ԿարևորՀասարակություն

Քարաբերդի ոսկու հանքի հանրային լսումները չեն կայացել. քարաբերդցիները հանք չեն ուզում

Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքում կրքերը թեժացել են: Համայնքի Քարաբերդ բնակավայրում ոսկու հանքի ընդլայնման ծրագրի վերաբերյալ հանրային լսումներ էր  հրավիրել  «Ասսաթ» ՍՊԸ-ն: Բնապահպանների ու քաղաքացիական ակտիվիստների ճնշման ներքո ընկերության ներկայացուցիչները լքել են համայնքը: Տեղական իշխանությունները կազմել են արձանագրություն՝ հանրային լսումների չկայանալու վերաբերյալ:

Հանրային լսումը տեղի չունեցավ: Քարաբերդում էին բնապահպաններն ու  քաղակտիվիստները: Հենց նրանց ճնշման տակ ոսկու հանքի 2022-2025թթ․երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ընդլայնման  մասին նախնական հանրային լսումներ հրավիրած  «Ասսաթ» ՍՊԸ  ներկայացուցիչ Գագիկ Գևորգյանը  լքեց տարածքը:  «Ռադիոլուր»-ին չհաջողվեց անգամ պարզել՝ ինչ էր ենթադրում չինական էկոտեխնոլոգիայով հանքահարստացուցիչ ֆաբրիկայի նախագիծը, որով էլ պատրաստվում էին շահագործել հանքը:

Հարցազրույցից հրաժարվեց նաև Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը: Իր նստավայրում հավաքված լրագրողներին առաջարկեց 2 տարուց գալ հարցազրույցի: Նաև խիստ հանդիմանեց՝ եթե իմացա թաքուն նկարել կամ ձայնագրել եք,  կնեղանամ։

Քարաբերդի Քյոխվախլու տեղանքին է սահմանակից հանքը: Այստեղ են Քարաբերդի արոտավայրերը և խոտհարքները։ «Մի դրախտային  տեղ է, որ գալիս ես հոգնածությունդ  միանգամից անցնում է: Հիմա կովերն էլ չեն կթվում»— նեղսրտում է ֆերմեր Անահիտ Թումանյանը: Վարկ է վերցրել, անասնապահական տնտեսությունն ընդլայնել: Հանքի հեռանկարը խախտել է բոլոր պլանները: Մոլորվել է: Թողեք մենք մեր յուղով տապակվենք՝ ասում է

Անահիտ Թումանյան. «32 տարեկանում մանիկյուրս մաքրել եմ, եկել եմ կովեր եմ կթում, որ գոյությունս պաշտպանեմ էն վատ տարիներին: Հմիկ էլ թող ապրենք էլի մեզ համար, ոչ մեկից ոչինչ չենք ուզում: Վարկ վերցրի, որ շատացնեմ, էն էլ հանքն եկավ, ոչ արոտավայր կա, ոչ էլ: Երանի գաք դաշտերը տեսնեք, խոտ չի աճում»:

Քարաբերդի նախկին գյուղապետը  կողմ է հանքին: 30 տարի Քարաբերդը ղեկավարած Յուրի Շավելյանն իր փաստարկներն է բերում. թող գան,  հետազոտեն, հաշվարկեն, աշխատատեղեր էլ կբացեն, ի՞նչ վատ է  

«Կողմ ենք, եթե թունելային լինի, բաց հանքի դեմ ենք: Էդ հանքը գործել է դեռ Սովետական Միության ժամանակից: Եթե թունելային ըլնի, մինի զավոդ դնեն մոտ 300 մարդ կաշխատի իրանց հաշվարկով կաշխատի, դա էլ քիչ չի»:

Քարաբերդի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Ասսաթ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետռեգիստրի կայքի, հիմնվել է 1999-ին: Հիմնական  բաժնետերը Արամ Օսիկյանն է: Ըստ մամուլի հիշատակումների՝ Օսիկյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորներից է: Նրա հայտարարագրի՝ «Վայկ մետալ»-ի տնօրենն է: «Ասսաթ» ՍՊԸ-ում որպես մասնակից  գրանցված է նաև Արամ Օսիկյանի եղբայրը` Գևորգ Օսիկյանը, ով էլ «Վեդի ալկո» ՓԲԸ-ի տնօրենն է:

Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանի խոսքով՝ դեռ 2019-ին Վանաձորում նույն ընկերությունը հանրային լսումներ էր հրավիրել ու ստացել բասացական  պատասխան: Քարաբերդի ոսկու հանքի դիմաց Հայաստանի 3-րդ քաղաքն է, որ Քարաբերդից ուղիղ գծով հեռու է 1,5 կմ, հանքը շահագործվում է սողանքավտանգ գոտում, վնասներ կրելու են ոչ միայն Քարաբերդը, այլև շրջակա համայնքները 

Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյան. «էս հանքավայրի շահագործումը կապվում է Ռոբերտ Քոչարյանի խնամու հետ: Մտավախություն կա, որ Վանաձորում այս անգամ արդեն մերժում չեն ստանա, որովհետև  Քոչարյանի խնամու «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն իրականացրել է Վանաձորի Աղայան փողոցի ասֆալտապատումը, որի գումարը մինչ օրս չի փոխանցվել: Կա մտավախություն, որ այս հանգամանքն օգտագործելով՝ կկարողանան կորզել համաձանություն Վանաձոր համայնքից»:

Քարաբերդում վերոնշյալ ընկերությունը շուրջ 10 տարի է՝ քարհանք է շահագործում: Տեղական բյուջե վճարում վարձակալության չնչին գումարներ: Ըստ բնապահպան Օլեգ Դուլգարյանի՝ օրենսդրորեն  1 տարի դադար տալու պարագայում ընկերությունը զրկվում է քարհանքի շահագործման լիցենզիայից: Հենց այդ նպատակով է «Ասսաթ»-ը մերթ ընդ մերթ գործի գցում հանքը: Քիմիական աղտոտվածությամբ թունավորված հազարավոր հեկտար հողեր ու գետեր, մարդկանց առողջությանը սպառնացող անվերահսկելի ռիսկեր:

Անտառտնտեսության երկարամյա աշխատող, բնապահպան Վահան Մխիթարյանը, խոսելով ոսկու հանքերի թողած վտանգավոր «ժառանգության» մասին, նկատում է՝ հավասարապես աղտոտվում են բոլոր հարակից համայնքները: Վանաձորն, ասում է օդի աղտոտվածության մակարդակով հանրապետությունում 4 աղտոտված քաղաքների թվում է, մինչդեռ նախկինում կանաչ քաղաքի համբավ ուներ: Կարծում եք պատահակա՞ն է: Ողջը Քարաբերդի հանքի փոշին է: Թող իշխանությունները միանգամից հայտարարեն, որ կյանքի փոխարեն հանք են ուզում տեսնել, մարդիկ էլ որոշեն՝ մնո՞ւմ են, թե՞ գնում։

«Բնակչությանը հայտարարեք, ասեք, որ սա չի լինելու էկոլոգիապես մաքուր քաղաք, սա լինելու է հանքավայր, դուք ապրելու եք հանքում, ով ուզում է թող ապրի, ով ցանկություն չունի, գնացեք ուրիշ տեղ ապրեք: Անձամբ ես էս հանքավայրը փակելու համար մի քանի անգամ պայքարել եմ և հասել արդյունքի. Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, անգամ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է հետաքրքրված եղել այս հանքավայրով: Բոլորին կարողացել ենք ապացուցել մեր պայքարով և հաղթել»:

Հղում անելով Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանն ու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության ու գնահատման մասին» նոր օրենքի նախագծին՝ Օլեգ Դուլգարյանը կարևոր դիտարկում է անում՝ եթե համայնքի ղեկավարը տա դրական եզրակացություն, նոր օրենքով պիտի ներկայացնի հիմնավորումներ, որոնք կարտացոլեն համայնքի բնակիչների շահերը, մինչդեռ գործող օրենքով նման դրույթ չկա: Այստեղ Դուլգարյանը ռիսկեր է տեսնում. հանքարդյունաբերողները ջանք չեն խնայում ներկա կարգավորումներով շահագործել հանքերը՝ հետագայում օրենսդրական պարտավորություններից խուսափելու նպատակով:

Բնապահպան Օլեգ Դուլգարյան. «Կարևոր է նշել, որ համայնքի Քյոխվախլու թաղամասի բնակիչները նշում էին, թե  տեսել են, որ ծակել են և  ուսումնասիրություններ են իրականացվել: Խնդրեցի համայնքի ղեկավարին, որ ստուգի: Եթե դա ճիշտ է, ապա իրենք եկել են մի բանի համար. արդեն համոզված են, որ այնտեղ պաշարներ կան»:

Քարաբերդում ոսկու հանքի ընդլայնման ծրագրի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել նաև չեխական Առնիկա և Նեսեհնութի բնապահպանական ՀԿ-ները, որոնք Չեխիայում և արտերկրում զբաղվել են բնապահպանական և սոցիալական խնդիրներով: Համայնքներին և բնությանը սպառնացող վտանգները մատնանշելով՝ կառույցները կոչ են արել կանխել հանքի ընդլայնումը։

Կարդացեք նաև

Back to top button