ԿարևորՀասարակություն

Էներգի՞ա, թե՞ կախվածություն. էներգետիկ ըմպելիքները վտանգում են դեռահասների առողջությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է՝ էներգետիկ ըմպելիքների օգտագործումը երեխաների ու դեռահասների կողմից կարող է մեծապես  վնասել առողջությանը: Դրանցում պարունակվող մեծաքանակ կոֆեինը ոչ միայն կախվածություն է առաջացնում, այլև կարող է հանգեցնել հաճախակի սրտխփոցների, արյան բարձր ճնշման, սրտխառնոցի,  անգամ՝ մահվան:  Եվրոպայում դեռահասների 2/3-ից ավելին էներգետիկ ըմպելիքներ են խմում են, ընդ որում 18-29 տարեկանների 70%-ը դրանք խմում են՝ խառնելով ալկոհոլի հետ: Հատկապես 10-16 տարեկան դեռահասները պետք է զերծ մնան էներգետիկ ըմպելիքներից:

«Հարգելի ծնողներ, էներգետիկ ըմպելիքները կարող են շատ հանկարծակի կանգնեցնել ձեր երեխայի սիրտը: Շտապ պետք է քայլեր ձեռնարկել»,- ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգում է ուսուցիչ, «Մաթեմիկ» ՀԿ հիմնադիր  Տիգրան Առուշանյանը: Արդեն տևական ժամանակ նկատում է, որ դեռահասներն ունեցած գումարով հիմնականում էներգետիկ ըմպելիք են գնում: Խնդիրն սկսել է մտահոգել երիտասարդ ուսուցչին։

Տիգրան Առուշանյան. «Խանութ  մտնելիս տեսել եմ՝ փոքր երեխեքը խանութից անընդհատ բում են առնում, ինչքան երեխա եմ տեսել էս վերջերս, բոլորը Բում են առնում, Բում, Մաքս: Ես մի անգամ փորձեցի խմել դրանից, թե ի՜նչ  քիմիայի համ էր, ոնց որ դեղ, թափել եմ, չկարողացա խմեմ: Ամբողջը կոֆեին ա: Մեզ ուսումնասիրությո՞ւն է  պետք, որ հասկանանք, որ մեծ քանակությամբ կոֆեինը վնաս է սրտին»:

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի Սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն էլ է երեխաների հետ զրույցներից և անհատական աշխատանքից  պարզել, որ Հայաստանում էներգետիկ ըմպելիքները դեռահասների շրջանում լայն տարածում ունեն:  Խնդիրը, միգուցե, այնքան աղաղակող ու հրատապ լուծման կարիք չունենար, եթե չլինեին այն վտանգները, որոնց ամենօրյա ռեժիմով առնչվում են 10-16 տարեկան դեռահասները: Հենց  այս խմբին կտրականապես արգելված են էներգետիկ ըմպելիքները՝ ասում է Պիպոյանը: Հորդորում ծնողներին ուշադիր լինել ու կուլ չտալ էներգետիկ բառի տակ թաքնված վտանգավոր խայծերը։

Դավիթ Պիպոյան. «Բառն ինքը միայն հրապուրիչ է, ըմպելիք, որը մեզ տալիս է էներգիա, այնինչ էներգետիկ ըմպելիքները պարունակում են շաքար և կոֆեին: Հատկապես խիստ վտանգավոր է էներգետիկ ըմպելիքը 10-12 և 12-16 տարեկանների համար: Հաճախակի օգտագործումը երեխայի մոտ առաջացնում է քնի, կենտրոնացման ֆունկցիայի խանգարում, առաջացնում գրգռված վիճակ»:

«Իմ ու տղայիս ամենօրյա վեճերի թեման էներգետիկ ըմպելիքներն են»,- անունը չհրապարակելու պայմանով ասում է տասնամյա տղայի մայրը: Կարծում է, որ վաճառակետերում պետք է արգելվի դրանց վաճառքը:

«Ընդհանրապես դեմ եմ էներգետիկ ըմպելիքներին, որովհետև նախ շատ տհաճ հոտ ունեն,  բացի դրանից՝ շատ քիմիկատներ են պարունակում, որոնք երեխեքի մոտ կախվածություն են առաջացնում: Ես ինքս  դա իմ տղայի վրա զգում եմ, որ ինքը հաճախակի խմում ա, ոնց որ դրա պահանջը զգա, անընդհատ ուզում է խմի: Ճիշտ կլինի, որ մինչև 18 տարեկաններին չվաճառվեն»:

1 բաժակ սև սուրճը, ասում է Դավիթ Պիպոյանը, պարունակում է 50 մգ կոֆեին, էսպրեսսոն՝ 80 մգ: Կախված տարողությունից՝ էներգետիկ ըմպելիքները կարող են պարունակել 60-80 մգ կոֆեին։

«Պատկերացրեք 10 կամ 12 տարեկան երեխան մի քանի բաժակ սուրճ խմի: Հայկական շուկայում առկա էներգետիկ ըմպելիքների 100 միլիլիտրը պարունակում է մոտ 11 գրամ շաքար, այսինքն՝ 330 մլ-անոց ըմպելիքում այդ 11 գրամը բազմապատկվում է 3,3 անգամ սա երեխայի օրական թույլատրելի շեմը կրկնակի գերազանցող քանակ է: Երբ  երեխան ձեռք է բերում էներգետիկ ըմպելիք, միայն 1 շշի պարունակութամբ նա ստանում է մեծ քանակի կոֆեին և իր օրական շաքարի շեմը գերազանցող քանակ»:

Միջազգային հետազոտությունների համաձայն՝ շաբաթական 4-5 անգամ էներգետիկ ըմպելիք օգտագործող երեխաներն ունեն վարքային խնդիրներ։ Դրանց օգտագործումը, որպես կանոն  զուգորդվում է ալկոհոլի ու ծխախոտի  հետ, հետևանքները կարող են ավելի լուրջ լինել: Դավիթ Պիպոյանը խոստովանում է՝ խնդրի մասսայական բնույթն ու լրջությունը բացահայտել է դեռահասների հետ պարբերական հանդիպումների արդյունքում: Խնդիր է նաև այդ տարիքի երեխաներ ունեցող ծնողների սննդի վերաբերյալ գրագիտության պակասը: Վստահ է՝ ծնողների մեծ մասը տեղյակ էլ չէ այդ էներգետիկ ըմպելիքների վնասակար բաղադրությունից ու ազդեցությունից:

«ԱՀԿ-ն խոսում է դեռահասների շրջանում ճարպակալումից, ֆաստֆուդից, էներգետիկ ըմպելիքներից, որոնք մեծ մասնաբաժին ունեն, և ասես մեր երկրում ոչինչ տեղի չի ունենում: Սա շատ կարևոր  և լուրջ խնդիր է, որն ունի մեծ արշավների կարիք և՛ դպրոցներում, և՛ ծնողների հետ: Վստահ եմ՝ բազմաթիվ ծնողներ տեղյակ չեն՝ կոֆեինի ի՞նչ պարունակություն կա այս ըմպելիքում, շաքարի ի՞նչ պարունակություն»:

«Ոչ բարով մեր «հարևան» երկրում վաղուց արգելված է էներգետիկ ըմպելիքների վաճառքը, անգամ Ֆինլանդիայի նման զարգացած երկիրն է արգելել»,-ասում է Տիգրան Առուշանյանը: Դրանց բացասական ազդեցությունը միգուցե շատ արագ չերևա. տարիներ անց, երեխան կարող է սրտի, ճարպակալման ու  ավելորդ քաշի հետ խնդիրներ ունենալ:  Պատերազմների ու ամենօրյա հակամարտությունների հետևանքով ֆիզիկապես մի ողջ սերունդ կորցրեցինք, ինչո՞ւ ենք ուզում նոր սերնդին էլ անտարբերության պատճառով կորցնել՝ հարցնում է ուսուցիչը: Խանութից գնված ըմպելիքի վրա հստակ կարդում է՝ խմել օրական 1 անգամից ոչ ավելի, չի թույլատրվում մինչև 18 տարեկաններին, հղիներին ու անոթային խնդիրներ ունեցողներին: Բաղադրությունը հստակ ներկայացված չէ: Չի բացառում անգամ, որ գրվածն ու պարունակությունն իրար չհամապատասխանեն:

«Խնդիրը մեր վերահսկողության  տիրույթում չէ»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը: Հավաստագրված մթերք է, որը վաճառվում է խանութներում և դրանում որևէ արգելք չկա

Անուշ Հարությունյան. «Գազավորված ըմպելիքը չի համարվում  վտանգավոր սննդամթերք, ստացել է հավատարմագրված սերտիֆիկատներ,  և մենք դրանք արգելելու որևէ իրավասություն  չունենք: Լուծումը ամենայն հավանակությամբ ծնողներինն է, որոնք ուղղակի պիտի արգելեն իրենց երեխաներին խմել գազավորված ըմպելիքներ»։

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում արտադրվող ու 200 դրամով Հայաստանում վաճառվող էներգետիկ ըմպելիքը Տիգրան Առուշանյանը պատրաստվում է մասնավոր լաբորատորիա փորձաքննության ուղարկել: Փորձաքննության պատասխանները կցելու է նամակին, որն ուղարկելու է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:

Կարդացեք նաև

Back to top button