարչապետը։

1 ժամում 20 տոննա արտադրական ծավալ, ավելի քան 7 մլրդ դրամի ներդրում, մոտ 100 նոր աշխատատեղ․ մի քանի օրից Կոտայքի մարզում իր աշխատանքը կսկսի համակցված անասնակերի նոր գործարանը։ Ընկերության սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ընդգծում է, որ գործարան հիմնելու որոշումը կայացրել են  շուկան լրջորեն ուսումնասիրելուց հետո․

«Արտադրում ենք կերեր գյուղատնտեսական բոլոր կենդանիների, բացառությամբ՝ շների, կատուների ու ձկների համար։ Առաջիկա  տասը օրերի ընթացքում կսկսենք արտադրությունը։ Տեղական շուկան մոտ երկու ամսում ծածկելուց հետո կարտահանենք նաև դեպի Վրաստան ու ԵԱՏՄ երկրներ»։

Նարեկ Նալբանդյանը վստահեցնում է, որ ժամանակակից սարքավորումների ու  կորուստների նվազեցման շնորհիվ արտադրանքի ինքնարժեքը բավականին ցածր է լինելու։

Ընկերությանն աջակցում է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը։ Կենտրոնի տնօրեն  Լևոն Օհանեսյանի  տեղեկացմամբ՝ այս պահին շուրջ 160 ներդրումային ծրագիր են ուղեկցում,  40 –ին՝ հենց մեկնարկից։ Աջակցության ձևաչափը տարբեր է՝ խորհրդատվությունից մինչև արտոնությունների տրամադրում․

«Շուրջ 2 մլրդ  դոլարի չափ ծրագրեր ենք ուղեկցում, 570 մլնը արդեն մեկնարկել է։Մենք ներդրման չափով չենք սահմանափակվում։ Մեզ  համար 1000 դոլար կամ 1 մլրդ դոլար ներդրողը նույն սպասարկումն է  ստանում ինչպես մեր, այնպես էլ գործընկեր գերատեսչություններից ու պետական մարմիններից»։

Ներդրումների աջակցման կենտրոնում կարևորում են հատկապես արտադրական ուղղվածություն ունեցող ծրագրերը։ Այս պահին հատկապես գյուղատնտեսության ոլորտում կատարվող ներդրումներն են գերակշռում , ասում է Օհանեսյանն ու  նկատում՝ համակցված կերերի արտադրությունը ոլորտը զարգացնելու նոր հնարավորություն է։

Կարդացեք նաև

Back to top button