ԿարևորՔաղաքական

Վաշինգտոնի հանդիպման դիվանագիտական «մեսիջը» և քաղաքական ակնկալիքները

Վաշինգնոտում կայանալիք՝ Միրզոյան–Բլինքեն– Բայրամով եռակողմ հանդիպման փաստը արդեն հաստատել են և՛ Երևանը, և՛ Բաքուն։

Քանի որ այդ հանդիպման մասին պաշտոնապես այլ տեղեկություններ  չեն հրապարակվում, անգամ հանդիպման օրն ու օրակարգը, ուստի հանդիպումից առաջ փորձ է արվում հասկանալ, թե ինչ խնդիրներ կարող է լուծել Սոչիին հաջորդած Վաշինգտոնը։

Կա վարկած, օրինակ, որ վաշինգտոնյան հանդիպումը պետք է «մեսիջ» լինի՝ ուղղված կոնկրետ կողմի, բայց Հայաստանում հիմնականում փորձում են հասկանալ, թե հայկական կողմն ինչ կարող է ստանալ այդ հանդիպումից։  

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ ձևաչափով հանդիպել են մեկ անգամ՝ այս տարվա սեպտեմբերի 19–ին Նյու Յորքում, մեկ անգամ էլ՝ հոկտեմբերի 4-ին եռակողմ հեռախոսազրույց են ունեցել։ Շփումների այդ քանակն, իհարկե, չի համեմատվի Մոսկվայի և Բրյուսելի հետ, բայց սպասվող հանդիպմումից ակնկալիքները էական են՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։  

Ուշագրավ է, որ այս հանդիպումը տեղի է ունենում Սոչիում հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո։ ԱԺ Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը հույս ունի, որ Վաշինգտոնում ի հայտ կգա Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման նոր տարբերակ։

«Այն, ինչ առաջարկվում է Արևմուտքի կողմից, ըստ էության մենք գիտենք, որ պլան, որպես այդպիսին, գոյություն չունի, և Վաշինգտոնում, ես հույս ունեմ, որ հիմնականում քննարկվելու են Ադրբեջանի առաջարկները, որոնք հայտնի են 5 կետ և Երևանի հակընդեմ առաջարկները ինտեգրելու, ինկորպորացնելու հնարավորությունը։ Դա կարող է դառնալ արևմտյան առաջարկ՝ վաշինգտոնյան նախագիծ, որովհետև այլ նախագիծ չկա, Վաշինգտոնը մշտապես խոսել է երկկողմ ձևաչափով հանդիպումների անհրաժեշտության մասին»։

Շատերը ենթադրում են, որ Միացյալ Նահանգների ուշադրությունը Հայաստանի նկատմամբ աճեց սեպտեմբերի 13–ի ադրբեջանական ագրեսիայից հետո։ Վերջին երկու ամիսներին Վաշինգտոնը 2 պատվիրակություն է գործուղել Հայաստան։ Առաջինը ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, մյուսը՝ մի խումբ ազդեցիկ կոնգրեսականների մակարդակով։

Այդ այցերի և ՀԱՊԿ հապաղող արձագանքի ֆոնին շատ քննարկվեց այն հարցը, թե իրատեսակա՞ն է արդյոք ԱՄՆ–ի կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հարցը։  Ըստ ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսի՝ ամեն բան պայմանավորված է գործակցային հարաբերություններով։ Սենատորն ավելի բաց տեքստով ասում է, որ ԱՄՆ–ն պատրաստ է էլ ավելի խորը հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, բայց այդ ամենին դժվար է հասնել, քանի դեռ Հայաստանը գործակցում է Ռուսաստանի հետ։

«Սենատորն ասում է, որ այս պահին փորձում է կանգնեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Համարում է, որ նրանք խախտել են միջազգային օրենքը։ Կիրառում է հանցագործներ ձևակերպումը, քանի որ կարծում է, որ Ալիևի ռեժիմը ռազմական հանցագործություն է գործել։ Մենենդեսը չի բացառում ԱՄՆ–ի կողմից Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցը, բայց հստակեցնում է՝ որ դեպքում․ եթե Հայաստանը որոշի ուրիշ ուղղություն վերցնել»։

Ռուսաստանից վերադառնալուց անմիջապես հետո Հայաստանի վարչապետը Աժ–ում տեղեկացրել էր, որ Սոչիում, ինչպես նաև դեռ սեպտեմբերին, Հայաստանը համաձայնել է աշխատել հարաբերությունների կարգավորման ռուսական առաջարկներով կամ, ինչպես ինքն է ձևակերպել, հայեցակարգով։ Թեև Սոչիի հայտարարության մեջ բացակայում էին «Լեռնային Ղարաբաղ» կամ «հակամարտություն» ձևակերպումները, այդ հանդիպումը Արցախում ձախողված չեն համարում։ Ավելին՝ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի կարծիքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9–ի փաստաթղթին հղումը և ռուս խաղաղապահների առաքելության մասին հիշատակումը, ինքնին ֆիքսում են, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ․   

«Հասկանում եք չէ՞, թե որքանով է բարդ ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտությունը։ Սա երևի աշխարհի ամենաբարդագույն հակամարտությունն է, եթե համեմատենք արաբա–իսրայելական հակամարտության հետ։ Դրա համար մտածել, որ մեկ հանդիպման ընթացքում, ասենք՝ Սոչիում կամ ինչ–որ այլ տեղ կարող ենք բոլոր հարցերին պատասխան տալ, դա այդպես չէ»։

Վաշինգտոնում սպասվող հանդիպման մասին կարծիք է հայտնել նաև 1994–1997 թվականներին Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպան Ռիչարդ Կոզլարիչը։ Նա ենթադրում է, որ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը մեսիջ է Պուտինին, որ ԱՄՆ-ը նախկինի պես Հարավային Կովկասի գործերում ներգրավված է։

Կոզլարիչի կարծիքով՝ Վաշինգտոնը ցանկանում է դադարեցնել «անվերջանալի ֆորումների կարուսելը», որում ներգրավված են Հայաստանն ու Ադրբեջանը, և ստիպել նրանց ուղիղ խոսել միմյանց հետ։

«Ես վստահ չեմ՝ որոնք են ԱՄՆ-ի նպատակները՝ բացի նրանից, որ պետք է ազդանշան տալ Մոսկվային ու կողմերին մղել այն բանին, որ դուրս գան այդ կարուսելից ու վերականգնեն ուղիղ բանակցությունները, որոնք տանում են խաղաղության համաձայնագրի։ Սոչիի բանակցությունների արդյունքը պարզ չէ, սակայն պարզ է, որ Պուտինը չի ստացել այն, ինչը ցանկանում էր կողմերից որևէ մեկից։ Չեմ կարծում, որ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը ինչ-որ բան կփոխի, բայց առաջիկա բանակցությունները ցույց կտան Բայդենի վարչակազմի ջանքերն ու առաջնորդությունը նոյեմբերի 16-ին Կոնգրեսի լսումների նախօրեին, որտեղ Կովկասի հարցերով Պետքարտուղարության ներկայացուցիչը Ֆիլիպ Ռիքերը և պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը ելույթ են ունենալու հանրային դեբատներում»։

Կոզլարիչը առանձնացրել է նաև վաշինգտոնյան հանդիպման դիվանագիտական լեզուն։ Նա նշել է, որ ոչ թե երկրների ղեկավարներին, այլ արտգործնախարարներին հրավիրելը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը ցանկանում է գնահատել Սոչիում կայացած հանդիպման արդյունքները։

Կարդացեք նաև

Back to top button