ԿարևորՀասարակություն

Օտարերկրացիներն այս տարվա 8 ամիսներին Հայաստանում 716 անշարժ գույք են գնել․ ամենաակտիվը ՌԴ քաղաքացիներն են

Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում գույք ձեռք բերելու հարցում օտարերկրյա քաղաքացիներից ամենաակտիվը  Ռուսաստանի քաղաքացիներն են․ այս տարվա ութ ամիսներին նրանք Հայաստանում 716 անշարժ գույք են ձեռք բերել։  Սա ընդհանուր գործարքների կեսից ավելին է։  Օրենսդրությունն օտարերկրացի  ֆիզիկական անձանց համար անշարժ գույք ձեռք բերման հարցում  որոշակի սահմանափակումներ է նախատեսում, մինչդեռ իրավաբանական անձանց դեպքում  սահմանափակումներ չկան։  Ընդհանրապես, ինչպե՞ս են օտարերկրացիները Հայաստանում անշարժ գույք ձեռք բերում, իրավական ի՞նչ կարգավորումներ ու սահմանափակումներ կան։ 

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ վերջին 5 տարիներին Հայաստանում օտարերկրացիները անշարժ գույք ձեռք բերելու 8000–ից ավելի գործարք են իրականացրել․ դրանց կեսից ավելին՝ Երևանում։ Կոմիտեի շուկայի վերլուծության բաժնի պետ Աննա Նազարյանն ասում է, որ Հայաստանում գույք ձեռք բերելու հարցում օտարերկրացիներից ամենաակտիվը  Ռուսաստանի քաղաքացիներն են։ Վերջին հինգ տարիներին նրանք գնել են 4383 գույք, երկրորդ տեղում՝ ԱՄՆ–ի, երրորդում Իրանի քաղաքացիներն են։ 

«2022 թվականի հունվար–սեպտեմբերին Թուրքիայի 10  քաղաքացի է բնակարան ձեռք բերել Երևանում։ Ադրբեջանի երկու քաղաքացի էլ է գույք  ձեռք բերել․ մեկը՝ Երևանում ձեռք է բերել բնակարան, մյուսը՝ Լոռու մարզում։ Նշվում է երկիրը, ոչ թե ազգությունը»։

Հայաստանում գույք ձեռ բերած Ադրբեջանի երկու քաղաքացիներն էլ ազգությամբ  հայեր են, որոնք չեն հրաժարվել այդ երկրի քաղաքացիությունից։ Ինչ վերաբերում է Թուրքիայի քաղաքացիներին, ապա նրանք 2005-ից մինչև այսօր անշարժ գույքի ձեռք բերման 83 գործարք են իրականացրել։ Վերջին 5 տարիներին վիճակագրությունը առանձնապես չի փոխվել․ 2017-ին , օրինակ, 11 գործարք է իրականացվել, 2020-ին ՝ 2–ը, 2021-ին ՝8–ը։

«Հիմնականում գնվել են բնակարաններ։ Մասնավորապես ամենաշատը առքուվաճառքի գործարքներն են։ 2018թվականին կատարվել է 1 նվիրատվություն։ Եթե նայում ենք ընդհանուր թվերը, միանշանակ լիդերը բնակարանների ձեռքբերումն է ։ 2012թվականին եղել է 1 նվիրատվություն, 2 առքուվաճառքի գործարք»։

Երևան, Կոտայք, Արմավիր, Արարատ,  Շիրակ․ վերջին հինգ տարում օտարերկրացիները մեր երկրում ամենաշատը անշարժ գույք ձեռք են բերել  մայրաքաղաքում ու հենց այս մարզերում։  Ընդհանուր առմամբ՝  2018թվականից մինչև այսօր անշարժ գույքի գնման  8115 գործարք է իրականացվել։ Ամենաակատիվ տարին եղել է 2019 թվականը․ օտարերկացիները հանրապետությունում  2232 անշարժ գույք են ձեռք բերել, որից 1286–ը Երևանում ։

Այս տարվա առաջին ութ ամիսներին  արդեն գնվել է 1243 անշարժ գույք։ Տստ ձեռք բերվող գույքի տեսակի՝ Կադաստրի կոմիտեի շուկայի վերլուծության բաժնի պետն առանձնացնում է բնակարանները։

«Վերջին հինգ տարում օտարերկրացիները 3881 բնակարան են ձեռք բերել։ Երկրորդ տեղում հողի ձեռք բերումն է՝ 1590։ Երրորդ տեղում անհատական բնակելի տներն են՝ 1502։ Օտարերկրյա քաղաքացիներն ամենաքիչը արտադրական նշանակության շինություններ են ձեռքբերել՝ 85»։

Օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակումներն ամրագրված են Սահմանադրության 60–րդ հոդվածում, որի 6-րդ կետով ամրագրվում է, որ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Դեպքերը  սահմանում է Հողային օրենսգիրքը՝  պարզաբանում է Կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը։

«Ըստ էության՝ հիմնականում մնում է  գյուղատնտեսական նշանակության հողերը։ Այն հողամասերը, որոնք կառուցապատման համար նախատեսված չեն, նախատեսված չեն տնամերձ , հասարակական արտադրական նշանակության շենք շինությունների համար։ Գյուղատնտեսական հող չեն կարող ձեռք բերել, բայց կարող են հող ձեռք բերել ու բնակարան կառուցել»։

Գասպարյանի խոսքով՝ սահմանափակումը չի վերաբերում կացության հատուկ կարգավիճակ ունեցողներին։ 2018թ հունվարին որոշ կարգավորումներ են արվել։         

«Շատ ունենք դեպքեր, երբ օտարերկրյա քաղաքացին, նաև՝ կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձը հողամաս է ձեռք բերում՝ օրենքով չարգելված հիմքերով։ Օրինակ, ունեցելէ հատուկ կացության կարգավիճակ, այնուհետև այն կորցրել է։ Կորցնելու պահից մեկ տարվա ընթացքում նա պարտավոր է գույքը  օտարել»։

Եթե օտարերկրացին ժառանգության հիմքով գույք է ձեռք բերել, ապա այդ գույքը  նույնպես պետք է օտարվի 1 տարվա ընթացքում։

Օտարերկրյա պետություններում գրանցված իրավաբանական անձանց համար, ի տարբերություն ֆիզիկականների,  սահմանափակում չի գործում՝ ասում է Կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը։

«Ցանկացած իրավաբանական անձ իրավունք ունի ՀՀ տարածքում հողամաս ձեռք բերել․ այդ թվում՝ նաև գյուղատնտեսական նշանակության հողամաս»։

ՀՀ ոստիկանության՝ վերջերս քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է պարզեցված ընթացակարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք տալ  կրթության, գիտության, մշակույթի, ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող, նաև՝ Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրում արած անձանց։ Նախագիծը դեռ հանրային քննարկումների փուլում է։

Կարդացեք նաև

Back to top button