ԿարևորՀասարակություն

Ի՞նչպես թոթափել դատարանների գերծանրաբեռնվածությունը և ապահովել դատական գործի քննությունը ողջամիտ ժամկետում

Դատարանների անհամաչափ ծանրաբեռնվածությունը ոլորտի լրջագույն խնդիրներից է։ Դատարանների գերծանրաբեռնվածությունից է բխում  նաև  բողոքների քննության անորոշ ժամկետների խնդիրը։ Ինչպե՞ս կարգավորել ստեղծված իրավիճակը։ Այս հարցն այսօր քննարկվել են ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ։ Հարցը դիտարկվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համատեքստում՝ որպես անձի արդար դատաքննության իրավունքի տարր։  

Ի՞նչպես թոթափել դատարանների գերծանրաբեռնվածությունը և ինչպե՞ս ապահովել դատական գործի քննությունը  ողջամիտ ժամկետում։ Այս հարցերի պատասխաները գտնելու համար էր հրավիրվել ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումը։ Շոշափվող հարցերն առնչվում են նաև «Մարդու իրավունքների եվ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի հետ։

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ դատարանների ծանրաբեռնվածությունը խոչընդոտում է նաև դատավորների մասնագիտական գործունեությանը, դատավորների կողմից դատական ակտերի կայացման ողջամիտ ժամկետի պահպանմանը:  

«Գաղտնիք չէ, որ դատարանների ծանրաբեռնվածությունը, նույնիսկ առանց վիճակագրական տվյալների մեջբերումների, անընդհատ և հաճախ անգամներով աճելու միտում ունի»։

Պատգամավորի խոսքով՝ դատական ակտերը այս պահի դրությամբ կայացվում են ամիսներ, նույնիսկ տարիներ անց, երբ իրավունքների պաշտպանության կարիք այլևս չի լինում։ Որոշ դեպքերում դատավորները կայացնում են ոչ այնքան խորը պատճառաբանություն ունեցող վճիռներ, որոնք, Թովմասյանի ձևակերպմամբ, դառնում են թույլ և խոցելի: Ինչպե՞ս կարգավորել խնդիրը։ Դատավորները համոզված են, որ միայն օրենսդրական փոփոխություններ կատարելով է հնարավոր նվազեցնել դատարանների գերծանրաբեռնվածությունը:  Սա աշխատանքային քննարկմանը մասնակից դատավորների միասնական մոտեցումն էր։  

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի խոսքով՝  դատարանների գերծանրաբեռնվածությունն ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Խնդրին  կարելի է համակարգային  լուծում տալ օրենսդրական դաշտի փոփոխություններով։

«Դատավորի գործառույթի մեջ այսօր ներառված է կատարողական թերթերի տրամադրում: Եթե փորձենք հասկանալ, թե ինչու է այդ գործառույթը վերապահվել դատարաններին, ապա որևէ ողջամիտ պատճառ չենք կարողանա վկայակոչել: Ես պնդում եմ, որ այդ փուլում դատավորի կողմից որևէ բովանդակային գործառույթ չի իրականացվում, զուտ տեխնիկական աշխատանք է, որը տանում է դատավորի աշխատաժամանակի գերակշիռ  մասը»։

Դատավոր Փիլոսյանն առաջարկում է դատարաններին, դատավորներին չվերապահել կատարողական թերթերի տրամադրումը և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը Հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելը:

Դատավորի փոխանցմամբ՝ այսօր գումարի բռնագանձման պահանջով հայցերը կազմում են ընդհանուր իրավասության դատարաններ ներկայացվող հայցերի ոչ պակաս, քան 80 տոկոսը: Ըստ նրա՝ հայցագների միջին չափը տատանվում է մինչև 500 հազար դրամի շրջանակում: Նա առաջարկում է, որ գումարի բռնագանձման պահանջով հայցերն առհասարակ դատական քննության առարկա չդարձվեն, դրանք հանձնարարվեն նոտարներին: Գործընկերոջ հետ համաձայն էր դատավոր Օհանյանը։ Նա կարծում է, որ խնդրի կարգավորմանը կարող է նպաստել ծանուցումների համար մեկ էլեկտրոնային հարթակի կիրառումը՝ որպես պատշաճ ծանուցման միջոց, որտեղից կողմերը կտեղեկանան իրենց գործին առնչվող որոշումներին։  

