
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Այն մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը պետք է մշակի և վարչապետին ներկայացնի վերլուծական տեղեկանք, որում պետք է ներառվեն առաջարկություններ նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության վերաբերյալ։ Աշխատանքային խումբը նաև վիճակագրական տվյալներ է ներկայացնելու վերջին 10 տարիներին բուհերից յուրաքանչյուրի (այդ թվում՝ մասնավոր) դիմորդների և շրջանավարտների վերաբերյալ։
Այս խնդիրները աշխատանքային խմբի առաջ դրվել են՝ «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի առաջադրած հարցերին պատասխանելու համար։ Այս փաստաթղթով են որոշվելու կրթության բոլոր մակարդակների զարգացման հեռանկարները Հայաստանում։ Բուհական համակարգում շրջադարձային փոփոխություններ են նախատեսվում՝ ակադեմիական քաղաքի հիմնում, գործող 16 պետական բուհերի փոխարեն առավելագույնը 8-ի ստեղծում և այլն։ Նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը, առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում։
- Ինչպե՞ս միավորվել և ինչու՞ չմիավորվել
Բուհերի միավորումը կարող է ծառայել իր նպատակին, եթե այդ նպատակը հստակ սահմանված է՝ կարծում է ԵՊՀ դոցենտ, միջազգային հարաբերությունների մասնագետ Մենուա Սողոմոնյանը։ Ասում է՝ առաջին հերթին պետք էր պատշաճ հաղորդակցություն ապահովել բուհերի շահառուների հետ և հստակ բացատրել, թե ինչու է անհրաժեշտ միավորումը, ինչպես է փոխելու կրթության որակը և որոնք են այն հիմնական խնդիրները, որոնք հնարավոր չէ լուծել առանց միավորման։
«Միավորման գործընթացները շատ լուրջ են ու բազմափուլ։ Սկզբում պետք է կոմունիկացիոն փուլը տեղի ունենա, դրան հաջորդի ռեստրուկտուրիզացիայի փուլը։ Բուհերը տարբեր կազմակերպական կառուցվածքներ ունեն, որի՞ կառուցվածքն ընտրել։ Պետք է նաև հիշել, որ բուհերը պահպանողական սոցիալական հաստատություններ են, որոնց շատ բնորոշ է բուհական պատրիոտիզմը․ շատ դժվար է երկար տարիներ աշխատել ու հրաժարվել ինքնությունից կամ եղած դրվածքից»,- ասում է Մենուա Սողոմոնյանը։
Նա չի բացառում, որ որոշ բուհերի դեպքում միավորումն անհրաժեշտ է, բայց նաև համոզված է, որ այդ գործընթացը հնարավոր չէ անել առանց լուրջ հետազոտության։ Ասում է՝ բազմաթիվ հարցերի կողքին չպետք է անտեսել այնպիսի պարզ երևույթներ, ինչպիսին, օրինակ, մշակութային ընդհանրություններ են կամ դրանց բացակայությունը:
«Միավորվող բուհերը նաև պետք է որոշակի մշակութային ընդհանրություններ ունենան։ Խոսքը կառավարման մշակույթի, հարաբերությունների մշակույթի մասին է․ որքանո՞վ են սրանք նման։ Եթե իրար շատ հակասող բարքեր միաձուլվեն, կոնֆլիկտ կառաջանա։ Օրինակ, իմ կարծիքով, Բրյուսովն ու Ֆիզկուլտ ինստիտուտն այդ տեսանկյունից մշակութային տարբեր միջավայրեր են (ժպտում է)»։


- Ազգային հետազոտությու՞ն, թե՞ միջազգային փորձ
ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը պատասխանել է «Ռադիոլուր»-ի՝ մինչև 2030-ը զարգացման պետական ծրագրի՝ բուհական կրթությանը և մասնավորապես միավորման գործընթացին վերաբերող հարցերին։
— Ի՞նչ հետազոտություններ են ընկած միավորման և առավելագույնը 8 բուհ ունենալու որոշման հիմքում։
— Հիմքում ունենք միջազգային փորձ, տարբեր ուսումնասիրություններ արդեն արված են։ Խոշորացման քաղաքականությունը տարբեր երկրներում դեռևս 90-ականներից զարգացել, թափ է ստացել ու իրականություն է դարձել։ Հաշվի են առնվել տարբեր եվրոպական ու ամերիկյան երկրների փորձեր։ Այդ հետազոտություններում կան այն ռիսկերը, որոնք կարող են ունենալ միավորումները, այնուամենայնիվ մեր պետությունը գնում է այդ քայլին։ Բուհերի բարեփոխումները տեսնում ենք նաև այդ քայլի մեջ, որը կապահովի, մեր կարծիքով, որակյալ կրթություն։
