
Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Լոս Անջելես
Ամեն Ամանորի հաջորդող ՀՅԴ հոբելյանը ավանդաբար դարձել է անցածն ու ներկան արժևորելու, ապագայի ծրագրերը նախանշելու առիթ, ասում են ՀՅԴ ղեկավարները: Հերթական` 123-րդ տարեդարձը նույնպես կազմակերպվել էր նույն օրակարգով: Այս անգամ այդ օրակարգը շատերին էր գրավել. կուսակցության տոնը նշվեց լեցուն դահլիճում:
Անցածի վերլուծությամբ և ապագա քայլերի առաջարկով հանդես եկավ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը: Նա խոսեց անցած տարվա մարտահրավերների ու դրանց լուծման գործում թերացումների մասին, անդրադարձավ Հայաստանի, Արցախի, սիրիահայերի, ջավախահայերի խնդիրներին, որոնք լուծելու համար, նրա խոսքով, անհրաժեշտ է համախմբվել ազգային միասնական գաղափարախոսության շուրջ:
Վիգեն Հովսեփյանը նշեց, որ ԱՄՆ-ի արևմտյան ափի հայ համայնքը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է, մինչդեռ կառույցները բավարար ակտիվ չեն աշխատում քանակը որակի, որակը` գործի վերածելու համար: Մեր ազգը հրաշքներ է գործում, երբ հավատում է միասնական ազգային գաղափարախոսությանը: ՀՅԴ-ն առաջարկում է բոլորին, անկախ կուսակցական պատկանելությունից, միավորվել ու մտածել համախմբվելու ձևերի մասին: Խոստանում են, որ իրենք կլինեն առաջին գծում։
ԱՄՆ արևմտյան ափում բնակվող դպրոցահասակ տարիքի հայերի թիվը հասնում է 100 հազարի, մինչդեռ հազիվ 5000-ն է հայկական կրթություն ստանում: Երիտասարդներին արմատներին մոտեցնելը, ազգային օրակարգի շուրջ համախմբելը ՀՅԴ-ն համարում է գլխավոր անելիքներից մեկը:
Կուսակցության 123-ամյա տարեդարձն ուրախ նշելու համար կազմակերպիչները երեկոն չէին ծանրաբեռնել ելույթներով. բեմում ավելի շատ երիտասարդներ էին` ազգային երգ ու պարով:




