ԿարևորՀասարակություն

Պաշտպանության նախարարը հետեւեց զորակոչի ընթացքին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Շարունակվում է ձմեռային զորակոչը: Ինչպես հայտնի է` զորակոչն արդար կերպով իրականացնելու համար ներդրվել է վիճակահանության սկզբունքը: Զորակոչի ընթացքին կենտրոնական հավաքակայանում այսօր հետեւել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը վստահեցրել է, որ տարեցտարի զինված ուժերում մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացը բարելավվում է: Նրա խոսքով` այդ ամենի շնորհիվ տարեցտարի բարձրանում է նաեւ հասարակության վստահությունը բանակի նկատմամբ: Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ մեր երկրի զինված ուժերը նաեւ յուրաքանչյուր օր հանձնում են երկրի պաշտպանությունն ապահովելու քննությունը։

Զորակոչի ամբողջ ընթացքին հետեւելուց հետո, պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրույցում գոհունակություն հայտնեց աշխատանքների ընթացքից: Սեյրան Օհանյանը նկատեց, որ վիճակահանությամբ զորակոչի անցկացումը բավականին դրական նշանակություն ունի, կոռուպցիոն դեպքերը գրեթե բացառված են:

Մինչ ծառայության վայրը վիճակահաննությամբ որոշելը` հստակեցվում են զորակոչիկների հնարավորություններն ու իրավունքները: Դրանից ելնելով` օրենքով սահմանված երեք խմբերի համար վիճակահանություն է կատարվում երեք թմբուկներից: Համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ հնարավոր է դարձել ամենաբարձր մակարդակի արդարություն ապահովել զորակոչի ընթացքում, նկատեց պաշտպանության նախարարը: Վիճակահանության ողջ ընթացքը տեսանկարահանվում է: Վիճակահանությանը հետեւում են նաեւ ծնողները։

Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ զինված ուժերի համալրումն իրականացվում է բարձր մակարդակով. թվաքանակի խնդիր չկա, քանի որ համապատասխան մասնագետներ են ներգրավվում նաեւ պայմանագրային հիմունքներով:

Անդրադառնալով բանակում արձանագրված արտակարգ պատահարներին եւ կորուստներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ կատարված աշխատանքների արդյունքում հաջողվել է դրանց թիվը նվազեցնել: Սեյրան Օհանյանն ասաց, որ այդ ամենի մասին մանրամասն վիճակագրական տեղեկությունները կամփոփվեն հունվարի 25-ին տեղի ունենալիք կոլեգիայի նիստում եւ կներկայացվեն հանրությանը։

Նախարարի խոսքով` իրենք ակնկալում են նաեւ հասարակության, յուրաքանչյուր ընտանիքի աջակցությունը` իրենց զավակների դաստիարակության գործում: Միայն պետության ուսերին թողնել այդ բեռը ճիշտ չէ, իսկ հասարակության եւ ընտանիքների աջակցությամբ հնարավոր կլինի շատ միջանձնային խնդիրների պատճառով առաջացող խնդիրներ բացառել:

Որեւէ բան հասարակությունից չի թաքցվելու եւ նման մտադրություն չկա, ասաց Սեյրան Օհանյանը` շեշտելով, որ խիստ վերահսկողություն է լինելու ԶՈՒ բարձրագույն ղեկավարության կողմից: Նա նկատեց նաեւ, որ խիստ վերահսկողություն է իրականացվում նաեւ պետության տարբեր իրավապահ մարմինների կողմից:

Back to top button