«Եթե կողմը կցանկանա առանձին ակտի ձևով, զրկված չի։ Նաև նման կերպ մենք կփորձենք բավական միջոցներ և ժամանակ խնայել այդ  դատական ծանուցագրերի, դատական փաստաթղթերի ուղարկման վրա։ Իսկ դատական կազմը կարելի է ծանրաբեռնել առավել կարևոր գործառույթներով ու նման կերպ նաև կբոռնաթափվեն դատարանները»։ 

Նշենք նաև, որ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը մեղմելու նպատակով Արդարադատության նախարարությունը նախագիծ է շրջանառության մեջ դրել։ Առաջարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն գործարկել երկու նոր՝ քրեական և քաղաքացիական դատարան: Նախնական տվյալներով՝ Երևանի քաղաքացիական գործերով դատարանը կգործի առնվազն 35 դատավորով,  քրեականը՝ 30:

Դատավորների քանակն ավելացնելով խնդրին լուծում տալու տարբերակին վերաբերյալ հնչեցին կարծիքներ, որ այսօր պետությունը պատրաստ չէ դրան: Ըստ որոշ դիտարկումների՝ այսօր դրա համար չկան շենքային պայմաններ։ Խոսք լինել չի կարող նաև աշխատակազմի և նյութատեխնիկական բազայի ավելացման մասին ։ 

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը  կարծում է, որ դատարանների բաժանման տարբերակը չի լուծելու է ծանրաբեռնվածության խնդիրը։ Բայց  գործավարության ապահովման տեսանկյունից դա ողջամիտ ու ճիշտ քայլ է համարում։   

«Սա, իհարկե, կնպաստի որոշակի թեթևացմանը, մենք ունենք նաև այլ խնդիր, մեզանում այնքան էլ արդյունավետ չեն գործում արբիտրաժները, հաշտարարի ինստիտուտը, ինչը նպաստում է դատարանների ծանրաբեռնվածությանը, այնուամենայնիվ չենք խուսափելու դատավորների քանակի ավելացման խնդիրը լուծելուց։ Միայն այդ դեպքում, կարծում եմ, այս կոմպլեքս գործիքակազմը օգտագործելով մենք կկարողանանք շոշափելի  տեսնել, որ մեր դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևանում է»։

Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանի կարծիքով էլ՝ դատարանների գերծանրաբեռնվածությունը հնարավոր է նվազեցնել՝ զրոյական ֆինանսական միջոցներ ծախսելով, ընդամենը կատարելով օրենսդրական որոշ փոփոխություններ:

«Եթե օրենսդրությամբ նախատեսենք, որ Վարչական դատարանում գործերը կարող են քննվել գրավոր ընթացակարգով՝ բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, վստահեցնում եմ, որ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունն ավելի քան 30-40 տոկոսով կնվազի»։

Ըստ դատավոր Ազրոյանի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը մեծամասամբ պետք է դուրս գան իրենց վերահսկողությունից: Օրինակ՝ տեսչական մարմինը ոչ թե պետք է գնա դատարան՝ ասելու, որ անձին տուգանեն, այլ ինքը պետք է այդ պատասխանատվության միջոցը կիրառի:

Թեմայով քննարկումները կշարունակվեն։ Քրեական դատարանների մասով ԱԺ մշտական հանձնաժողովը կկազմակերպի առանձին քննարկում։

Կարդացեք նաև

Back to top button