ԿարևորՀասարակություն

Նոր Հաճնում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհները

Շարունակվում են Կոտայքի մարզպետի աշխատանքային այցերը մարզի համայնքներ՝ տեղում ծանոթանալու պետական և այլ ծրագրերով իրականացվող աշխատանքներին ու համայնքների ղեկավարների հետ քննարկելու համայնքային խնդիրները:

Մարզպետ Ահարոն Սահակյանն իր ֆեյսբուքի էջում գրել է:

«Հերթական այցս Նոր Հաճն խոշորացված համայնքում էր: Համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի ու մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ դիտարկել ենք Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով այս պահին Նոր Հաճնում ընթացող ներհամայնքային ճանապարհահատվածի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները:

Պետություն-համայնք՝ 35% / 65% համաֆինանսավորմամբ հիմնանորոգվում է համայնք մտնող շուրջ 2,5 կմ երկարությամբ գլխավոր ճանապարհահատվածը:

Զրուցել եմ շինարարների հետ և հորդորել խստագույնս հետևել իրականացվող աշխատանքների որակին, ու դրանք ավարտել ծրագրով սահմանված ժամկետներում:

Այս տարի Նոր Հաճնից ընդհանուր առմամբ 7 սուբվենցիոն ծրագրեր են հաստատվել, որոնց մի մասն ավարտվել են, մյուսներն ընթացքի մեջ են:

Մասնավորապես, Արգելում և Գետամեջում ավարտվել են ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքները, Մրգաշենում ընթացքի մեջ են ջրահեռացման ցանցի կառուցման, իսկ Քանաքեռավանում՝ կոյուղու կառուցման ծրագրերը: Մրգաշեն և Արգել բնակավայրերում ընթացքի մեջ են նաև բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների հիմնանորոգման աշխատանքները, Նոր Արտամետում էլ ընթանում է կոյուղագծերի վերակառուցման ծրագիրը:

Աշխատանքային այցի շրջանակում այցելել ենք նաև Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան թիվ 4 հիմնական դպրոց, շրջել տարածքում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, սննդի կազմակերպման պայմաններին, տնօրենի հետ քննարկել դպրոցի խնդիրներն ու ծրագրերը»:

Կարդացեք նաև

Back to top button