
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ասում են` ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կընթանա ողջ տարին: Սակայն մեզ մոտ, գաղտնիք չէ, որ ավելի շատ կարևորում են սեղանների առատությունը: Հաճախ ենք լսում` «էլի եկավ էս Նոր տարին» կամ «էլ չենք անելու» արտահայտությունները, սակայն համոզված եմ, որ յուրաքանչյուրի ամանորյա սեղանը ձևավորվում է յուրովի ճոխությամբ: Այստեղ են ասում՝ ձևը բովանդակությունից առաջ է ընկել:
Ամանորի ընկալումն ու մշակույթի ձևավորումը հոգեբան Աննա Բադալյանի ձևակերպմամբ`մեզ մոտ սխալ է: Ցավալին այն է, որ տոնական խուճապի մեջ անհանգիստ են նաև երեխաները, ասում է հոգեբանը և հավելում, որ նրանք էլ գենետիկորեն ժառանգում է ոչ թե տոնի հրաշքը, այլ այն, ինչը ցուցաբերում են ծնողները:
Հենց այդ տոնական պատրաստություններից էլ առաջանում է սթրեսը, որն էլ հաղթահարելը կապված է մարդու անհատական տեսակից, նշեց հոգեբանը։ Սակայն մեր գենետիկական հատկանիշներից ելնելով՝ (այն, որ մենք ունենք ամուր կամային հատկանիշներ) կարողանում ենք հաղթահարել առօրեական սթրեսային իրավիճակները:
Նյարդաբան Սամսոն Խաչատրյանն էլ նկատում է, որ մեզ մոտ հետտոնական սթրեսին հարմարվելու խնդիր կա: Ռեժիմի փոփոխությունները, որը տեղի է ունենում Նոր տարվա օրերին, փոխում են մարդու հետագա առօրյան:
Իսկ դիետոլոգ Հասմիկ Աբովյանն էլ նշեց, որ սթրեսից ձերբազատվելու համար անհրաժեշտ է սահմանափակել ճարպոտ սնունդը, քանի որ դրա շատ օգտագործման դեպքում առաջանում է նորից ճաշակելու ցանկությունը:
Արդեն հունվարի 10-ն է և անհրաժեշտ է թեժ տոնական օրերից վերադառնալ առօրեականին, խորհուրդ է տալիս նյարդաբան Սամսոն Խաչատրյանն ու ավելացնում, որ շեղումները պետք է հասցնել նվազագույնի։ «Պետք է կարգավորել քնի ժամերը, սննդակարգը, ուշ ժամերի ավելի շատ և զանազան ուտելիքներից հեռու մնալ, հատկապես՝ աշխատանքային օրերին»։
Ըստ հոգեբանի՝ այս տարի հասարակությունը դժգոհել է հանգստյան երկարատեւ օրերից:




