ԿարևորՏնտեսական

Ինչպիսի՞ն է լինելու 2014-ի սոցիալական եւ տնտեսական տարին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2014 թվականի  առաջին ու ամենակարևոր  առանձնահատկությունն այն է, որ Հայաստանը ձեռնամուխ է լինելու Մաքսային միության անդամակցությանը։ Սա նշանակում է, որ բարձարստիճան պաշտոնյաներին   մեծածավալ աշխատանք է սպասվում՝ օրենսդրական փոփոխություններ, միջազգային պայմանագրերի վավերացում, արդյունաբերական քաղաքականության ճշգրտում:

«Անդամակցելով Մաքսային միությանը՝ մենք ձեռք ենք բերելու հարաբերական առավելություններ թեթև արդյունաբերության ոլորտում, և ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության է արժանացրել երկու ոլորտների վերաբերյալ ծրագրեր»,- նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Առաջինը՝ կոշկագործության ծրագիրն է, որը մշակվել է մասնավոր հատվածի հետ, և երկրորդը՝ տեքստիլ արդյունաբերության ծրագիրը, որը նույնպես մշակվել է մասնավոր հատվածի մասնակցությամբ և ֆինանսավորմամբ: Այս երկու ոլորտների զարգացումն արդեն իսկ հաշվի է առնում այն հանգամանքը, որ Մաքսային միության տարածքներում կարելի է  վերականգնել արտահանման նախկինում եղած  ցուցանիշները: 

2014թ տնտեսական տարին բազմաթիվ առանձնահատկություններ ունի: Նախ՝ ի վերջո ներդրվում են կենսաթոշակային կուտակային բարեփոխումները։ Համակարգի ներդրման համար ավելի քան տասը տարի է պահանջվել: Այս համակարգի մշակման վրա աշխատել են ՀՀ երկու նախագահները, երեք վարչապետներ, կոալիցիոն չորս կուսակցություններ, տասնյակ մասնագետներ, միջազգային կազմակերպություններ, աշխարհի լավագույն փորձագետներ: 2014 թվականի պետական բյուջեով հատկացվել է 20 մլրդ դրամ,  բարեփոխումները վերաբերելու են ՀՀ  275 հազար քաղաքացու, ովքեր ծնվել են 1974թ հունվարին մեկից հետո:  Նրանք առաջին վճարումները մինչև փետրվարի 20-ը պետք է իրականացնեն իրենց անհատական հաշվառման հաշիվների վրա: Եվ պետությունը ստանձնում է պարտավորություն 5 տոկոսով ավելացնել նրանց խնայողությունը, այսինքն` կրկնապատկել այն 5 տոկոսային վճարումը, որն իրականացնում է յուրաքանչյուր աշխատող քաղաքացի: 

ՀՀ-ում  այժմ ապրում է շուրջ 510 հազար թոշակառու և 2014 թվականին կենսաթոշակներ վճարելու համար  պետական բյուջեով   շուրջ 240 միլիարդ դրամ է հատկացվել։  2014- ից միջին կենսաթոշակը կավելանա 15 տոկոսով՝ 31 հազար դրամից հասնելով 36 հազարի: Կառավարությունը գիտակցում է, որ 36 հազար դրամը   բավարար չէ արժանապատիվ ծերություն ապահովելու համար:Ուստի և ձեռնամուխ է արմատական բարեփոխումների:

Նոր տարվա ընթացքում կառավարությունը շարունակելու  է խնայբանկի ավանդների վերադարձման ծրագրի իրականացումը:  2014 թ.-ին շեշտադրումը փոխվելու է. առաջին հերթին թիրախային խումբը լինելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած և նրանց հավասարեցված մեր քաղաքացիները։ Ըստ հաշվառման ցուցակների՝ նրանց թիվն այսօր շուրջ 4600 է:  

2014-ին նույնպես, ինչպես վերջին տարիներին, կարևորվելու է բիզնես միջավայրի բարելավումը: Հարկային ու մաքսային վարչարարության բարելավում, դատական համակարգի կատարելագործում և շինարարության ոլորտում թույլտվությունների մեխանիզմների կատարելագործում, որպեսզի ՀՀ-ում ներդրումները ձեռնտու լինեն:

Back to top button