
ԿԳՄՍ նախարարը հաստատում է հոկտեմբերի 12-ին տարածված այն տեղեկությունները, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը միավորվելու են։ Ուսումնական հաջորդ տարին 3 բուհերը կսկսեն մեկ անվան տակ։ Նախարարը հավաստում է՝ որևէ կտրուկ փոփոխություն տեղի չի ունենալու, միաժամանակ նշում է, որ սա էականորեն ավելացնելու է բուհական կրթության որակը։ Համալսարանական զարգացումներին Արուսյակ Կապուկչյանն է հետևել։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զարմացել է, որ բրյուսովցիները զարմացել են։ Ասում է՝ բուհերի օպտիմալացումը տարիներ շարունակ քննարկվող հարց է, իսկ օգոստոսին անձամբ է հանդիպել 3 բուհերի ռեկտորների հետ և քննարկել միավորման հավանականությունը։
«Մեզ համար անակնկալ է եղել, որ այս զրույցից ու նախնական տրամադրությունից հետո իրենք գնում են այդ քայլին։ Գործընկերային հարաբերությունները ենթադրում էին, ես այդպես կվարվեի, որ համաձայնեցված քայլեր լինեին»։
Նախարարը բնական է համարում Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի ընդվզումը միայն մեկ հիմքով՝ ամեն նոր բան արժանանում է քննադատության։ Սակայն վստահ է, որ բովանդակային մասով ուսանողների և դասախոսների բողոքն անհիմն է։ Նախարարը հաստատում է Բրյուսովի անվան համալսարանը, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն ու Մանկավարժական համալսարանը միավորելու մասին դեռ երեկ միայն օդում կախված լուրերը.
«Այո՛, ես բացահայտ եմ ասում՝ կառավարությունը շրջանառում է 3 բուհերի միավորման մասին որոշում։ Սահմանված կարգով կշրջանառվի, կկայացվի համապատասխան որոշում, կշարժվենք առաջ։ Ուզում եմ ուսանողներին ու պրոֆեսորադասախան կազմին դիմել հետևյալով՝ ոչինչ կտրուկ չի փոխվելու մեր կյանքում։ Կրթության որակի բարձրացման միտում ունի այս ամենը, որևէ բան չի փոխվում, որևէ հաստիք չի կրճատվում, այս ամենի պատճառով գուցե 2 ռեկտոր պակաս կունենանք։ Բովանդակային մասով ոչինչ չի փոխվելու»։
Բրյուսով շենքը չենք վաճառում՝ ի պատասխան շրջանառվող տեսակետի հայտնում է Վահրամ Դումանյանը։ Նրա խոսքով՝ բոլոր 3 բուհերի ուսանողները շարունակելու են իրենց կրթությունը նույն շենքերում, նույն դասախոսների հետ։ «3-ը 1-ում» համալսարանը նոր անուն կունենա։ Շրջանառվող տարբերակներից մեկը Կրթական գիտությունների ինստիտուտնն է։ ԿԳՄՍ նախարարը այս անվան մեջ արդեն իսկ տեսնում է ամենահաճախ շրջանառվող հարցի պատասխանը՝ ի՞նչ կապ ունեն իրար հետ լեզվաբանական, մանկավարժական և ֆիզիկական կուլտուրային առնչվող կրթություն տվող բուհերը։ Ասում է՝ բոլոր երեքը մանկավարժներ են պատրաստում․
«Մանկավարժականը մանկավարժ պատրաստող բուհ է, ճի՞շտ է, ֆիզկուլտ ինստիտուտը մարզիչներ և ֆիզկուլտուրայի ուսուցիչներ պատրաստող։ Օտար լեզուների գծով մանկավարժների պատրաստումը շատ տարիներ առաջ եղել է Բրյուսովի ինստիտուտի հիմնական գործառույթը, ինչը տարիների ընթացքում մի մասը մնացել է մանկավարժական բլոկը, իսկ մյուս մասը դարձել է լրիվ ուրիշ բան»։
Դումանյանը համարում է, որ, օրինակ, Բրյուսովի անվան համալսարանում հիմա կան այնպիսի մասնագիտություններ, որոնք կրկնվում են նաև այլ համալսարաններում։ Որպես օրինակ շեշտում է սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետը, ասում է՝ նման մասնագիտացում առաջարկող ևս 3 համալսարան կա։ Օպտիմալացման նպատակը հենց այս կրկնությունները բացառելն է։ Սակայն պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը կարծում է, որ նման քայլի պետք է գնալ լուրջ հետազոտություններ ունենալուց հետո․
«Նախ՝ պետք է կատարեին ֆունկցիոնալ վերլուծություն, թե ինչ գործառույթներ կան, որ այս երեք բուհերում կրկնվում են, ինչ ամբիոններ, ինչ մասնագիտություններ կան, որ կրկվում են և դրա արդյունքում ցույց տան այն սիներգիան, որ կառաջանա այդ 3, 4 կամ 5 բուհերը միավորելու արդյունքում։ Քանի որ այդ ամբողջ վերլուծությունը չունեն (իսկ եթե ունենային միանշանակ ցույց կտային, կներկայացնեին), սա դառնում է տեխնիկական վարժություն։ Սակայն դա ինչպես կազդի կրթության որակի վրա՝ պարզ չի և որևէ քայլ, թե ինչպես է դրա արդյունքում բարելավելու կրթության որակը, ինչպես են կրթության ու գիտության առումով շահելու դասախոսնն ու ուսանողը, դա կառավարությունն ու նախարարությունը ցույց չեն տալիս»։
Հուլիսի վերջին գործադիրի նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացնելիս ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը նշեց՝ միավորման արդյունքում ունենալու ենք 5-8 բուհ։ Նախարարը համարում է, որ այսօր բուհական համակարգը ճգնաժամային վիճակում է, միավորումն այդ ճգնաժամը հաղթահարելու արդյունավետ ճանապարհ է։
Կրթական ոլորտի լիազոր մարմինը հայտնում է, որ, հավանաբար, հաջորդ ուստարին 3 բուհերը կմեկնարկեն մեկ անվան տակ։ Զուգահեռաբար Բրյուսովի անվան պետական համալսարանում շարունակվում են բողոքի ակցիաները։ Ուսանողներն ու դասախոսները շարունակում են պնդել, թե նախարարությունը որոշում է կայացնում՝ առանց այդ որոշման շահառուների հետ քննարկման և համաձայնության։




