ԿարևորՀասարակություն

Թեհրանյան այցը փաստում է Հայաստան-Իրան-Ռուսաստան առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը․ իրանագետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սոչիի եռակողմ հանդիպմանն անմիջապես  հաջորդած այցը Թեհրան վկայում է Հայաստան-Իրան-Ռուսաստան առավել սերտ համագործակցության անհրաժեշտության մասին` կարծում է իրանագետ, Միջին Արևելքի հարցերով փորձագետ  Հարութ Արթին Առաքելյանը։

Ըստ «Ռադիոլուր»-ի զրուցակցի` Իրանը փորձում է Հայաստան-Ադրբեջան սահմանային վեճի լուծման հարցում առավել լուրջ ներգրավվածություն ունենալ, ինչը պայմանավորված է նաև Ռուսաստանի դիրքորոշմամբ։ «Իրանը լավ գիտակցում է Բաքվից եկող հնարավոր վտանգները, ուստի տարածաշրջանում Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրողության պայմաններում իրանական կողմը Բաքվի հետ իր քաղաքական խոսույթում արևելյան դիվանագիտության ոճով որդեգրել է «բարեկամության սահմաններ» եզրույթը, չնայած գիտակցում է, որ Ադրբեջանի հետ քիչ հավանական է ընդհանուր բարեկամական սահման ունենալը»,- ասում է Հարութ Արթին Առաքելյանը։

Իրանը շարունակում է Հարավային Կովկասում վեճի լուծման ճիշտ ճանապարհ համարել «3+3» ձևաչափը՝ նշում է վերլուծաբանը և ընդգծում՝ օտար տերությունների ներկայությունը տարածաշրջանում բարդացնում է վեճերը, հետևաբար Թեհրանը դեմ է այդ  ներկայությանը։

«Իրանը չի ցանկանում, որ տարածաշրջանը վերածվի օտարերկրյա դերակատարների թատերաբեմի, այս տրամաբանությունից ելնելով է, որ առաջարկում է «3+3» ձևաչափով գործել, այսինքն՝ կովկասյան երկրները լուծում են տարածաշրջանի խնդիրները, որտեղ մուտք չեն կարող ունենալ արևմտյան, եվրոպական, անգամ իսրայելական ուժերը։ Իրանը մշտապես փորձում է բալանսավորված քաղաքականություն վարել հարևանների հետ, սակայն այս ամենով հանդերձ կան թաքնված տողատակեր, դրանցից մեկն էլ հենց Կապանում բացված հյուպատոսության հանգամանքն է, որով Իրանը ցույց է տալիս, թե որ ճամբարում է կանգնած և ինչի է պատրաստ իր սահմանների վտանգը չեզոքացնելու համար», –ասում է վերլուծաբանը։

Կարդացեք նաև

Back to top button