
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն կգործեն երկու նոր՝ Երևան քաղաքի քրեական և քաղաքացիական դատարանները: Որոշումը նաև դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը մեղմելու նպատակ ունի։ Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի քաղաքացիական գործերով դատարանը կգործի առնվազն 35 դատավորով, քրեականը՝ 30: Նախագիծն անցել է հանրային քննարկման փուլը, ներկայում լրամշակվում է։
Հաջորդ տարի քրեական ու քաղաքացիական գործերը կքննվեն առանձին դատարաններում։ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն երկու նոր՝ Երևան քաղաքի քրեական և քաղաքացիական դատարանները գործարկելու մասին նախագիծը։ Սրանով փորձ է արվում լուծել դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը։ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշում է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ստացած գործերը մեկ տարում 10 000-ով ավելացել են։
«2019-ին ունեցել ենք շուրջ 34000 գործ, 2020 թվականին՝ 44 000 և 2021 թվականին՝ մոտ 44 000։ Այսինքն՝ դատարաններ ստացվող գործերի թիվը տարեցտարի աճում է, և աճի միտումը պահպանվում է»։
Մարզերում վիճակն ավելի մեղմ է, Արմավիրում 2021-ին ստացվել է 11 000 գործ, Արարատում, Վայոց ձորում՝ 15 000, Սյունիքում՝ 4 600։ Երևանում դատարանների ծանրաբեռնվածությունը մեծապես պայմանավորված է քաղաքացիական գործերի առատությամբ։ Դրանց մեջ էլ գերակշռում են տուրքերը, տուգանքները չվճարելու հիմքով բանկերի ու վարկային կազմակերպությունները դիմումները՝ քաղաքացիներից գումար բռնագանձելու վերաբերյալ։
«Օրենքով նախատեսված է, որ 2 միլիոն դրամը չգերազանցող պահանջով գործերը, որպես պարզ գործեր, պետք է քննվեն 3 ամսում։ Սակայն պրակտիկայում այդ ժամկետը հնարավոր չի լինում պահպանել, որովհետև շատ տարբեր պատճառներ կարող են լինել՝ գործը դատավորը կարող է ուշ ստանալ, ուշ կարող է մակագրվել, և օբյեկտիվորեն դատավորները չեն կարողանում գործերի քննությունը ապահովել։ Իսկ նման մանր գործերը դատական համակարգում 80 և ավելի տոկոս են կազմում»։
Դադունցը նշում է՝ այս իրավիճակը հետաձգում է ավելի բարդ, մասնագիտական աշխատանք պահանջող գործերի քննությունը։
«Կարող է հարց առաջանալ՝ ինչու՞ պետք է գործերի մի տեսակը ազդի մեկ այլ տեսակի վրա, ի՞նչ կապ ունի քաղաքացիական գործը քրեական գործի հետ, բայց դատարանն ունի մեկ ընդհանուր գրասենյակ, մեկ աշխատակազմ, չնայած դատավորներն ունեն իրենց օգնականները, սակայն դատարանի գրասենյակը մեկն է և նրանք, իհարկե, դժվարություններ են ունենում այդ ծավալով աշխատանքները կազմակերպելու համար»։
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը չի կարծում, որ այս բաժանումը լուծելու է ծանրաբեռնվածության խնդիրը, բայց սա գործավարության ապահովման տեսանկյունից ողջամիտ ու ճիշտ քայլ է համարում։ Հավելում է ևս մի քանի քայլ, որոնց կիրառումը, իր կարծիքով, խնդրի լուծման կհանգեցնի․
«Սա, իհարկե, կնպաստի որոշակի թեթևացմանը, մենք ունենք նաև այլ խնդիր, մեզանում այնքան էլ արդյունավետ չեն գործում արբիտրաժները, հաշտարարի ինստիտուտը, ինչը նպաստում է դատարանների ծանրաբեռնվածությանը, այնուամենայնիվ չենք խուսափելու դատավորների քանակի ավելացման խնդիրը լուծելուց։ Միայն այդ դեպքում, կարծում եմ, այս կոմպլեքս գործիքակազմը օգտագործելով մենք կկարողանանք շոշափելի տեսնել, որ մեր դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևանում է»
Դատարանի նախագահը ծանրաբեռնվածության պայմաններում չի կարող լիարժեք իրականացնել իր կազմակերպչկան գործառույթը և ապահովել գործերի ողջամիտ ժամկետում քննությունը՝ կարծում է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենը։ Այժմ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կա 72 դատավոր․ 39–ը՝ քաղաքացիական, 33-ը՝ քրեական գործեր քննող։ Ասում են՝ բաժանումից հետո շատ բան չի փոխվի։ Նույն դատավորները նույն շենքերում կիրականացնեն նույն գործառույթները, միայն համակարգումը հնարավորություն կտա արագացնել ընթացքը։ Դադունցն ասում է՝ նոր կարգով դատարանի նախագահը մշտադիտարկման աշխատանք ևս իրականացնելու է, ինչը ցույց կտա՝ գործերի քննությունը երկարաձգվում է օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված։
«Եթե դատավորը ինչ-ինչ պատճառներով չի կարողանում ապահովել իրեն տրված գործի քննությունը ողջամիտ ժամկետում, ապա պետք է լինի որևէ, չասեմ վերահսկողական, բայց մշտադիտարկման մոնիթորինգի մեխանիզմ, որ տեսնեն, թե արդյոք, օրինակ, գործի քննությունը, որ հետաձգվել է 5-6 անգամ, արդարացվա՞ծ է եղել, թե՞ ոչ։ Կամ փոքր հայցապահանջներով գործի դեպքում, որը պետք է 3 ամիս քննվեր, բայց քննվել է 8 ամիս, ինչ գործողություններ է արել դատավորը այդ 8 ամսվա ընթացքում, որ չէր կարող անել, օրինակ, 4 ամսվա ընթացքում»։
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն այս հնարավորության չարաշահման ռիսկեր է տեսնում, միևնույն ժամանակ նշում է՝ լիազորությունների չչարաշահման դեպքում սա ևս կարող է խնդրի լուծմանը նպաստող հանգամանք դառնալ։
«Կարծում եմ՝ սա պետք է արվի բավականին հավասարակշռված պայմաններում, քանզի մի քիչ ակտիվ լիազորությունների իրականացման դեպքում բախվելու ենք դատավորների անկախության խնդրին, բայց, այնուամենայնիվ, նույն մեր միջազգային գործընկերները գտնում են, որ նմանատիպ լիազորությունները չեն հակասի ընդհանուր ստանդարտներում, և նախագահները հնարավորություն կունենան հետևել, որ գործերի քննությունը իրականացվի ողջակիտ ժամկետում»։
ԲԴԽ-ն ընդունել է որոշում, որը սահմանել է գործերի քննության միջին ուղենշային ժամկետները։ Դրանք այն իդեալական ժամկետներն են, որոնցում դատավորը պետք է հասցնի քննել գործը։ Այսպես՝ պարզ գործերը պետք է քննվեն 1 ամսում, միջին բարդության գործերը՝ 4-6 ամսում, բարդերի համար սահմանված է 8-11, իսկ առանձնապես բարդ գործի համար՝ 13-18 ամիս ժամկետ։ Քրեական գործերի համար սահմանված է մինչև 24 ամիս ժամկետ։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը կարծում է, որ դատարանների առանձնացումը կնպաստի այս ժամկետների պահպանմանը։




