
Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանում ուսանողներն ու դասախոսները բողոքում են։ Առիթը հոգաբարձուների խորhրդի հերթական նիստից հայտնի դարձած տեղեկությունն է, ըստ որի՝ կառավարությունը նախատեսում է Բրյուսովի անվան համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը միավորել Մանկավարժական համալսարնի հետ։ Ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը, հղում անելով իրենց աղբյուրներին, նշում են, թե կառավարությունում նախագիծն արդեն շրջանառվում է։ Գործադիրը իրավիճակին դեռ չի արձագանքել և մինչև այս պահը թեմային առնչվող որևէ մեկնաբանություն չի տվել։ «Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ–ից խոստացել են, որ շուտով հանդես կգան հայտարարությամբ։
Լեզվաբաններ, մարզիկներ, մարզիչներ ու մանկավարժներ պատրաստող բուհերը միավորելու մասին ինֆորմացիան զարմացրել ու զայրացրել է Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի ուսանողներին։ Երեկ իմացել են, որ իրենց համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմում ներառելու նախագիծ է շրջանառվում։ Այսօր արդեն Բրյուսովի բակը մարդաշատ է․ ուսանողները դասադուլ են անում․
«Մենք բոլորս այստեղ հավաքվել ենք, որովհետև դեմ ենք, չի կարելի միավորել էնպիսի բուհեր, որոնք իրար հետ բացարձակապես ոչ մի կապ չունեն»,- ասում է ուսանողներից մեկը։
«Կրթության որակը այստեղ ահավոր լավն է, ու ես չեմ պատկերացնում, որ մանակավարժական կամ ֆիզկուլտ ինստիտուտ տեղափոխվելուց հետո նույն որակը կապահովվի, ինչքան էլ որ ասում են, որ դասախոսական կազմը նույնպես տեղափոխվելու ա, ես իրոք չեմ հավատում, ու ոչ մի ուսանող չի հավատա, որովհետև հաստատ չեն լինելու նույն դասախոսները»,-ուսանողների մեկ այլ խմբի տեսակետ է։
Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոբյանը դեմ չէ կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելուն, չի բացառում նաև, որ բուհերի օպտիմալացումը կարող է արդյունավետ լինել։ Սակայն համոզված է, որ Բրյուսովի անվան համալսարանն այդ ցանկում առաջինը չպիտի լինի։
«Բոլորս գիտենք, որ հարցը քննարկվում է․ սեպտեմբերի 1-ին վարչապետը կառավարության նիստում դրա մասին հայտարարեց։ Բայց դեղին մամուլից էինք լսում կամ այլ միջոցներով, որ այդ ծրագորւմ նաև Բրյուսովի համալսարանը կա։ Ի դեպ, Բրյուսոի համալսարանը այս տարի դիմորդների քանակով 3-րդն է եղել հանրապետությունում։ Այնպես որ, հաստատ եթե օպտիմալացում էինք սկսում, չպետք է սկսեինք Բրյուսովի համալսարանից»,- ասում է Ակոբյանը։
Համալսարանականներին հատկապես զայրացրել է այն, որ իրենց հետ որևէ քննարկում չի եղել և լուրը ստացել են կողմնակի ճանապարհներով․