— Այսինքն՝ գործընթացի հիմքում միայն միջազգային փորձի՞ վերլուծությունն է։
— Ի վերջո այդպես պետք է լինի, այո, միջազգային փորձ էլ ունենք, համաշխարհային բանկի վերլուծություն էլ ունենք Հայաստանի կրթական իրավիճակի վերաբերյալ, որին հղում կա նաև ռազմավարական փաստաթղթում։
- Կրկնվող մասնագիտությունները՝ խնդի՞ր, թե՞ մոտիվացիա
«ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծում ասվում է․ «Թեև տարբեր բուհերի կողմից նույն որակավորմամբ կրթական ծրագրերի իրականացումը արտաքուստ թողնում է մրցակցային տպավորություն, սակայն այդ մրցակցությունը միայն արտաքին շղարշն է, քանի որ իրականության մեջ նրանք հիմնականում ապավինում են նույն դասախոսական կազմին, իսկ ենթակառուցվածքները թերի են կամ չեն համապատասխանում միջազգայնորեն ընդունված ստանդարտներին, ինչն ուղղակիորեն անդրադառնում է կրթության որակի վրա»։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ, անդրադառնալով Բրյուսովի անվան պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը միավորվելու շուրջ դժգոհություններին, բացատրել էր, որ այս քայլով լուծվելու է հենց տարբեր համալսարաններում նույն կրթական ծրագիրը մատուցելու խնդիրը։
Նույն կրթական ծրագիրը մի քանի բուհում իրականացնելը խնդիր է ԿԳՄՍ-ի, մոտիվացիա՝ բուհի համար՝ ասում է Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանը։
«Օրինակ՝ մեր համալսարանը գիտի, որ եթե իր կողմից մատուցվող կրթական ծառայությունները, օրինակ, անգլերեն լեզվով, կաղեն, ապա դրանից կօգտվի ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը (նախկին ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը), Մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը, Ֆրանսիական համալսարանը, Ամերիկյան համալսարանը, այսինքն՝ մեր բուհն առնվազն 4 մրցակից ունի։ Եվ այս փոքրիկ, նեղ շուկայում 5 խաղացող ու 4 հուժկու մրցակից ունենալը մեզ ստիպում է անընդհատ կատարելագործվել։ Խմբավորման արդյունքում այս մրցակցությունը կվերանա․ մեկ է՝ ուզած-չուզած ուսանողները գնալու են այնտեղ դիմում գրեն»։
Բրյուսովի պրոռեկտորն առաջարկում է լիազոր մարմնին 2 հարցի պատասխանել. «Իսկապե՞ս պետք է վերացնել, օրինակ, 80-ամյա պատմություն ունեցող Ֆիզկուլտ ինստիտուտը, 90-ամյա Բրյուսովը, 100-ամյա Մանկավարժականը, և եթե պատասխանը «այո» է, ապա ի՞նչ նոր բուհ պետք է ստեղծվի, որ թվարկվածներից ավելի լավը լինի»։ Սահակյանի կարծիքով՝ երկրորդ հարցին պատասխանելը հատկապես բարդ է լինելու․
«Դեռևս գոյություն չունեցող բանի որակը գնագատելը, իմ կարծիքով, շատ ռիսկային է։ Ես գոնե չեմ ճանաչում մասնագետ, որ կարողանա ապագան ավելի լավ կանխատեսել, քան ներկան, և ասել, որ ապագայում X-ը գումարենք Y-ին կստանանք այն որակը, որն այս որակից ավելի լավն է»։
Լիազոր մարմնի ցանկությունը մրցունակ բուհեր ունենալն է․ բուհի «արտադրանքը»՝ շրջանավարտը, պետք է համապատասխանի շուկայի պահանջներին, աշխատաշուկայում լինի մրցակցային, բուհը պետք է տա գիտական արդյունք՝ հետազոտությունների, հոդվածների և այլնի տեսքով։ Սահակյանի խոսքով՝ իրենք ունեն իրենց արդյունավետության գնահատումը, հավաքել են փաստեր և պատրաստ են քննարկման գնալ՝ դրանք ձեռքին ունենալով։
Արդյո՞ք լիազոր մարմինը պատրաստ է նման քննարկումների։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչն ասում է․ «Մենք խնդիրը չենք դրել կոնկրետ Բրյուսովի, Ֆիզկուլտ ինստիտուտի կամ Մանկավարժական համալսարանի օրինակներով, որ այս բուհերը այս-այս պահանջներին չեն բավարարում, դրա համար պետք է խոշորանան։ Մենք դրել ենք նպատակ ունենալու բուհ՝ արդեն գործող երեք բուհերի հենքի վրա»։
— Քննարկումների և փաստերի ներկայացման պայմաններում որոշումը փոփոխության ենթակա կլինի՞, թե՞ այնուամենայնիվ, եթե ռազմավարությամբ որոշված է, որ միավորում ենք, տարբերակ չունենք, և 2030-ին առավելագույնը 8 բուհ ենք ունենալու։
— Այո, ռազմավարությամբ ամրագրվածը պետք է իրականություն դառնա, մենք պետք է ունենանք մինչև 8 բուհ։ Մի բան եմ ուզում շեշտել՝ որևէ բուհ չի փակվում, որևէ բուհի գործունեություն չի կասեցվում։ Ուղղակի բուհերը, ինչպես ընդունված է աշխարհում, միավորվում են, և միավորված բուհերը կարող են ավելի արդյունավետ աշխատել։ Որևէ բուհի, որևէ ուսանողի կամ շրջանավարտի համար որևէ իրավունք չի սահմանափակվում։
- Բուհական համակարգի «ունքը ծուռ է», բայց «աչքը հանելու» վտանգ կա
«Մի բան կարող ենք արձանագրել․ ժողովրդական խոսքով՝ այսօր բարձրագույն կրթության «ունքը ուղիղ չէ»։ Միակ մտահոգությունը, որ կարող է այս փուլում հնչել, հանկարծ ունքը ուղղելու փոխարեն աչքը չհանենք»,- ասում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը։
Գիտի՝ ինտենսիվ փոփոխվող աշխատաշուկա մրցունակ կադր ուղարկելու համար շատ անելիք կա։ Ասում է՝ իրենք մեծ ջանքեր են գործադրել ու արդեն մեծ ձեռքբերումներ ունեն, բայց եթե միավորումն է խնդրի լուծումը, ապա պատրաստ են դրան։
«Եթե պարզվի, որ, օրինակ, Ագրարային համալսարանին միանալու ցանկություն կա, որ մեր արդեն կուտակած փորձը շուտ անցնի իրենց, մենք ասենք չէ՞, համաձայն չե՞նք։ Օրինակ կարող է տեսնեն, որ Ագրարային համալսարանի այսքան հզոր բազան շատ նպաստավոր է, որ այլ բուհերում, նույն Պետական համալսարանում կամ Մանակավարժականում կենսաբանական կրթություն ստացողներին բերեն մեզ մոտ։ Չենք բացառում այդ տարբերակը, ունենք լուրջ նախադրյալներ դրա համար»։
Կուտակած փորձը այլ բուհերի փոխանցելու մեծ պատրաստակամությամբ Ագրարային համալսարանում կարծում են, որ իրենք այլ բուհի կազմում լինել պարզապես չեն կարող։
«Եթե կգտնվի մի ձևաչափ, որը թույլ կտա ագրոպարենային համակարգի մասնագետներ պատրաստել, միավորվելու հարցն այստեղ դառնում է երկրորդական, որովհետև շատերի համար իրենց պաշտոնը կամ իրենց անունն է կարևոր, ինձ համար կարևորը շուկայում օգտակար գործ անելու ունակ մասնագետներ ունենալն է։ Ընդ որում՝ իրարից էնքան տարբեր մասնագիտություններ են, եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ագրարայինը կարող է մտնել որևէ բուհի մեջ ու լիարժեք գործել, ես խիստ կասկածում եմ դրանում»։
Միավորման ենթակա առաջին երեք բուհերի շուրջ քննարկումները խաղաղվել են։ Բրյուսովի անվան համալսարանում շուրջ 2 շաբաթ տևած դասադուլները ավարտվել են։ Կառավարությունը բուհին առաջարկել է վերականգնել դասապրոցեսի բնականոն ընթացքը՝ խոստանալով, որ մինչև «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը օրենքի ուժ չստանա, միավորման գործընթացը չի իրականանալու։
Թեև «Ռադիոլուրի» հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք առանց այդ փաստաթղթի էլ իրավունք ունեն կրթության որակը բարելավելու նպատակով նախաձեռնել գործողություններ, այնուամենայնիվ գործընթացը դեռևս կասեցված է։ Սակայն օրենքի ընդունումից հետո 8 տարվա ընթացքում Հայաստանում մինչև 8 պետական բուհ ունենալու նպատակն ուժի մեջ է։
«Մեր նպատակն է ստեղծել մի նոր կառույց, նոր բուհ, որը կունենա և նոր կառուցվածք, և նոր միջավայր, և նոր, ավելի բարենպաստ ավանդույթներ։ Նոր ասվածը՝ իր ամեն բաղադրիչով։ Բայց ամենաշատը երևի այս պարագայում ուզում եմ ուսանողներին դիմել, որ իրենց իրավունքները որևէ կերպ չեն խախտվելու, ինչպես նաև այդ նոր բուհերում աշխատել հավակնող դասախոսների իրավունքները։ Բոլոր բուհերից նոր ստեղծվող բուհում լավագույն հատվածներն են տեղ գտնելու և նոր կառույց ենք ստեղծելու իր բոլոր իմաստներով», – ասում է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։







