
Հոկտեմբերի 20-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Քեմբրիջի համալսարան, որտեղ ելույթով հանդես է եկել Քինգս քոլեջի քաղաքական քննարկումների ակումբում:
Իր խոսքում դեսպան Վ.Ներսեսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության անվտանգության արդի մարտահրավերները` ընդգծելով, որ Ադրբեջանի մշտական սադրանքները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
Նա մանրամասն ներկայացրել է ՀՀ դեմ վերջին շրջանում ծավալված մեծածավալ ագրեսիայի հետևանքները, որի արդյունքում հարյուրավոր զոհեր են եղել և առանց տարբերակման թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս համատեքստում, նա ընդգծել է Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներից անհապաղ դուրս բերելեու անհրաժեշտությունը:

Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը գործող միջազգային մեխանիզմների շրջանակներում կարգավորելու կապակցությամբ, որոնք պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու բոլոր իրավունքները։
Դեսպանն ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող տասնյակ հայ ռազմագերիներին անհապաղորեն ազատ արձակելու անհրաժեշտությունը, որոնք արդեն երկու տարի պահվում են այդ երկրում, ի խախտումն Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
Նա հավելել է, որ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանություններն ու նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը հանդիսանում պատերազմական հանցագործություն եւ պետք է անվերապահորեն պատժվեն:
Դեսպան Ներսեսյանն ավարտել է իր ելույթը շնորհակալություն հայտնելով Քինգս Քոլեջին քաղաքական ֆորումին հյուրընկալության համար, այնուհետև պատասխանել է ներկաների հարցերին։