«Երեկ տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը պլանավոված էր։ Օրականարգում դրված էր ռեկտորի ընտրության հարցը, որովհետև դեկտեմբերին լրանում է հինգ տարին, ու նոր մրցույթ պետք է հայտարարվի։ Քննարկման ժամանակ անակնկալի եկանք, երբ կառավարության անդամ խորհրդի նեկայացուցիչները արտահայտվեցին հարցն օրակարգից հանելուօգտին։ Երբ հարց հնչեց՝ ի՞նչն է պատճառը, եղավ պատասխան, որ այս պահին կառավարությունում բուհերի միավորման նախագիծ է շրջանառվում։ Հետո արդեն մենք մեր կապերով սկսեցինք ճշտել ու պարզեցինք, որ իրականում, այո, նախարարությունում շրջանառվում է մի որոշում, որի համաձայն նախատեսվում է, ես այլ բուհերը չգիտեմ, կոնկրետ մեր մասով միավորել Բրյուսովի համալսարանը, Մանկավաժականն ու Ֆիզկուլտ ինստիտուտը»։

Կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, իրավիճակին դեռ չի արձագանքել և մինչև այս պահը թեմային առնչվող որևէ մեկնաբանություն չի տվել։ Մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից խոստացան, որ շուտով հանդես կգան հայտարարությամբ։ Հիշեցնենք, որ դեռ 2012-ին կրկին այս համալսարանը մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ խոսակցություններ սկսվեցին։ Այդ անգամ երրորդ կողմը Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի փոխարեն Կոնսերվատորիան էր։ Ուսանողական ակցիաներից հետո ոլորտը համակարգող գերատեսչությունը հերքեց, որ նման նպատակ ունի։ Այս անգամ ևս ուսանողները պատրաստվում են պայքարել։
«Չենք ուզում տեղափոխվել ուրիշ համալսարան, եթե ցանկանայինք այնտեղ սովորել, միանգամից էնտեղ կդիմեինք սովորելու համար, ոչ թե այստեղ»։
«Ես օտարերկրյա ուսանող եմ Բրյուսովում, եկել եմ Վրաստանից հենց Վալերի Բրյուսովում սովորելու նպատակով, քանի որ համալսարանը մեր տարածաշրջանի լավագույն լեզվահասարակագիտական համալսարնն է։ Հենց դրա դիպլոմի համար պայքարում եմ այժմ»,-պատմում է ստորագրահավաքով դժգոհությունը հայտնող ուսանողներից մեկը։
Ուսանողներին հատկապես ոգևորում է այն, որ իրենց պայքարում մենակ չեն․ դասախոսական կազմը ևս աջակցում է։ Արուսյակ Գրիգորյանն, օրինակ, այս համալսարանում աշխատում է 54 տարի․
«Ինձ առաջարկել են ուրիշ տեղերում աշխատել, ես չեմ համաձայնել։ Սա Ալմա Մատեր է։ Բրյուսովի համալսարանը լեզվաբանական համասլարան է, հասկանում ե՞ք, ինչպե՞ս կարելի է միավորել ֆիզկուլտ ինստիտուտի հետ, սա ի՞նչ է նշանկում, ինչպե՞ս կարելի է։ Սա անհրաժեշտ է դադարեցնել։ Եվ մենք պայքարելու ենք։ Մանկավարժականը շատ լավ համալսարան է, բայց մերը սպեցիֆիկ է։ Մենք ոչ մի գործ չունենք մյուսների հետ, թող մեզ հանգիստ թողնեն»։
Իսկ արդյո՞ք միավորմանը համաձայն են մանկավարժական համալսարանում։ Բուհն իր դիրքորոշումը կհայտնի պաշտոնապես նախագիծը ստանալուց հետո՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Մանկավարժականի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։
«Հետևում ենք իրադարձություններին, բայց որևէ հստակ բան մեզ ևս հայտնի չէ։ Ամենայն հարգանքով բոլոր բուհերի իրավունքների նկատմամբ, ասեմ, որ երբ կլինի պաշտոնական նախագիծ կամ հայտարարություն, և երբ հստակեցվի միավորման տրամաբանությունը, այդ ժամանակ մենք էլ կարտահայտենք մեր հստակ տեսակետը»։
Բրյուսովցիները մինչև Կառավարությունից արձագանք ստանալը պատրաստվում են շարունակել դասադուլը։ Իսկ պրոֆեսորադասախոսական կազմը հորդորում է լիազոր մարմնին առանց քննարկումների որևէ որոշում չկայացնել։





