ԿարևորՔաղաքական

Թուրքիան և Ռուսաստանը ոչ թե ռազմավարական, այլ իրավիճակային դաշնակիցներ են քաղաքագետ

Թուրքիան և Ռուսաստանը երբևէ չեն կարող ռազմավարական դաշնակիցներ լինել, այդ երկրները ժամանակավոր, իրավիճակային դաշնակիցներ են, և պատմությունը փաստում է, որ Բաքվի և Անկարայի միջև «բարեկամական» փուլը արագ փոխակերպվում է «ոխերիմ թշնամականի»՝ ասում է  միջազգայնագետ, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը` շեշտելով, որ Թուրքիայի դաշնակիցն այս փուլում  Արևմուտքն է։ Ըստ «Ռադիոլուր»-ի զրուցակցի` Թուրքիան փորձում է օգտվել ուկրաինական պատերազմի հետևանքով  Ռուսաստանի  թուլացած դիրքերից` Մոսկվայից «պոկելով» հնարավոր շահեկան զիջումներ կամ պայմանավորվածություններ Հարավային Կովկասի հետ կապված։

Անկարան փորձում է տարածաշրջանում գեոպոլիտիկ կարգավիճակ ձեռք բերել և ամրապնդել այն՝  ասում է փորձագետը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 12-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու նախագահների հանդիպումը կկայանա Աստանայում նախատեսվող ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ չի բացառում բանակցությունների վարումը Պուտինի և Էրդողանի միջև Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդմանն ուղղված հանդիպման շրջանակում։ Վերջին անգամ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները խոսել են հոկտեմբերի 7-ին։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրադարձությունները, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները։

Հոկտեմբերի 12-14-ը Ղազախստանում տեղի կունենա ԱՊՀ գագաթնաժողովը, Ասիայում համագործակցության և վստահության ամրապնդմանն ուղղված համաժողովը, Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով պետությունների ղեկավարների հանդիպումը: Սպասվում է, որ Ղազախստանի մայրաքաղաք կայցելեն Կենտրոնական Ասիայի և ԱՊՀ երկրների 11 ղեկավարներ։ Քննարկման հիմնական թեմաներն են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովումը։ Պուտինը կմասնակցի գագաթնաժողովի բոլոր հանդիպումներին և կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։

Աստանայում Պուտին-Էրդողան հանդիպման շրջանակում, ըստ միջազգայնագետ Գառնիկ Դավթյանի, կողմերը տնտեսական որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերեն։ «Կիևը հրթիռակոծելու համար Մոսկվայի նկատմամբ հավաքական Արևմուտքը նոր պատժամիջոցներ կսահմանի։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Ռուսաստանը փորձում է իր շուկայում մեծ ներգրավվածություն ունեցող թուրքական գործոնը օգտագործել և դուրս գալ այլ շուկաներ՝ կրկին շահարկելով հայ-թուրքական հարաբերությունները։ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը նվազել է, բայց չի սպառվել, ուստի Թուրքիան չի կարող հաշվի չնստել Ռուսաստանի շահերի հետ»,-ասում է Գառնիկ Դավթյանը։ 

Կարդացեք նաև

Back to top button