
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Շանթ Հարությունյանը դադարեցրել է դեկտեմբերի 24-ից սկսած հացադուլը, այսօր լրագրողներին հայտնել է Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, ով ասուլիսից առաջ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում տեսակցել է իր պաշտպանյալի հետ: Ըստ Պետրոսյանի՝ Շանթ Հարությունյանի առողջական վիճակն անբավարար է, նա բժշկակակն հսկողության կարիք ունի։ Պաշտպանը նաև հայտնել է, որ հունվարի 8-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել կալանքը երկարացնելու դատարանի որոշման դեմ: Դեկտեմբերի 28-ին դատարանը որոշել էր բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունն ու Շանթ Հարությունյանի խափանման միջոցը երկարաձգել ևս երկու ամսով: Թե երբ կավարտվի նախաքննությունը, պաշտպանը դժվարացել է կանխատեսել՝ նշելով, որ նախաքննական մարմինն իր տպավորությամբ մեծ ջանասիրություն չի ցուցաբերում:
Նոյեմբերի 5-ից ձերբակալված, ապա կալանավորված Շանթ Հարությունյանը քրեակատարողական հիմնարկից հոգեբուժական կենտրոն էր տեղափոխվել նոյեմբերի 20-ին, դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նպատակով: Դեկտեմբերի 10-ին կրկին կալանավայր էր տեղափոխվել, իսկ դատարանը փորձաքննության երկամսյա ժամկետ էր սահմանել: Փորձաքննության եզրակացություննհ արդեն հայտնի է, բայց պաշտոնապես դեռ չի ներկայացվել:
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն այս մասին տեղեկացել է քննչական խմբի ղեկավարից: «Հեռախոսազրույց եմ ունեցել քննչական խմբի ղեկավար Տոնոյանի հետ: Նա բանավոր տեղեկացրեց, որ ըստ փորձաքննության եզրակազության՝ իմ պաշտպանյալը մեղսունակ է: Պաշտոնապես այդ եզրակացությունը դեռ չեմ ստացել։ Քննիչը նշեց, որ օրենքով սահմանված տասնօրյա ժամկետում այն ինձ պաշտոնապես կտրամադրվի»:
«Երեւան- Կենտրոն» ՔԿՀ-ից Շանթ Հարությունյանը երեկ է տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացմամբ պայմանվորված: Դեկտեմբերի 24-ին սկսած հացադուլը նա այսօր դադարեցրել է, բայց, ըստ պաշտպանի, բժշկական հսկողության կարիք ունի։
Ինեսա Պետրոսյանին մտահոգում է նաև Շանթ Հարությունյանի տեսակցությունների հարցը: Մեկնաբանություններ, թե ինչու հարազատներին չի թուլատրվում տեսակցել Շանթ Հարությունյանին, ըստ պաշտպանի, չեն տրվում: Համենայն դեպս՝ այն դիմումին, որը Հարությունյանը ներկայացրել էր վարույթ իրականացնող մարմնին՝ տեսակցությունների արգելանքը վերացնելու վերաբերյալ, ըստ պաշտպանի, որևէ պատասխան առայժմ չի տրվել, իսկ տեսակցությունները շարունակում են արգելվել: «Որևէ հիմնավորում չկա, չի էլ կարող լինել, որովհետև դա անհիմն է: Նույն Հարությույնույանը նշում է, որ մարտի մեկի գործով, երբ 10 զոհ կար, տեսակցությունների արգելքը տևեց 3-4 շաբաթ: Իսկ այս դեպքում արդեն երրորդ ամիսն է շարունակվում»:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում «Ցեղակրոն » կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կողմնակիցների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումների արդյունքնում հարցուցված քրեական գործի շրջանակներում Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Ինեսսա Պետրոսյանը կարծում է, որ իր պաշտպանյալին մեղսագրված արարքում բացակայում է հանցակազմը: «Ոստիկանության մասին» օրենքով ոստիկանը պետք է համազգեստ կրի, որպեսզի տարբերվի մյուս անձանցից: Տվյալ դեպքում Շանթ Հարությունյանը չէր կարող իմանալ, որ նա ոստիկանության ներկայացուցիչ է»:
Ի դեպ՝ պաշտպանը հակասություն է տեսնում այն իրավիճակում, որ և տուժողը , և նախաքննությունը վարող մարմինը ոստիկանությունն է: Ինեսա Պետրոսյանն այսօր հայտարարեց, որ նախաքննական մարմնին հենց այս հիմնավորումով պատրաստվում են բացարկ ներկայացնել և առաջարկել, որ գործի վարույթը այլ կառույցի, օրինակ ՀՔԾ նախաքննական մարմնին վերապահվի: Բացարկը կներկայացնեն առաջիկա օրերին, իսկ հունվարի 8-ին մի վերաքննիչ բողոք արդեն ներկայացվել է կալանքը երկարացնելու դատարանի որոշման դեմ:




