
Գինու տուրիզմի զարգացման և փորձի փոխանակման նպատակով Արմավիրում են այցելել իսպանացի գործարարները: Նրանք հանդիպել են մարզի գինեգործների հետ, հետևել խաղողի մթերման և գինու պատրաստման գործընթացին: Իսպանացի հյուրերը նկատել են, որ գինեգործության հայկական ավանդույթների, հայկական գինու անցյալի ու ներկայի մասին աշխարհում տեղեկատվության պակաս կա։
Խաղողի բերքահավաքն ավարտվում է, իսկ տակառներում սկսել է խմորվել գինեհումքը: Բամբակաշատ գյուղում Ջրաղացպանյանների ընտանեկան փոքր արտադրամասում թեպետ գինեգործության ավանդական գործիքները փոխարինվել են ժամանակակից սարքավորումներով, բայց դրանք դեռ պահպանվում են պապի հիմնած մառանում:
«Այստեղ խաղողը ոտքերով տրորել են, հյութը լցվել է հավաքարանում, որից 2 խողովակ է դուրս գալիս. մեկը նստվածքի համար է»:
Իսպանացի գործընկերներին Արտաշես Ջրաղացպանյանը պատմում է գինի ստանալու հին մեթոդի մասին: Մառանում պահում են 2010 –ից վերսկսած գործի առաջին արդյունքը: Սեփական այգուց ստացել են 15տ Կանգուն տեսակի խաղող, 80 տոննա տարբեր սորտեր էլ գնել են հարևաններից։

«Տարբեր գնային քաղաքականություն ունենք, քանի որ մեր խաղողագործը մեզ ավելի որակյալ խաղող է տրամադրում. սպիտակ խաղողը գնում ենք 155-170 դրամով, կարմիրները՝ մի քիչ ավելի՝ 175-180 դրամ»:
Այս տարի Ջրաղացպանյաններն արտադրելու են 70 000 շիշ գինի: Արտադրամասում նոր փորձարկումներ են սկսել՝ խմորասնկով և առանց խմորասնկի։
«Հիմա խմորվում է Կանգուն և Գառան դմակ սորտերը, իսկ մյուսում՝ Տիգրանի սորտից ստացվող Ռոզեն է: Խմորման բուն արտադրամասում Կարմրահյութ, Ներկենի, Տիգրանի սորտերն են խմորվում, որից պատրաստելու ենք կարմիր գինի»:
Գինիներն իրացնում են Ռուսաստանում, իսկ իսպանացի այգեգործ, գինեգործ և գինիների փորձագետ Կիկո Կալվոն արտադրանքի իրացման խնդիր չունի, վաճառում է սեփական գինետանը, որը գտնվում է Դյուերո գետի ափին: Այդ տարածքում են նաև նրա խաղողի այգիները, հիմնականում գինու սորտեր է աճեցնում:
«Տինտա դե Տորոն խաղողի այն տեսակն է, որով ես ապրում եմ, երազում եմ ու կյանքիս նպատակն է: Դրանից բացի՝ աճեցնում եմ նաև խաղողի 3-4 սորտեր՝ Մուսկաթ, Գառնաչա, բայց հիմնականում Տինտա դե Տորո տեսակն է, որով փորձարկումներ եմ անում ու պատրաստում եմ տարբեր գինիներ»:

Կիկո Կալվոյին գինեգործությամբ զբաղվելու ավանդույթը փոխանցվել է ծնողներից, արտադրությունը սկսել են ավտոտնակից՝ ավանդական եղանակով: Ապրում է Տորո գյուղում, որն իսպաներենից թարգմանաբար նշանակում է ցուլ: Ցլի նշանը դարձրել է բրենդ՝ ապրանքանիշ: Գյուղի գրեթե բոլոր այգիներն ինքն է մշակում։
«Իմ ընտանիքին պատկանում է 15 հա խաղողի այգի, քանի որ գյուղում շատ են ծերերը և նրանք չեն կարողանում մշակել այգիները՝ ես եմ մշակում և ինձ էլ թողնում են ամբողջ բերքը: Այդպես տարածքը 30 հեկտարի են հասնում»:
Իսպանական Տորո գյուղում գինեգործությանը զուգընթաց կա պանրի արտադրություն: Պանիրը գինու հետ են համադրում նաև Ջրաղացպանյան ընկերության համտեսի սրահում, բայց այլ մթերքի համադրություն էլ ունեն: Համահիմնադիր Արտեմ Ջրաղացպանյան.
«Ոչ շատ աղի փափուկ պանիրները համադրում ենք կարմիր գինու հետ: Նաև որոշակի մսի տեսակներ ենք առաջարկելու և որոշ բանջարեղեններ, որոնք կհամադրվեն տվյալ գինու հետ և ճիշտ կբացահայտեն գինու համային երանգները»:
Հայաստանում խաղողագործները մթերման դժվարություններ ունեն, Իսպանիայում էլ դրանք չեն բացառվում: Կիկոյին հաճախ են դիմում այգեգործները.

«Շատ տարբեր են մոտեցումները. մարդիկ կան, որ 10 տարվա պայմանագրեր ունեն գործարաններում և 10 տարվա ընթացքում իրենցից որոշակի քանակությամբ որակյալ խաղող են գնելու՝ նշված սակագնով: Կա նաև մյուս կողմը. անցյալ երկուշաբթի իմ այգեկութի վերջին օրն էր, բայց դեռ ինձ դիմում էին խաղողագործներ՝ 4000-5000 կգ խաղող գնելու համար: Քանի որ լավ գինեգործության սկիզբը լավ խաղողն է, գյուղացին պետք է շատ վստահ լինի՝ ինչ է արտադրում և ում համար»:
Իսպանացի գինեգործը, շրջելով Արմավիրի մարզի մի քանի գինու փոքր արտադրամասերում, նկատել է, որ տեխնոլոգիաներն ավելի զարգացած են: Կիկոն տարեկան արտադրում է 60 000 շիշ գինի՝ ավանդական եղանակով: Ասում է՝ գինու տուրիզմի զարգացման համար Հայաստանում շատ անելիք կա.

«Ամենակարևորն այն է, որ գինու հայրենիքը Հայաստանն է, և սրա մասին պետք է ամեն տեղ գրված լինի: Այդպիսի ակնարկ տեսանք «Կարաս» գործարանում, բայց շատ կուզեմ ամենուր լինի: Դրանից բացի՝ շատ կարևոր է հասկանալ, որ սա բիզնես է, և բիզնեսը պետք է բոլոր առումներով շահավետ լինի»:
«Ամենակարևորն ինֆորմացիան է, ճիշտ տեղադրված ինֆորմացիան, որ դու կարողանաս ընտրել, քանի որ ամեն գինու տուրիզմ չէ, որ քեզ համար հետաքրքիր է»:
Տիկին Կլաուդիան Վալլադոլիդի համալսարանում պատմության դասախոս է, միաժամանակ զբաղվում է գինու տուրիզմով՝ սեփական գյուղական գինետանը: Առաջին անգամ է Հայաստանում:

«Հիացած եմ Հայաստանով, այն ամենով, ինչ տեսել եմ: Ինձ շատ է դուր եկել առաջինը՝ ժողովուրդը, 2-րդ՝ հյուրասիրությունը և 3-րդ՝ համբերությունը, որ ունեք: Մենք հասկանում ենք, թե ինչ համբերություն է պահանջում սովորական տոլմա փաթաթելը, սովորական գինի տեսակավորելը: Այդ ամենը ձեռքի աշխատանք է, ու շատ երկար ժամանակ է պահանջում»:
Գինու տուրիզմով հետաքրքված իսպանացի գործարարները փորձի փոխանակմամբ Հայաստանում էին գինու տուրիզմի նորարական ռազմավարություններին վերաբերող նախագծի շրջանակում: Ծրագիրն իրականացնում են «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն ու Իսպանիայի Վալլադոլիդի առևտրաարդյունաբերական պալատը: Ծրագրի խորհրդատու Գայանե Սերոբյան.

«Նպատակը, թե ինչպես բարելավել Արմավիրի մարզում գինու տուրիզմի արժեշղթան և այն ավելի գործուն դարձնել»:
Իսպանացի գործարարները նշում են, որ իրենց հաջողությունները պայմանավորված են տեղեկատվական հարթակների առատությամբ և այցելուների շրջանառվող տպավորություններով: Կիկո Կալվոյի գինետանը ամենաշատ այցելություններն ունենում ուխտագնացությունների ու արշավների ժամանակ:




