ԿարևորՔաղաքական

Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը

Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այն համարում է երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան:

Հոկտեմբերի 21-ին Կապանում հյուպատոսության բացման արարողությանը կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Այսօր նշանակալից օր է հայ-իրանական բազմադարյա և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ: Վստահաբար կարող եմ նշել, որ Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը»,-ասաց Միրզոյանը:

Նախարարը հատկանշական համարեց, որ այս կարևոր միջոցառումը տեղի է ունենում Հայաստան և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում:

Նա վստահություն հայտնեց, որ հետայսու ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր ապագա փոխշահավետ համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու համար:

«Ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում, գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:  

Կարդացեք նաև

Back to top button