ԿարևորՀասարակություն

Խաղային թերապիան վերականգնողական բուժման միջոց

Մանկական վերականգնողական ծառայությունները զարգացնելու նպատակով  16 տարի առաջ Արաբկիր բժշկական համալիրի, Շվեյցարիայի, Բելգիայի և Դանիայի համատեղ ծրագրի շրջանակում Արմավիրի բժշկական կենտրոնի մի հատվածում հիմնվեց երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնը, որտեղ վերականգնողական բուժում են ստանում հատուկ կարիք ունեցող երեխաները: 2018թ-ից վերականգնողական կենտրոնն անցել է Արմավիր բժշկական կենտրոնի ենթակայության ներքո:

Արմավիր բժշկական կենտրոնի  երեխայի զարգացման և վերականգնողական բաժանմունքում տարեկան 200-ից ավելի  երեխա է սպասարկվում: Մասնագետների և ծնողների հետևողական աշխատանքի շնորհիվ    ցանկալի արդյունքներ ունեն:  Երեքամյա Վլադիկը Արմավիրի վերականգնողական բաժանմունք է հաճախում 6 ամսականից: Մայրը երախտագիտությունն է հայտնում մասնագետներին.

«Երեխան սկզբից չէր շարժվում, չէր նստում, չէր քայլում,  ոտքը չեր կարողանում դնել գետին, իսկ հիմա վազում է, նստում է: Արդյունքը տեսել եմ շնորհիվ մեր լավ մասնագետների»:

Հիմա մասնագետներն աշխատում են երեխայի խոսքի հապաղման ուղղությամբ: Վլադիկն արդեն բառեր  է արտասանում: Հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողները սկզբում թերահավատորեն են վերաբերվել վերականգնողական  ծառայությանը, սակայն  հիմա  համոզված են  դիմում և համբերատար սպասում իրենց հերթին:  2.5 տարեկան Դավիթը խոսում է, բայց չի կարողանում քայլել: Մկանների ձգվածությունը հիդրոցեֆալիա հիվանդության հետևանքով է առաջացել: Արդեն 2 տարի վերականգնողական բուժում է ստանում Արմավիրում.

«Ձեռքը չէր բացում, չէր շարժում, չէր կարողանում քայլել:  Մերսումներ են արել և երկու տարվա հաճախումները շատ-շատ օգնել են: Հիմա երեխան ձեռքը շարժում է, քայլում,  խոսքի խնդիր չունի, պարզ խոսում է»:

Երեխաների վերականգնողական բուժման տևողությունը տարբեր է. ֆիզիկական խնդիրներով երեխաների բուժումը տարվա ընթացքում երկու անգամ է կազմակերպվում,  մտավոր և հոգեբանական խնդիրներով երեխաներինը՝ մեկ անգամ: Կարիքների գնահատումից ելնելով՝  որոշվում  է հաճախումների տևողությունը, որ չի անցնում 6 ամսյա ժամկետը: Ծառայության ղեկավար Աննա Առուշանյանն ասում է՝ մասնագետների պակաս չունեն։

«Մեր մասնագետներն են՝ լոգոպեդ, ֆիզիոթերապևտ, հոգեբան, էրգոթերապևտ, հատուկ մանկավարժ, սոցիալական աշխատող: Եթե ավելացնեինք մասնագետների քանակը մենք ավելի արագ կսպասարկեինք հերթագրումները»:

Այստեղ հաճախում են աուտիզմ ունեցող, մտավոր, հենաշարժական, հոգեբանական և վարքային  խնդիրներ  ունեցող երեխաները: Աննա Առուշանյան.

«Վերականգնողական բուժումը հիմնականում իրականացվում է  հենաշարժական խնդիրների դեպքում՝ ֆիզիթերապևտիկ բուժման միջոցով, իսկ հոգեբանական, մտավոր խնդիրների ժամանակ՝ խաղային թերապիայի միջոցով, որի լավ ու մեծ խաղային համակարգն արդեն ունենք»:

Խաղահրապարակի անհրաժեշտությունը միշտ է եղել, սակայն հիվանդանոցի միջոցները չեն բավարարել: Արմավիր բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Հարությունյանը գտել է կառուցման ճանապարհները։

«Տարածքը շատ անմխիթար վիճակում էր: Հատուկ կարիք ունեցող երեխաների վերականգնողական բուժումները հեշտացնելու համար  խաղահրապարակի կարիք ունեինք: Սա նաև ինքնատիպ բուժական ֆիզկուլտուրա իրականացնելու մի հատված է, վերականգնողական ծառայության գործընթաց: Խաղաղահրապարակը կառուցվել է մարզպետի աջակցությամբ և բարերաների միջոցներով»:

Այժմ բակը բարեկարգ է ու գունազարդ: Արմավիրի արվեստի քոլեջի ուսանողները տարածքը տարբեր մուլտհերոսների նկարներով են պատկերազարդել: Երեխայի զարգացման ու վերականգնողական ծառայության ղեկավար Աննա Առուշանյանն ասում է՝  վերականգնողական բուժումների շնորհիվ երեխաներին կարողանում են լիարժեք ինտեգրել հասարակությանը:

Կարդացեք նաև

Back to top button