
Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը տարեցտարի նվազում է․ եթե 2016-ին այն կազմում էր շուրջ 50 տոկոս, ապա 2020-ին ցուցանիշը 25 տոկոսի շրջակայքում էր։ Ըստ ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ հացահատիկի գների ինդեքսը սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ աճել է 1․5 տոկոսով։
Հայաստանի կառավարությունը որոշել է աջակցել աշնանացան ցորենի մշակությամբ զբաղվող տնտեսություններին։ Նպատակը ոչ այնքան հացահատիկի ցանքատարածքների ավելացումն է, որքան արդեն իսկ եղած ցանքատարածքներում բերքատվության մակարդակի բարձրացումը:
Կառավարությունը մասնակի կփոխհատուցի աշնանացան ցորենի մշակության ծախսերը։ Գործադիրը որոշել է մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին շուրջ 50% փոխհատուցում տրամադրել՝ աշնանացան ցորենի մշակության ծախսերը փակելու նպատակով։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը պարզաբանում է՝ հավաստագրված սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվեն սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռք բերման գնահատված ծախսերը, իսկ չհավաստագրված սերմերի դեպքում՝ միայն պարարտանյութինը և դիզելային վառելիքինը։
Փոխնախարար Նարեկ Տերյան․ «1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 հազար դրամ կամ գնահատված ծախսերի շուրջ 50 տոկոսը։ Հաշվարկը կատարվել է հեկտարի հաշվով 300 կգ սերմացուի, 250 կգ ազոտական պարարտանյութի և շուրջ 70լ դիզելային վառելանյութի չափաքանակներով։ 2022 թվականին ծրագրով նախատեսվում է տրամադրել փոխհատուցում 27,500 հեկտար հողատարածքում աշնանացան ցորենի ցանք կատարելու համար, մասնավորապես՝ 10,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքի դիմաց՝ 1,2 մլրդ դրամ, իսկ չհավաստագրված սերմերով 17,500 հեկտար ցանքի դիմաց 1,225 մլրդ դրամ»։
Ընդհանուր առմամբ փոխհատուցման գումարը 2022 թվականին կկազմի շուրջ 2․5 մլրդ դրամ։ Ծրագիրը կիրականացվի բոլոր մարզերում՝ բացառութմաբ Արարատի ու Արմավիրի։ վարչապետը հիշեցնում է, որ առաջին անգամ այն կիրառվել է 2020 թվականին։
«Մենք փորձում ենք խրախուսել, որպեսզի մեր հայրենակիցները ցորենի ցանք կատարեն հնարավորինս բարձրորակ սերմերով։ Մենք այն ժամանակ արձանագրում էինք, որ բերքատվութնան հետ կապված պրոբլմենրը մեծապես կախված են նաև նրա հետ, երբ մարդիկ ցանում են պատշաճ որակ չունեցող սերմերը, ինչը բերքատվությունը նվազեցնում է»։
Հայաստանում 1 հա-ից լավագույն դեպքում մինչև 24 ցենտներ բերք է ստացվում, մինչդեռ եվրոպական երկրներում միջին ցուցանիշը 80-90 ցենտներն է՝ ասում է գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Գառնիկ Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ որակյալ սերմնացուն քիչ է, լիարժեք պարարտացում էլ չի կատարվում, թունաքիմիկատների ու պարարտանյութերի գներն աճում են՝ բացատրում է մասնագետը և եզրահանգում, որ խնդիրների շղթայի հետեւանքով Հայաստանում աճեցված ցորենի ինքնարժեքը բարձր է։
Հայաստան ներկրվող ցորենի 90 տոկոսից ավելին տոկոսը բերում է Ռուսաստանից է, մնացածը՝ Ուկրաինայից ու Ղազախստանից։ Թեև միայն 2020 թվականին ցորենի ներմուծման ծավալն ավելացել է 40 տոկոսով, բայց տարիների ընթացքում ինքնաբավության մակարդակը, վիճակագրության համաձայն, նվազել է։
Գյուղատնտեսության երկարամյա փոխնախարար, ոլորտի փորձագետ Գառնիկ Պետրոսյանը հիշում է՝ 2000-ականներին Հայաստանում մինչև 229 հազար հա հացահատիկ էր մշակվում։ Հայաստանը ռազմավարական նշանակության այս պարենամթերքով մոտ 40 տոկոսով ինքնաբավ էր՝ ասում է։
Հիմա մշակվող տարածքները կրճատվել են շուրջ 4 անգամ՝ հասնելով 50-55 հազարի․ «Աշնանացանի 99 տոկոսը ցորենի արտադրությունն է ներկայում։ Նախկինում անգամ 159 հազար հա մշակվող տարածք ենք ունեցել։ Իսկ այսօր աշնանացան ցորենի ցանքատարածքները մոտ 50 հազար հա-ի միջակայքում են՝ մի փոքր ավելի կամ պակաս, նվազել են մոտ 2․5 անգամ։ Սեփական արտադրության շատ փոքր ծավալներ ենք ապահովում՝ կարողանում ենք բավարարել կարիքների մինչև 23-24, իսկ լավատեսական ցուցանիշով՝ 25 տոկոսը»։
Ցորենի ինքնաբավության մակարդակի վրա էականորեն ազդել են 44-օրյա պատերազմի հետևանքները։ Արցախի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ հակառակորդին է անցել շուրջ 95 հազ. հեկտար վարելահող, որից շուրջ 50 հազ. հեկտարը հացահատիկային ցանքատարածքներն էին:




