ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական զինուժի գործողությունները վկայում են, որ չեն պատրաստվում հեռանալ օկուպացված տարածքներից. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն այսօր խոսել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային լրջագույն խնդիրների մասին, որոնք պայմանավորված են ադրբեջանական ներխուժումներով, մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ադրբեջանական զինուժի ներկայությամբ։ Թաթոյանը ներկայացրել է այցերի և ուսումնասիրությունների վրա հիմնված փաստեր, տեղեկացրել է, որ դրանք կներկայացվեն նաև միջազգային դատական ատյաններ՝ միջազգային փաստաբանների ներգրավմամբ։ 

Ադրբեջանական զինուժի գործողությունների ուսումնասիրությունները վկայում են, որ նրանք առհասարակ չեն էլ պատրաստվում հեռանալ օկուպացված տարածքներից՝ ասում է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, հիշեցնելով մեկ տարվա վաղեմության նախադեպը.

«Անցյալ տարի մենք հայտարարում էինք, որ ադրբեջանական զինված ուժերը կառուցում են անօրինական ճանապարհներ, ամրանում են իրենց դիրքերում Գեղարքունիքի մարզում»։

Նույն սկզբունքով  այսօրէլ է գործում Ադրբեջանը. ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփելով, Արման Թաթոյանը փաստեր է ներկայացնում։ Օրինակ՝ Ջերմուկի օկուպացված տարածքում ադրբեջանցիները ճանապարհներ, բունկերներ ու այլ շինություններ են կառուցում, ակտիվորեն ամրացման աշխատանքներ իրականացնում։ Չեն պատրաստվում հեռանալ՝ ասում է նախկին օմբուդսմենը.

«Խոսքը ոչ միայն վերաբերում է մեր բնակիչների անվտանգությանը, որպես այդպիսին՝ զուտ մարդու իրավունքների խնդիրներին, թեև դա էլ է կարևոր, բայց նաև առավել մեծ մասշտաբի խնդիրների՝ ազգային անվտանգության իրական խնդիրների, որովհետև նրանք նաև թիրախի տակ են պահում, օրինակ, Տաթև ՀԷԿ-ը, Ջերմուկի ՀԷԿ-ը, Կապանի պոչամբարը, նման բնույթի այլ ռազմավարական օբյեկտներ։ Ակնհայտ է, որ այս օբյեկտների հետ որևէ բան պատահելու դեպքում կարող է անգամ աղետալի հետևանքներ առաջանալ մեր բնակավայրերի համար»։

Փաստահավաք աշխատանքների արդյունքներով ի մի են բերվել այն հատվածները, որոնք ադրբեջանական կողմը օկուպացրել է։ Ջերմուկ քաղաքն էլ գտնվում է ուղիղ նշանառության ներքո։ Ուսումնասիրությամբ քարտեզագրվել է, թե օկուպացված տարածքներից որքան հատվածներ են վերահսկում ադրբեջանցիները՝ Ջերմուկին և Վայոց ձորի այլ բնակավայրերին հարակից արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքներ։ Բացի այն, որ դրանք ՀՀ տարածքն են, նաև օրինական իրավունքներով պատկանում են համայնքներին կամ քաղաքացիներին և  օգտագործվում էին Հայաստանի քաղաքացիների կողմից՝ ասում է Թաթոյանը։ Նման պատկեր է արձանագրվել նաև Սյունիքում, Գեղարքունիքում։

«Մարդիկ չեն կարողանում օգտագործել ոչ միայն այն տարածքները, որոնք ֆիզիկապես, բնականաբար, Ադրբեջանի վերահսկողության ներքո են, այլ նաև՝ որոնք նշանառության ներքո են գտնվում, որովհետև, բնականաբար, անվտանգության լրջագույն խնդիրներ կա»։ 

«Ադրբեջանի նախագահը, որ խոսում էր՝ ամբողջը ատելությամբ լցված հոխորտում էր, այ, խոսքը նաև այս դիտարկումների մասին է։ Ընդ որում՝ ասեմ, որ Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթը հատկապես է ցույց տալիս, որ որքան մեծ է վտանգն այս զինված ուժերի, որոնք գտնվում են մեր բնակավայրերի ուղղությամբ»։  

Հիշեցնենք, որ երկու օր առաջ այցելելով օկուպացված Շուշի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունից հետո, Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են հիմնական ռազմավարական բարձունքներում։ Մեջբերում.

«Հայաստանը պետք է լավ հասկանա, թե ինչ է դա  նշանակում։  Այսօր այդ ռազմավարական բարձունքներից կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, մեր տեսադաշտում է նաև Սևանա լիճը»։

Նշենք, որ հայկական կողմը միջազգային հարթակներում, միջնորդ կողմերի հետ հանդիպումներում Ադրբեջանից պահանջում է դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից։

Արման Թաթոյանը համոզված է, որ քիչ է  պահանջել միայն, որ ադրբեջանական զինված ուժերը հեռանան միայն Հայաստանի օկուպացված տարածքներից։ Ըստ նրա՝ պետք է խոսվի նաև վիճելի այն տարածքներից հեռանալու մասին, որտեղ հայտնվել են մինչև ներխուժումները։ Նա փաստեր է հրապարակում, թե այդ ամենի պատճառով ինչպես է դադարել  քաղաքացիական կյանքը, ներկայացնում է նյութական վնասների վերաբերյալ փաստեր։ Այդ բոլոր փաստերը, միջազգային փաստաբանների ներգրավմամբ, կներկայացվեն նաև միջազգային դատական ատյաններ՝ տեղեկացնում է ՄԻ նախկին պաշտպանը։

Կարդացեք նաև

Back to top button