
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
«Ընդդեմ կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարումների» քաղաքացիական նախաձեռնության երիտասարդ անդամներն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել են, թե շարունակելու են իրենց պայքարը` հունվարի 18-ին հրավիրելով հավաք-երթ:
Քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանի խոսքով` հերթական ակցիայի նպատակը հանրությանն իրազեկելն է եւ, բացի այդ, ՍԴ-ին ցույց տալը, որ իրենց պայքարը զուտ մի քանի տասնյակ արկածախնդիր երիտասարդների «պարապ վախտի» զբաղմունք չէ։
Քաղաքացիական նախաձեռնության խնդրանքով` ԱԺ-ի 4 խմբակցությունների պատգամավորները դիմել են ՍԴ` վիճարկելու օրենքի սահմանադրականությունը: Միաժամանակ` միջնորդություն է ներկայացվել, որ օրենքի կիրառումը կասեցվի մինչեւ ՍԴ որոշման ընդունումը: Օրենսդրության համաձայն` Բարձր դատարանը հարցով որոշում պետք է ընդունի մինչեւ հունվարի 25-ը:
Երիտասարդ ակտիվիստները նպատակ ունեն նաեւ իրենց հերթական ակցիայով ՍԴ-ին ցույց տալ, որ նախաձեռնությունը բազմահազար քաղաքացիների համախմբված եւ միահամուռ պայքար է: Երիտասարդներն ասացին, թե ՍԴ-ի բացասական որոշումն էլ իրենք վերջնակետ չեն համարում եւ պայքարը շարունակելու են:
Նախաձեռնության անդամ Սեւակ Ծատուրյանն էլ նկատեց, թե ոչ իշխանական բոլոր խմբակցությունները միավորվել են իրենց բարձրացրած հարցի շուրջ:
Հարություն Աղլամազյանն էլ իր հերթին կոչ արեց բոլորին` չընտրել ֆոնդեր եւ ֆոնդերի կառավարիչներ: Ըստ նրա` դրանով նույնպես կարող են ցույց տալ, որ դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքին։
Արձագանքելով դիտարկմանը, որ իր հայտնի հարցազրույցում խնդրի վերաբերյալ տեսակետ հայտնեց նաեւ երկրորդ նախագահը` երիտասարդ ակտիվիստները շեշտեցին, թե իրենք չեն ցանկանում, որ բուն խնդրից մարդկանց ուշադրությունը արհեստականորեն շեղվի այլ ուղղությամբ, ապա կարծիք հայտնեցին, որ ինչպես ցանկացած քաղաքացի, երկրորդ նախագահը նույնպես պարզապես իր տեսակետն է հայտնել:




