
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնց պատճառով բուհերը ինքնուրույն չեն կարողանում բարձրորակ մասնագետներ պատրատել այդ ոլորտի համար։ Պատճառներն օբյեկտիվ են․ նմանատիպ ուսուցման համար անհրաժեշտ են թանկարժեք սարքավորումներ և ծրագրային ապահովում։ Օրինակ՝ բնագավառի լավագույն ծրագրային փաթեթի լիցենզիան արժե մոտ 1,5 մլն դոլար։ Ընդ որում, փաթեթի արժեքը բազմապատկվում է ուսանողների քանակով։ Սակայն, բուհն ուսուցման համար այդքան գումար չի կարող տրամադրել։ Մյուս պատճառը բնագավառի դինամիկ զարգացումն է։
Սինոփսիս Արմենիայի Համալսարանական ծրագրերի տնօրեն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ Վազգեն Մելիքյան․
«Առաջին ինտեգրալ սխեման ստեղծվել է 64 տարի առաջ և ընդամենը երեք տրանզիստոր է ունեցել, այսօրվա ինտեգրալ սխեմաները պարունակում են 54 մլրդ տրանզիստորներ։ Ստացվում է, որ յուրաքանչյուր տարի մի քանի տասնյակ միլիարդ անգամ ավելանում է տարրերի քանակը կամ այդ օբյեկտների բարդությունը, որի նախագծմանը վերաբերում է այս բնագավառը։ Համալսարանական կրթությունը իր բնույթով իներցիոն է և չի կարող այդպիսի արագությունների հետևել»։
Այդ պատճառով 2004 թ-ից իրագործվում է «Բուհ-արդյունաբերություն» մոդելը։ Ընկերությունը ուսման համար թանկարժեք ծրագրեր, սարքավորումներ և լսարաններ է ապահովում։ Պոլիտեխնիկական համալսարանն իր հերթին տրամադրում է բարձրորակ դասախոսներ, թույլ է տալիս ընտրել ուսանողներին։ Նաև հնարավորություն է տալիս համեմատաբար ավելի արագ, քան մյուս մասնագիտությունների դեպքում փոփոխել ուսումնական պլանները։ Ուսանողները առաջին երկու տարիների ընթացքում ընդհանուր կրթական առարկաներ են սովորում, որից հետո ընտրված լավագույն ուսանողները շարունակում են կրթությունը Սինոփսիսի մշակած կրթական ծրագրով։ 2004 թ-ից մինչ օրս Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտն ավարտել է 1200 շրջանավարտ։ Նրանք համալրել են ինտեգրալ սխեմաների(IC) նախագծման և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման(EDA) ոլորտի աշխատաշուկան։
«Դրանց մեծամասնությունը՝ 77 տոկոսը, աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում։ Մնացածն աշխատում են բնագավառի այլ ընկերություններում։ Սովորաբար, այդ մասնագետներին տարբեր ձևերով գրավելով ընկերությունները տանում են իրենց մոտ, որը նույնպես վկայում է նրանց որակի մասին։ Կրթական այս մոդելը սկսել ենք իրագործել ՀԱՊՀ համալսարանի հետ, սակայն ծրագրի սկսելուց անմիջապես հետո մյուս բուհերը նկատեցին, որ այդ կրթական մոդելը բավականին արդյունավետ է, և ցանկություն հայտնեցին մասնակցել այդ ծրագրին։ 2005թ-ից սկսել ենք նմանատիպ կրթական ծրագիր ԵՊՀ–ի, այնուհետև Հայաստանի Եվրոպական և Ռուս-հայկական սլավոնական համալսարանների հետ»։
Տարիների ընթացքում ստեղծվել է 150 դասընթաց, որոնք տեղադրված են Սինփսիսի կայքէջում։ Դրանցից կարող են օգտվել նաև այլ համալսարաններ՝ որոշակի պայմաններ բավարարելու դեպքում։ Ներկայում դրանցից օգտվում է աշխարհի շուրջ 2000 համալսարան, այդ թվում՝ Մասաչուսետսի տեխնոլոգիական համալսարանը, Ստենֆորդը, Բերկլին և այլն։ «ԲՈՒՀ-Արդյունաբերություն» կրթական ծրագրում ընդգրկվելու մրցույթին կարող են մասնակցել ՀԱՊՀ առկա ուսուցման 2-րդ եւ հեռակա ուսուցման 3-րդ կուրսերի ուսանողները։ Դիմումները պետք է ներկայացնել մինչեւ նոյեմբերի 30-ը։
Սիրանույշ Սարգսյանն այս ծրագրի մասնակիցներից է։ Նա սովորում և միաժամանակ աշխատում է «Սինոփսիս Արմենիայում»։
«Սովորելուն զուգընթաց «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում աշխատելու հնարավորություն եմ ստացել։ Ուսումնական դեպարտամենտը ուսանողներին հնարավորություն է տալիս ուսում ստանալ ոլորտի լավագույն մասնագետներից, ձեռք բերած գիտելիքները կիրառել նորագույն տեխնոլոգիաներով մշակված ուսումնական նախագծման միջավայրում, որն էլ նպաստում է գերժամանակակից ինտեգրալ սխսեմաների նախագծման հմտություններ ձեռք բերելուն»։
Ի՞նչ քաղաքականություն է որդեգրել ԿԳՄՍ նախարարությունը բուհ-աշխատաշուկա խզվածքը ուղղելու համար։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն այժմ մշակման փուլում է։ Նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության մասնագետ Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ գործող իրավակագավորումներով բուհերն իրենք են կապեր ստեղծում գործատուների հետ։
«Նախարարությունը նպաստում է ոլորտային շրջանակների մշակմանը և հաստատմանը։ Դրանք մշակելու համար ակտիվորեն ներգրավվում են նաև գործատուներ, այդ թվում՝ մասնավոր ոլորտից։ Հետո այդ ոլորտային շրջանակների հիման վրա բուհերը կազմում են իրենց կրթական ծրագրերը, որոնք պարբերաբար վերանայվում են։ Բուհերն իրենց կրթական ծրագրերը մշակելիս ակտիվորեն ներգրավում են գործատուներին և փորձում նաև նրանց առաջարկությունների հիման վրա մշակել կրթական ծրագրերը»։
Մեկ այլ ուղղությամբ՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներում, պարտադիր պետք է ներգրավվեն ոլորտի մասնագետներ, այդ թվում նաև գործատուներ։ Բուհերը պարտավոր են յուրաքանչյուր ամփոփիչ ատեստավորման ավարտից հետո նախարարությանը որոշակի առաջարկություններ ներկայացնել։




