
ԵՄ–ն և ԵԱՀԿ–ն Հայաստանի առաջարկով դիտորդական առաքելություններ են տեղակայում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։
ԵՄ դիտորդական առաքելության 40 հոգանոց խումբն առաջիկայում կժամանի Հայաստան՝ կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԵԱՀԿ–ն էլ պաշտոնապես է հաստատել, որ Հայաստանի կառավարության հրավերով հոկտեմբերի 21–ից 27–ը կարիքների գնահատման առաքելություն կգործուղի Հայաստան։
Հայաստանն իր դիմումների և առաջարկների պատասխանն ամենաերկարը սպասել է Ռուսաստանից և ՀԱՊԿ–ից։ Անվտանգային կառույցին Հայաստանը դիմել է 2 անգամ՝ 2021–ի մայիսի և 2022–ի սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիաներից հետո։
ՀԱՊԿ–ը 2 անգամ բաց թողեց հնարավորությունը՝ հայ–ադրբեջանական սահմանին ներկայացված լինելու համար, փոխարենը՝ Հայաստանի առաջարկներին և դիմումներին արագ արձագանքեցին ԵՄ–ն և ԵԱՀԿ–ն։
Միջազգային կառույցներից ստացված պատասխանների արագությունը զարմացրեց Հայաստանի վարչապետին, պատճառը թերևս ՀԱՊԿ–ի հետ շփումներում ունեցած փորձն էր։
«Հաճույքով արձանագրեմ, որ ԵՄ գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել։ Մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական։ Ես համոզված չեմ դրանում, բայց ամեն դեպքում մի թեմա է, որ մեր հանրության և փորձագիտական շրջանում քննարկվում է։ Եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»։
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության 40 հոգուց բաղկացած հիմնական խմբի ժամանման հստակ ժամկետը հայտնի չէ։ Ասում են՝ առաջիկայում։
Փոխարենը հստակ են ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության ժամկետերը։ Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից բաղկացած տեխնիկական խումբը հոկտեմբերի 21–27–ը կայցելի հայ–ադրբեջանական սահման և տեղում խորհրդակցություններ կանցկացնի։ ԵԱՀԿ պաշտոնական կայքում անգամ այցի հստակ նպատակն է ձևակերպված՝ սահմանամերձ կոնկրետ տարածքներում իրավիճակի գնահատում։ ԵԱՀԿ–ն աշխատելու է իր մանդատի և անվտանգային հարցերում ունեցած իր փորձի շրջանակներում։
Այն, որ ԵԱՀԿ–ն կրկին ակտիվանում է և վերադառնում է տարածաշրջան, փաստում է, որ Ադրբեջանի նախագահը շտապում էր՝ կառույցին հրաժեշտ տալով։ Սակայն սա դեռևս չի էլ նշանակում, որ ԵԱՀԿ ներկայացուցիչները վերադառնում են Արցախի հարցով զբաղվելու։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ այս փուլում նրանք զբաղվելու են Հայաստան–Ադրբեջան խնդիրներով։
«Որպեսզի այդ առաքելությունը սկսի գործել Արցախում, պետք է Ադրբեջանի և Ռուսաստանի համաձայնությունը։ Նրանք այդ համաձայնությունը չեն տա։ Այսինքն՝ դա կարող է տեղի ունենալ միայն խաղաղության պայմանագրի կնքումից հետո, երբ Արցախը առանձին կետով դիտարկվի որպես ածանցյալ խնդիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այդ դեպքում Ադրբեջանը կարող է համաձայնություն տալ։ Մենք պետք է հաշվի առնենք, ուզենք, թե չուզենք, որ Արցախը համարվում է Ադրբեջանի միջազգային տարածք և ո՛չ ԵԱՀԿ–ն, ո՛չ ԱՄՆ–ն, ո՛չ Եվրոպան դա չեն վիճարկում։ Այլ հարց է, որ Արցախի բնակչությունն ունի շատ լուրջ պակաս անվտանգության երաշխիքների և զուտ իրենց կյանքները պահպանելու համար։ Այդ առումով մենք կարող ենք սպասել, որ հետագայում, երբ հայ–ադրբեջանական հարաբերությունները սկսեն իրապես կարգավորվել, այս մեռյալ կետից շարժվել, այդպիսի առաքելություն կարող է իրականացվել, բայց այսօրվա պայմաններում դա անհնար է»։
Քաղաքագետի կարծիքով՝ միջազգային կառույցների աննախադեպ ուշադրության հարցում շրջադարձային եղավ 2022–ի սեպտեմբերի 13–ը։ Ավելի կոնկրետ՝ Ալիևի սխալ քայլը գործեց իր իսկ դեմ։
«Ալիևը շատ մեծ սխալ է գործել, որ 13–ին հարձակվել է Հայաստանի վրա։ Դա եղավ այն կետը, որից հետո այդ առաքելությունները եկան Հայաստան, որովհետև Եվրոպայում հասկացան, որ այլևս Ալիևին սանձել հնարավոր չէ՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը պետք է դրանով զբաղվի որպես Հայաստանի դաշնակից, դրանով զբաղվել չի կարող այն պարզ պատճառով, որ այսօր ունի իրավիճակային համընկնում շահերի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Հիմա, եթե այդ մոնիտորինգային խմբերը տեղակայվում են հայ–ադրբեջանական սահմանում՝ ԵՄ և ԵԱՀԿ–ի, արդեն երկու կողմից հայտարարությունները հիմք չեն ընդունվելու։ Հիմք է ընդունվելու կոնկրետ այս մարդկանց աշխատանքի արգասիքը։ Այսինքն՝ լինելու է զեկույց, որը չեն կարող շրջանցել ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում։ Եվ այդ դեպքում, եթե Ադրբեջանը շարունակեց այդ նույն պահվածքը, այդ զեկույցը վերջում կարող է ստանալ շարունակություն, ինչու ոչ՝ սանկցիաների տեսքով Ադրբեջանի նկատմամբ»։
Այս ամենի ֆոնին ՀԱՊԿ–ն արդեն հայտարարում է, որ համապտասխան եզրակացություններն իր ձեռքին են և ինքն էլ դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ներկայացված լինելուն։
Բայց քանի դեռ ոչ մի դիտորդ դեռ չի հասել սահման, Ադրբեջանն օգտվում է և շարունակում է սրել իրավիճակը։ Սադրանքի հերթական դեպքը լույս 20–ի գիշերն էր։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը չի բացառում, որ անգամ միջազգային դիտորդների ներկայությամբ ապակայունացման փորձերը կշարունակվեն։
«Ադրբեջանը և Թուրքիան ամեն ինչ անում են, որպեսզի արժեզրկեն Արևմուտքի դերակատարությունն այստեղ, որ տեսեք՝ անկայունությունը շարունակվում է, կրակոցները շարունակվում են։ Ադրբեջանը չարչարվում է կասկածի տակ դնելու համար ԱՄՆ դերակատարությունը, որովհետև գիտի՝ այդ դեպքում տարածք վերցնելը իրեն չի մնալու։ Ռուսաստանի միջնորդության պարագայում, իհարկե, կմնա իրեն»։
Աստանայում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարարը ակնարկեց, որ պատրաստ են դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, պարզապես հարցը պետք է հաստատվի ՀԱՊԿ խորհրդում։ Այս դեպքում պետք է նիստ գումարվի, իսկ այն գումարողը Հայաստանն է, քանի որ կառույցում այժմ նախագահող երկիրն է։
Ըստ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի՝ Հայաստանը ՀԱՊԿ–ից հստակ սպասելիք ունի․
«Մենք սպասում ենք ՀԱՊԿ–ից միայն և միայն զորակազմ։ Մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ–ն այս առաքելությունը չի կարողանում կամ չի ուզում կատարել, տվյալ դեպքում տարբերություն չկա Հայաստանի համար։ Քայլին պետք է դիմի Հայաստանը՝ հաշվի առնելով, որ մենք ՀԱՊԿ–ում նախագահող երկիր ենք։ Դա չի բխում Հայաստանի շահերից, ՀԱՊԿ–ի առաքելությունը, այնուամենայնիվ, ոչ մի առարկայական գնահատական չի հնչեցնելու։ Դրա վառ ապացույցը նույնիսկ 13–ի ագրեսիայից հետո Մոսկվայի հայտարարություններն են, որոնցով նորից հավասարության նշան դրվեց ագրեսորի և Հայաստանի միջև»։
Աստանայում Լավրովի առաջարկի ժամանակ ՀԱՊԿ–ը դեռ դժվար կացության մեջ չէր։ Այժմ կառույցի համար նոր փորձություն է հասունանում։ Նույն հարցով, որով դիմել էր Հայաստանը, կառույցին այժմ պատրաստվում է դիմել Ղրղզստանը՝ առաջարկելով Տաջիկստանի հետ սահմանին տեղակայել ՀԱՊԿ խաղաղապահներ։ Այս դեպքում արդեն ՀԱՊԿ–ը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ կրկին հապաղելու, կա՛մ էլ երկակի ստանդարտների քաղաքականությունն ընտրելու։




