
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Արարատ Միրզոյանը հինգշաբթի օրն էր խորհրդարանում հայտնել սպասվող հանդիպման մասին, Ջեյհուն Բայրամովն էլ հայտարարել էր, թե Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը պլանավորում է քննարկել խաղաղության պայմանագիրը։ Փորձագետներն այս հանդիպումից մեծ ակնկալիքներ չունեն, կարծում են՝ դրա ընթացքում դիրքորոշումների հստակեցման հերթական փուլն է տեղի ունենալու։
Միրզոյան-Բլինկեն-Բայրամով վաշինգտոնյան հանդիպումից պետք չէ մեծ սպասելիքներ ունենալ, նաև պետք չէ տարանջատել բրյուսելյան ու վաշինգտոնյան ձևաչափերը․ կարծիքը քաղաքագետ Սուրեն Սարգսյանինն է։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդները 30 տարի խնդրի կարգավորման ուղղությամբ ռեսուրս, ժամանակ ու ջանք են ներդրել և ձգտում են տեսնել իրենց աշխատանքի արդյունքը, կարծում է նա․
«Եթե ինչ-որ բան պետք է ստորագրվի, ապա նույնպիսի տրամաբանության ներքո պետք է ստորագրվի, ինչպիսին հայ-թուրքական արձանագրությունների տրամաբանությունն էր, այսինքն՝ երեք միջնորդ պետությունների ներկայացուցիչներն էլ թիկունքում կանգնած էին նախաստորագրման ժամանակ։ Կարծում եմ, որ մի բան կստորագրվի Մոսկվայում, չեմ բացառում, որ մի բան էլ ստորագրվի Վաշինգտոնում, բայց պրոցեսները ցույց են տալիս, որ այս համաձայնագիրը որպես ձեռքբերում փորձելու են ներկայացնել և ամերիկացիները, և ռուսները» ։
Աշխարհաքաղաքական մրցակցություն կա Արևմուտքի ու Ռուսաստանի միջև և յուրաքանչյուրն իր շահով է առաջնրոդվում։ Հստակ է ԱՄՆ-ի ռազմավարությունը, որն անփոփոխ է և ուղղված է Ռուսաստանին տարածաշրջանից մղելուն։
Խաղաղության համաձայնագրի հարցում քաղաքագետը լավատես չէ, բայց չի բացառում մինչև տարեվերջ փաստաթղթի ստորագրումը։
«Հետևելով իրադարձությունների զարգացմանը՝ կարծես ՀՀ իշխանությունները պատրաստ են դրան, որքան էլ ցավոտ լինի այն մեր երկրի համար և կան նաև ճնշումներ, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից դա արագ անելու։ Չեմ բացառում, որ մինչև տարեվերջ դա տեղի կունենա»։
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են․ պայքարն ընթանում է Կոնգրեսի և՛ ներկայացուցիչների պալատի, և՛Սենատի տեղերի համար: Վերլուծաբանների ու փորձագետների կանխատեսումներով՝ մեծ են Հանրապետականների հաջողության հասնելու հնարավորությունները, ինչն, ըստ Սուրեն Սարգսյանի, կբարդացնի Սպիտակ տան ու կոնգրեսի հարաբերությունները։
« Սա լուրջ խնդիրներ է ստեղծելու գործող նախագահի համար, որը առաջիկա երկու տարվա ընթացքում բարդություններ է ունենալու իր օրակարգը սպասարկելու համար, իր կողմից նախաձեռնված իրավական ակտերն անցկացնելու համար, և պետք է գիտակցել, որ հաջորդ նախագահական ընտրություններին ընդառաջ լուրջ բարդություններ է ստեղծելու դեմոկրատների համար։ Սենատում թվերը գրեթե հավասար են, և լուրջ մրցակցություն կա նաև Սենատի համար։ Տեսնենք, թե ինչպես կավարտվի»։
Քաղաքագետն ամերիկյան ընտրություններին զուգահեռ խոսում է նաև ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մասին, բացատրելով, որ Միացյալ Նահանգների համար այսօր ավելի մեծ վտանգ է ներկայացնում Չինաստանը, քան ՌԴ-ն, իսկ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի համար առավել կարևոր է Հայաստանը, քանի որ, մի կողմից, հարևան է իր դաշնակցի՝ Թուրքիայի հետ, մյուս կողմից հարևան է իր հակառակորդի՝ Իրանի հետ։
«Կա թուրք-ադրբեջանական տանդեմ և գիտենք նաև, որ Ադրբեջանում 10-130 մլրդի բրիտանական ներդրումներ են արվել, իսկ Բրիտանիան հենց այնպես ներդրումներ չի անում։ Սրան զուգահեռ թուրքական ֆակտորը Հարավային Կովկասում չափազանց ուժեղացել է, և արդեն գերակա դիրք է զբաղեցնում, ինչը մտահոգում է Իրանին», – ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյան։
Նման պայմաններում Իրանը Հայաստանի հետ մերձեցման քաղաքականություն է վարում, ինչի արդյունքում որոշակիորեն զսպվում են ադրբեջանական որոշ նկրտումներ՝ նկատում է քաղաքագետը և կարևորում Հայաստանի համարժեք արձագանքը ՝ ի պատասխան իրանական մերձեցման փորձերի։




