
Նոյեմբերի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում «Փյունիկը» կհյուրընկալի Շվեյցարիան ներկայացնող «Բազելին»։ Հայաստանի գործող չեմպիոնը հնարավորություն ունի եվրագավաթային փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճել։
Այսօրվա հանդիպմանն ընդառաջ՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիկ Մխիթարյանը:
Նա գրել է. «Շատ ուրախալի է, որ այսօր Հանրապետական մարզադաշտում կտեսնենք բազմաթիվ երկրպագուների, և ես շատ կուզենամ, որ մեր ակումբների բոլոր եվրագավաթային խաղերին էլ գոնե 10․000+ քանակի երկրպագուներ գան խաղին։
Բոլորս խոսում ենք, որ պատմական իրադարձություն պետք է տեղի ունենա և, իհարկե, բոլորիս ցանկությունն է, որ Փյունիկը դուրս գա Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլ։
Բայց մեզ բնորոշ է շատ արագ և ուժեղ ոգևորվել, իսկ անհաջողության դեպքում՝ ամենավերջին բառերով անպատվել մեր ակումբային թիմերին կամ ազգային թիմին։
Պետք է իրատես լինենք և շնորհակալություն հայտնենք մեր չեմպիոնին, որ կարողացավ այսքան լարված և ինտրիգային եվրագավաթային աշուն ապահովել մեզ, ու երևի քչերն էին պատկերացնում մինչև խմբային փուլի մեկնարկը, որ Փյունիկին կհաջողվի մինչև վերջին տուրը պահպանել փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները։
Հատկապես ուրախացնում է մեր չեմպիոնի ցուցադրած խաղի որակը, որից էլ բխում են այս տարվա հաջողությունները, և մեր ազգային թիմին էլ մաղթենք նման կայուն խաղային որակներ, որոնք շատ են պակասում մեր գլխավոր թիմին․․․
Անկախ այսօրվա խաղի արդյունքից՝ Փյունիկն այս տարի մեծ քայլ առաջ կատարեց մեր ակումբային ֆուտբոլի համար։ Եվ կարծում եմ՝ շատ լավ կլինի զարգացման տեսանկյունից, որ ամեն տարի երկու թիմ ունենանք Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, ինչն առաջին հերթին մեր ակումբներին կբերի կայուն եկամուտներ (միջինում 4-5 միլիոն եվրո), որոնք իրենց հետ կարող են բերել լրացուցիչ ներդրումներ ու մի օր մենք կկարողանանք նաև մտածել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ մտնելու մասին կամ Եվրոպա լիգայի խմբային փուլում փլեյ-օֆֆ մտնելու համար իրական պայքարի մասին։
Ինչևէ՝ հաջողություն մաղթենք մեր չեմպիոնին Բազելի հետ այսօրվա խաղում»:




