
Երևանի ճանապարհային նշանները և լուսացույցները միշտ չէ, որ տեսանելի են վարորդների համար։ Արդյունքում՝ բազմաթիվ խախտումներ, մեծ տուգանքներ, ինչու չէ նաև դժբախտ պատահարներ։ Արագաչափների, լուսացույցների կամ նշանների ոչ տեսանելի լինելը հաճախ պայմանավորված է բնական գործոնով, երբ թփերը կամ ծառերի սաղարթը ծածկում են դրանք։ Երթևեկության փորձագետները փաստում են՝ երևույթը նոր չէ։ Թաքնված նշանները միշտ էլ եղել և խանգարել են երթևեկությանը։ Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ում ընդունում են՝ երևույթը կա և վտանգավոր է, բայց նաև վստահեցնում են, որ մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է և անպատասխան չի մնում և ոչ մի ահազանգ։
Պարզվում է՝ Հայաստանում թաքնվող ավտոտեսուչներին/պարեկային ծառայողներին/ ոչնչով չեն զիջում որոշ հատվածներում տեղադրված արագաչափ սարքերն ու ճանապարհային նշանները: Վարորդների համար դժվար տեսանելի, որոշ տեղերում` անգամ ոչ տեսանելի արագաչափների, լուսացույցների ու ճանապարհային նշանների առկայությունը ոչ միայն ակամա խախտումների, այլև տուգանվելու պատճառ են դառնում։
Արագաչափների, լուսացույցների կամ նշանների ոչ տեսանելի լինելը հաճախ պայմանավորված է բնական գործոնով․ փարթամ թփերը կամ ծառերի գերաճած սաղարթը ծածկում են սարքավորումներն ու նշանները։ Քիչ չեն նաև արհեստական գործոնով պայմանավորված դեպքերը՝ գովազդային վահանակներ, ցուցանակներ և այլն: Վերջերս նաև համացանցում՝ վարորդական խմբերում, կարելի է հրապարակումներ տեսնել, որտեղ քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ կտրում են ծառի ճկուղերը, փորձելով տեսանելի դարձնել մայթեզրին տեղակայված երթևեկության նշանները։ Արսեն Պետրոսյանը նրանցից մեկն է։ Նա արդեն հասցրել է վատ տեսանելի նշանի պատճառով խախտում կատարել և տուգանվել։
«Մեքենայով երթևեկում եմ, դպրոցների դիմացի նշանները, լուսացույցները ամբողջությամբ փակված են լինում։ Եթե որևիցե մեկի երեխա վրաերթի ենթարվի, ով է դրա պատասխանը տալու։ Այս պահին ես տուգանվել եմ, բայց չեմ վճարելու, բողոքարկել եմ։ իմ անձնական մեքենան կանգնեցրել եմ, կանգնել եմ վրան, նշանն ազատել եմ ճյուղերից, նկարներն ուղարկել եմ ՃՈ, որ բեկանվի։ Հիմա արդեն բաց է նշանը, կտեսնեն կանգառն արգելող նշանև և անհիմն չեն տուգանվի մարդիկ»։
Նման բարձիթողի վիճակ վաղուց չէր եղել, նկատում է զրուցակիցս։ Հիշում է՝ երբ աշխատում էր Կանաչապատման ՀՈԱԿ–ում ու այդ ժամանակ ի պաշտոնե էր այս նույնն անում, արձագանքում էր բոլոր ահազանգերին։
«Թեժ գծերով ես եմ զբաղվել, ես տնօրենի օգնականն եմ եղել, գործիք էի պահում մեքենայում, մի տեղ մի ծառ փողոց էր փակում, ես ինքս էի կտրում ճյուղերը ազատելով նշանները։ Իսկ այսօր ցացվում ե, որ նշանները փակ են, լուսացույցները տեսանելի չեն, որ փողոցով ուզում եք երթևեկեք, նույնն է։ Բազմիցս դիմել եմ քաղաքապետին, որ աշխատակիցները կատարեն պարտականությունները։ աշխատակցի գլխին կանգնող է պետք։ Իմ հրապարակած ուսանկարը արել եմ Չարբախում, որտեղ նշանը տեսանելի չէ ծառի ճյուղի պատճառով։ Նախկին 2 տարիներին Երևան քաղաքում ամբողջությամբ ապահովվել ենք նշանների և լուսացույցների տեսանելիությունը»։
Երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը համաձայն չէ։ Այս երևույթը նոր չէ։ Թաքնված նշանները միշտ էլ եղել և խանգարել են երթևեկությանը։
«Միշտ է եղել այս խնդիրը։ Հիշեցնեմ։ Խորենացուց գնում ես Ռոստովյան առջին խաչմերուկը։Երկու նշան էր դրված, երկուսն էլ ճյուղերը փակել էին, երևի 50 մլն Սեքյուրիթին աշխատել է այդ խաչմերուկում։ Եթե ՃՈ–ն ժամանակին միջոցներ չձեռնարկեր, երևի թե պատերազմ սկվեր այդտեղ։ Դուք չեք պատկերացնի՝ սեզոնին որքան գումար էին աշխատում։ Պաղպաղակ արտադրողները կերազեին նման հերթերի մասին։ Դու մինչև թղթաբանությունով ապացուցում ես, որ ճյուղերն են մեղավոր, մնացած վարորդները արդեն վճարում են տուգանքը ու միանշանակ շահում է «Սեքյուրիթի դրիմը»։ Կանաչապատման կազմակերպությունը այդքան խորությամբ չեն պատկերացնում խնդիրը, թե ինչպես կարող է մի ճյուղը մարդկությանն 5 մլն դրամի վնաս հասցնել։ Ասում են՝ ճյուղ է էլի, իր համար կախված է»։
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության տնօրեն Արմեն Բեգոյանը նույն կարծիքին չէ։ Չի բացառում՝ որոշ խաչմերուկներում հնարավոր է ծառի ճյուղերը խոչընդոտ հանդիսանան և նշանը կամ լուսացույցը չերևա։ Վստահեցնում է, որ խնդիրը մշտապես իրենց ուշադրության կենտրում է, և խաչմերուկներում տեղադրված երթևեկության նշանները պետք է ազատվեն ճյուղերից ապահովելով տեսանելիություն։
«Ռադիոլուրի» հետ զրույցում Արմեն Բեգոյանը ասում է, որ դա բխում է վարորդների ու հետիոտների անվտանգության շահերից, ուստի չի կարող անտեսվել։
«Վերջին տարիներին իհարկե արվել է, բայց դրանից առաջ երկար տարիներ նման աշխատանք չի կատարվել։Կանաչը շատ է, կախարդական փայտիկով հնարավոր չէ ամեն հարց լուծել։ Բայց այս պահի դրությամբ կարող եմ վստահեցնել, որ բոլոր վարչական շրջաններում, որքան հասցել ստացել և ստանում ենք անընդհատ, բոլորն այս պահին կատարված են, ճյուղերից հեռացված են։ Բայց չեմ բացառում, որ կան բազմաթիվ փողոցներ և նշաններ, որոնց տեղը մեզ այս պահին հայտնի չէ, ինֆորմացիա ստանալուն պես այդ աշխատանքները կկատարվեն»։
Խնդրին վերջնական լուծում տալու նպատակով, բացի վարչական շրջանների աշխատակիցների դիմումները նաև արձագանքում են քաղաքացիների, վարորդների բողոքներին։ Բեգոյանը վստահեցնում է, որ առավելագույնը եռօրյա ժամկետում հեռացնում են ծառերի խանգառող ճյուղերը՝ բացելով լուսացույցները, երթևեկության նշանները և քաղաքի արտաքին լուսավորությունը ապահովող լապտերները։
Հաշվի առնելով նաև Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկած սանիտարական էտի աշխատանքները՝ Արմեն Բեգոյանը կարծում է, որ առաջիկայում նման խնդիրները լուծված կլինեն։ Այս աշխատանքներն իհարկե սեզոնային բնույթ են կրում, բայց քանի որ անվտանգության հետ գործ ունենք, կազմակերպության տնօրենը հավաստիացրեց, որ խաչմերուկների և մայթեզրերի երթևեկության նշանների տեսանեիության ապահովման նպատակով ճյուղերը կհեռացվեն դրանց մասին փաստող ցանկացած ահազանգի դեպքում։




