ԿարևորՏնտեսական

Տնտեսական բում․ գործադիրը գոհ է արդյունքներից

Տնտեսական բում՝ Հայաստանում․ խորհրդարանական հանձնաժողովներում շարունակվող  բյուջետային քննարկման ժամանակ տնտեսական իրավիճակն այսպես է բնորոշել Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արձանագրված և ակնկալվող ցուցանիշներին։ Դրանցից շատերն, ըստ վարչապետի, տպավորիչ են և խոսում են տնտեսական ճիշտ քաղաքականության մասին։ 2023 թվականին  բյուջեի եկամուտներն, օրինակ,  2018 թվականի ցուցանիշը կգերազանցեն 75 տոկոսով: Արդյունքները, ըստ գործադիրի ղեկավարի, փաստում են, որ հաղթահարել ենք համավարակի ու պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններն ու մտել վերականգնման փուլ։     

Առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու համար քաղաքացիներին վերադարձվող գումարն ավելացել է մի քանի անգամ։ 2018-ին հիփոթեքային վարկի մարման ծրագրով վերադարձվել է 4,7 մլրդ դրամի եկամտային հարկ, 2021-ին՝ շուրջ 7 անգամ ավելի՝ 32,7 մլրդ դրամ։ Վարչապետը խոստովանում է՝ բյուջեի համար անվերահսկելի ծախս է, բայց շինարարության ոլորտում աճն ակնհայտ է, ինչն արդեն ցուցիչ է։

«Շինարարության ոլորտում 14 տոկոս աճ ունենք՝ 2021–ի համեմատ։ Եթե ցուցանիշը համեմատենք 2018–ի հետ , աճը էականորեն շատ ավելին է։ Պետք է հաշվարկենք, որ վերադարձվող գումարն այնուամենայնիվ տնտեսություն է վերադառնում»։

Շինարարության ոլորտը երկնիշ աճ արձանագրած միակ ոլորտը չէ։ Կառավարության ղեկավարը, հունվար–սեպտեմբեր  ամիսներին տնտեսական ակտիվության երկնիշ աճը հիշեցնելով,  հայտարարում է՝ 2022 –ի արդյունքներով հաղթահարել ենք 2020 թվականի համավարակի ու պատերազմի հետևանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները և վերականգնել ենք տնտեսական զարգացման տեմպը:

«Այսօր ՀՀ տնտեսությունը բում է ապրում: Հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս: Սա չափազանց կարևոր ցուցանիշ է, այս տեմպը մեզ հնարավորություն է տալիս, որ  զուտ միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք ու կիրացնենք այն՝ վերադառնալով 2019 թվականի տեմպին»։

2022–ի արդյունքներով հարկային եկամուտները 662 մլրդ դրամով կամ  1․6 մլրդ դոլարով կգերազանցի 2018–ի ցուցանիշը։ 2018–ի նկատմամբ ցուցանիշն ավելացել է 52 տոկոսով։ 2023–ի բյուջեով  2 տրիլիոն 203 մլրդ դրամ եկամուտ է ակնկալվում՝ 2018–ի ցուցանիշից 946 մլրդ դրամով կամ 75 տոկոսով ավելի։

«Արձանագրենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք բյուջեի եկամուտները ավելացնում ենք 75 տոկոսով։  Ընթացիկ տարվա բյուջեն մենք սպասում ենք, որ կգերակատարվի մոտ 80 մլրդ դրամով»։

Վարչապետը համոզված է, որ կառավարությունը քաղում է իր որդեգրած տնտեսական քաղաքականության պտուղները՝ մենաշնորհների հաղթահարում, կոռուպցիայի դեմ պայքար, օրենքի առաջ հավասարություն։

Տնտեսական  ցուցանիշերի մեջ երկնիշ են նաև գնաճի ու դրամի արժևորման ցուցանիշերը։ Ավելի շատ ապրանք ներմուծող, քան արտահանող Հայաստանում  առաջին հիմնական սպառման ապրանքների գների նվազում այդպես էլ չարձանագրվեց։  Սա հանգեցրեց գնողունակության՝  երկնիշ ցուցանիշով նվազման, ինչի ֆոնին  տնտեսագետները  աղքատության մակարդակի ավելացում են կանխատեսում։ ՀԲ–ն, օրինակ, չի բացառում, որ  Հայաստանում աղքատության մակարդակը կարող է հասնել  39,6%–ի։

«Ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգաբնակչության գրեթե ամեն երկրորդ քաղաքացին աղքատ է լինելու։ Եթե սրան հավելենք այն մարդկանց թիվը, որոնք աշխատում են, բայց չեն վաստակում բավարար գումար պարենային նվազագույն զամբյուղը ձեռք բերելու համար,  ապա պարզ կդառնա, որ ունենք աշխատող աղքատներ։ Նրանց պետք է հավելել աղքատության պաշտոնական շեմին, քանի որ հիմնականում գործազուրկներն են աղքատները։ Բայց այս դեպքում նաև նրանք են, որոնք ապրում են դրսից փոխանցվող գումարների  հաշվին»։

Կառավարությունը գնաճի հետևանքները մեղմել փորձում է նաև նվազագույն աշխատավարձի, նպաստների ու կենսաթոշակների բարձրացմամբ։  Վարչապետը հիշեցնում է սեպտեմբերին՝ շուրջ 3 հազար դրամով բարձրացած  կենսաթոշակի մասին, խոստանում ևս մեկ նմանատիպ բարձրացում հաջորդ տարվա հուլիսից։ Մինչ այդ կենսաթոշակառուներն ամսական մոտ 5 հազար դրամով բարձրացնելու հնարավորություն է տալիս  անկանխիկ առևտուրը։ Ընտանեկան նպաստ ստացողները նույնպես ունեն այդ հնարավորությունը։ Սա, վարչապետի գնահատմամբ,  նաև սոցիալական առավել արդյունավետ քաղաքականություն վարելու հնարավորություն է։

«Սա շատ կարևոր բաղադրիչ–ցուցանիշ է։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ թոշակառուների շրջանում անկանխիկ առևտուրը սկսում է,  ըստ էության, պրոգրեսիայով աճել»։

Թոշակառուների ու նպաստառուների՝ անկանխիկ առևտրի տվյալների վերլուծությամբ կառավարությունում նախատեսում են առանց գաղտնազերծման հասկանալ, թե  որ ապրանքներն են ամենազգայունը,  ըստ այդմ՝ հասկանալ նաև, թե ինչպես օգնել խոցելի խավերին։ Տվյալների վերլուծությունը գործադիրի համար մեկ այլ՝ ոչ հաճելի  իրողություն է պարզել։  

«Ինչու ՞ է ՀՀ նրանց վճարում։ Համաձայնեք, որ շատ տարօրինակ տրամաբանություն է՝  վճարել քաղաքացուն, որպեսզի ինքն իր հերթին վճարի շահումով խաղերին մասնակցելու համար»։

2024 թվականի հունվարից Հայաստանում կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Սա կարևորագույն բարեփոխում է։  Առնվազն սկզբնական շրջանում գործի 90 տոկոսը կանի ՊԵԿ-ը. քաղաքացին կստանա  իր հայտարարագիրը։ Համընդհանուր հայտարարագրման համակարգը հարկային որևէ լրացուցիչ պարտավորություն չի առաջացնի՝ խոստանում է կառավարությունը՝ հստակեցումն անելով հատկապես  արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների համար:

Կարդացեք նաև

Back to top button