Հասարակություն

Ծավից գնում են այնտեղ, ուր աշխատանքի դիմաց հնարավոր է աշխատավարձ ստանալ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մեր երկրի հարավում՝ Սյունիքի մարզում գտնվող սահմանամերձ Ծավ համայնքը միավորում է Ծավ և Շիշկերտ գյուղերը: Ծավը գտնվում է Մեղրու լեռնաշղթայի լանջին` Ծավ գետի ափին։ Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է XVIII-րդ դարի կեսից, նշված է Ղուկաս Սեբաստացու «Ընտիր պատմություն Դավիթ Բեկի» աշխատության մեջ։  

Տասնմեկ կիլոմետր հեռավորության վրա  Խուստուփ լեռան ստորոտին է գտնվում համայնքի մյուս գյուղը՝ Շիշկերտը: Այն շրջապատված է խիտ անտառներով, որտեղից սկիզբ է առնում Բասուտա գետը, որը հոսում է Ծավ — Հանդ գյուղերով: Համայնքն ունի 440  փաստացի բնակիչ:

Անցյալ տարի համայնքում  կատարված աշխատանքները «Ռադիոլուրին» ներկայացնելով՝ գյուղապետ Սեյրան Զաքարյանը հայտնեց, որ համայնքում գիշերային լուսավորության հետ մեկտեղ վերանորոգվել է երիտասարդական ժամանցի կենտրոնը, մասնակի լուծվել է հանդիսությունների սրահի կահավորման հարցը, համայնքի միջոցներով վերանորգվել են գյուղական գերեզմանատների ցանկապատները։ Համայնքի ղեկավարը հույս հայտնեց, որ առկա խնդիրներին կհաջողվի լուծում տալ 2014 թվականի ընթացքում:

Գյուղատնտեսությունը համայնքում տարեց տարի անկում է ապրում, քանի որ այն շահութաբեր չէ, արձանագրեց Սեյրան Զաքարյանը: Մշակվում է հողերի միայն 30 տոկոսը, մնացած 70 տոկոսը տարիներ շարունակ անմշակ է մնում: Գյուղացիների հուսալքությանը խորացնող արտադրանքի իրացման խնդիրը պայմանավորված է մարզկենտրոնից՝ Կապանից 37 կիլոմետր հեռավորությամբ։

Աշխատատեղերի բացակայությունը նպաստում է արտագաղթին: Մեկնում են ինչպես մարզից, այնպես էլ հանրապետությունից, ուր աշխատանքի դիմաց հնարավոր է ստանալ  աշխատավարձ, ասում է գյուղապետը:

Նոր աշխատատեղեր կարող է ապահովել երկրորդ փոքր ՀԷԿ- ի կառուցումը, սակայն այն ևս ի զորու չէ ապահովել աշխատատեղերով համայնքի բնակչությանը: Մնում է նպաստել գյուղատնտեսության զարգացմանը, պարզապես պետք է խրախուսել գյուղացուն։

Կարդացեք նաև

Back to top button