
Հայտարարություններ, արձագանքող գրառումներ և այցելությունների խիտ օրակարգ։ Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տարբերակների շուրջ ՌԴ նախագահի հայտարարություններից հետո Երևանում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ Վերլուծաբանները սա նոր, երրորդ տարբերակի պատրաստման մեսիջ են ընկալում։
Ամենայն հավանականությամբ շուտով կհայտնվի Երևանի ու Բաքվի հարաբերությունները կարգավորել առաջարկող երրորդ տարբերակը՝ կարծում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևան է ժամանել առաջին և երկրորդ տարբերակների սինթեզված առաջարկի համար։ Եվրոպացի պաշտոնյան թվիթերյան գրառմամբ չի խոսել երևանյան այցի նպատակի մասին, բայց տեղեկացրել է, որ Հայաստանի մայրաքաղաքում է։ Փորձագետները նկատում են, որ այցը տեղի է ունենում վաշինգտոնյան ու ռուսական առաջարկների քննարկման ակտիվ փուլում։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն Երևան, ապա Բաքու էր ժամանել՝ Ադրբեջանի զինուժի ձեռնարկած ագրեսիայից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 17-ին։
«Մինչև Պուտինի վերջին հայտարարությունն ընդգծվում էր արևմտյան կողմի և՛ էֆեկտիվությունը, և՛ առավելությունը այն իմաստով, որ անմիջապես տարածաշրջան գործուղեցին դիտորդական առաքելություն, և Արևմուտքը փորձեց ստանալ կողմերի միջև որոշակի փոխհամաձայնություն։ Ռուսական կողմի արձագանքը, սակայն, ըստ էության դրդելու է Արևմուտքին որոշակիորեն փոխել իր առաջարկած ծրագրի ընդունման ռազմավարությունը։ Եվ առաջիկայում հնարավոր է, ոչ մենք տեսնենք որոշակի տրամաբանության փոփոխություն, չեմ բացառում նաև, որ երրորդ առաջարկին մենք ականատես կլինենք»։
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետություն ժամանեց 10 օր առաջ։ Որոշումն արագ կայացվեց , դիտորդները ժամանեցին հյուսիսային հարևան Վրաստանից , որտեղ նրանց երկարատև ներկայությունն, ըստ էության, բացառել է լուրջ միջադեպերը Վրաստանի ու Աբխազիայի, Վրաստանի և Հարավային Օսեթիայի շփման գծերում։

Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքի մասին ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը խոսել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։ Նրանք նաև անդրադարձել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին: Քաղաքագետը, խոսելով առաջարկի երրորդ տարբերակի մասին, մատնացույց է անում ԵՄ–ն՝ ընդգծելով Ֆրանսիայի դերակատարումը․
«Քանի որ նախորդ առաջարկներից մեկը վերագրվում է ԱՄՆ-ին, կամ ինչպես Պուտինն ասաց՝ վաշինգտոնյան առաջարկ է, ապա ենթադրելի է, որ ևս մեկ առաջարկ կլինի եվրոպական կողմից, ենթադրելի է՝ Ֆրանսիայի նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով, որ այս պահին սկսվում է երկու առաջարկների միջև հակասությունների և առավելությունների քննարկումը»։
Հնչած հայտարարությունների հիման վրա Արա Պողոսյանը նշում է, որ ներկայացված առաջարկներից մեկով՝ վաշինգտոնյան տարբերակով, Արցախի հարցը շրջանցվում է, մյուսով՝ ռուսական տարբերակով կարգավիճակի հարցը թողնվում է ապագային և հայկական ու ադրբեջանական կողմերի համաձայնություններին։ Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի երևանյան այցը պայմանավորում է անվտանգության ապահովման հարցում ԵՄ–ի ստանձնած պարտավորություններով։
«Սա նշանակում է, որ հնարավորություններ են բացվում, և նրանք պարբերաբար իրենց այցելություններով, քաղաքական հաղորդագրություններով ցույց են տալիս, որ դուռը բաց է , իսկ մնացածը Հայաստանի Հանրապետության ընտրության հարցն է, իսկ Հայաստանի Հանրապետությունն այլընտրանք չունի, քան ընտրել անվտանգության տիրույթի դիվերսիֆիկացված մոտեցումը,՝ավելի շատ հակված լինելով գործակցության Արևմուտքի հետ, քանի որ այդ անվտանգության տիրույթը նրանք մեզ համար կարողացան ապահովել սեպտեմբերյան սրացումների հետո»։
Ուշագրավ է նաև այն, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևան է ժամանում Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպումից ընդամենը երկու օր առաջ։




