
Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում մեկ օրում երկրորդ պաթյունը, որը որոտացել է տրոլեյբուսում, իրականացվել է նույն այն ծրագրով, ինչ եւ կիրակի օրը երկաթուղային կայարանում։ Նման եզրակացության են հանգել Ռուսաստանի քննչական կոմիտեի փորձագետները։ Նրանք արդեն հերքելով նախնական վարկածը, թե պայթուցիկը տեղադրվել է տրոլեյբուսում նախօրոք, վստահ են, որ ինչպես կայարանում, այնպես էլ այստեղ գործ ունեն ինքնասպան ահաբեկիչի հետ։
«Այժմ նախնական կարելի է ասել, որ պայթուցիկ սարքը գործողության մեջ է դրել տղամարդ ինքնասպան- ահաբեկիչը, որի մարմնի մասերն ուղարկվել են գենետիկ քննության՝ անձը պարզելու համար»,- ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ին հայտնել է ՌՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։ Նա նշել է, որ հնարավոր է երկու պայթյուններն իրար հետ կապ ունեն։ Նախնական տվյալներով՝ տրոլեյբումում պայթյունի ուժգնությունը համարժեք է եղել 4 կգ, իսկ կայարանինը՝ 10 կգ տրոտիլին։
«Ինչպես եւ երկաթուղային կայարանի պայթուցիկ սարքկ, սա եւս լցված է եղել վնասող դետալներով։ Քանի որ մյուս պայթուցիկ սարքի հետ այդ տարրերը նույնական են, սա հաստատում է քննության՝ երկու ահաբեկչությունների կապի մասին վարկածը։ Հնարավոր է, նրանք պատրաստվել են մեկ վայրում»,- ասել է Մարկինը։
Երկու պայթյունների զոհերի թիվը 32 է։ Տրոլեյբուսում զոհվել է 14 մարդ, կայարանում՝ 18։ Զոհերի մեջ կան նաեւ երեխաներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուժային կառույցներին հանձնարարել է երկրի ողջ տարածքում ուժեղացնել անվտանգությունը, հայտնում են Հակաահաբեկչական ազգային կոմիտեից։ Կոմիտեի այսօրվա արտակարգ նիստը վարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, իսկ կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Պուհինի հանձնարարությամբ մեկնել է Վոլգոգրադ։




