
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ստորագրել փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համար։
«Սոչիում կայանալիք հանդիպմանը ես պատրաստ եմ պաշտոնապես արդեն ընդունել, եթե անհրաժեշտ է՝ եռակողմ հանդիպման ֆորմատով ստորագրել այդ 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման»»,- ասել է Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարում։
Նա հերքել է նաև այն պնդումները, թե կան հայ-ադրբեջանական կարգավորման ռուսական և արևմտյան առաջարկներ՝ նշելով, որ կան տարբեր ընկալումներ։
«Վերջին ժամանակներում հայ հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել, թե կա ռուսական առաջարկը, որը դրական է մեզ համար, և կա արևմտյան առաջարկը, որը բացասական է մեզ համար, և ՀՀ Կառավարությունը մերժում է ՌԴ-ի ծրագիրն ու ընդունում արևմտյան ծրագիրը: Սա իրականության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի»:»,- ասել է Փաշինյանը։
ՀՀ-ն ռուսական ընկալման հետ համաձայնվել է և սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021 թվականի հունվարին: Նրա խոսքով, այս համաձայնությունների հիմնաքարն այն էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության երաշխավորը։
«Եվ մենք պայմանավորվել ենք այդ սցենարի ու պլանի շուրջ: Այդ պլանն աշխատանքային ռեժիմով ներկայացվել է Հայաստանի Հանրապետությանը 2022 թ օգոստոսին: Ընդ որում, պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ օգոստոսին ներկայացվում է, սեպտեմբերին ռուսաստանցի համանախագահողը կվերադառնա՝ մեր վերջնական դիրքորոշումը ստանալու: Եվ սեպտեմբերին հենց առաջին հանդիպման ժամանակ մենք համաձայնություն ենք տվել այդ պլանի իրագործմանը մի պարզ պատճառով՝ դա մեր պայմանավորվածություն է եղել դեռևս 2021-ի հունվարից», — ասել է Փաշինյանը:




