
Համայնքների միավորումից հետո Արմավիրի մարզում սանիտարական մաքրման աշխատանքներն աստիճանաբար կանոնակարգվում են: Գրեթե բոլոր բնակավայրերում արդեն աղբահանություն է իրականացվում, բայց դժվարությամբ են գանձվում վարձավճարները: Իրավաբանական անձանց մեծ մասը պայմանագրեր չեն կնքում: Մինչև խոշորացումը համայնքների մի մասում աղբահանություն չի իրականացվել, փոխարենը միջհամայնքային ճանապարհներն ու ջրատարները լցվել են աղբով:
Արմավիրի մարզի միջհամայնքային ճանապարհներին երբեմն կարելի է տեսնել ցուցանակներ, որոնք հիշեցնում են տարածքը չաղտոտելու մասին և զգուշացնում , որ չսահմանված վայրերում աղբ թափելը վարչական պատասխանատվություն է ենթադրում: Արգավանդ գյուղում ևս այդպիսի ցուցանակ կա, որը բնակիչներին ավելի ուշադիր է դարձրել։
«Աղբակույտեր հիմա չկան նույնիսկ ազատ տարածություններում, որտեղ ցուցանակներ են տեղադրված՝ աղբ չթափելու վերաբերյալ, հակառակ դեպքում՝ կտուգանվեն 100 հազար դրամ: Մարդիկ հետևում են մաքրությանն ու աղբ չեն թափում: Վերջին տարիներին ավելի հստակ կարող եմ ասել՝ ակնհայտ երևում է մաքրությունը, իսկ սրանից առաջ չեմ կարող ասել, որ այդպես էր»:
Մինչև խոշորացումը բնակավայրերի մի մասում աղբահանություն չի իրականացվել, իսկ գյուղերի ճամփեզրերը լցվել են աղբով: Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանն ասում է, որ նախկինում գյուղերի մեծ մասում նաև աղբի վարձավճարներ չեն գանձել։

«Համայնքներ ենք ունեցել, որտեղ երբևիցե աղբահանություն չի կատարվել, բայց հիմա բնակավայրերի մի մասում համայնքի միջոցների հաշվին է կազմակերպվում, մնացածում պայմանագրով են կատարում: Մարդիկ արդեն տեսնում են, որ գյուղում աղբահանություն կատարվում է, փորձում ենք իրազեկել, որ տեսնեն, հասկանան ու վճարեն»:
Բաղրամյանի միավորված 14 գյուղերից միայն 6-ում է համայնքի միջոցներով աղբահանություն իրականացվում, մյուսներում ծառայությունը պատվիրակված է: Տեղական իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ աշխատանքի որակը կբարձրանա տարածքային զարգացման հիմնադրամից լիզինգով նոր տեխնիկա ձեռք բերելուց հետո: Մարզի Արաքս և Փարաքար համայնքներում աղբահանությունը պատվիրակել են: Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը գոհ չէ ծառայությունից.
«Աղբահանությունը միջին կարգի է, շաբաթական մեկ անգամ են գալիս, աշխատանքների որակը լավ չի։ Ժողովուրդն աղբը դնում է դրսում, բայց կարող է մեքենան 1-2 ժամ ուշանա, դեպքեր են եղել, որ մի օր չի եկել»:
Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը գոհ է ծառայությունից: Պատվիրակված կազմակերպությունը աղբամաններ է տեղադրել բնակավայրերում, և աղբը ժամանակին հեռացվում է: Աղբի մեկ շնչի վճարը 200 դրամ է։
«Մեր աղբահանությունն իրականացնում է մի կազմակերպությունը, որի աշխատանքից շատ գոհ ու շնորհակալ ենք, կարելի է ասել՝ ժամացույցի պես է աշխատում. աենօրյա աղբահանություն կենտրոնական փողոցներում, և շաբաթական 2 անգամ՝ երկրորդական: Բոլոր համայնքներում աղբահանություն կատարվում է»:
Մեծամոր, Ֆերիկ, Վաղարշապատ և Արմավիր համայնքներում աղբահանությունն իրականացնում են բարեկարգման ծառայությունները: Մեծամորի Արգավանդ գյուղում շաբաթական մեկ անգամ են աղբահանություն անում։
«Յուրաքանչյուր ուրբաթ աղբատար մեքենան գալիս է, մեկ մեքենա է, բոլոր փողոցներով պտտվում է, աղբը հավաքում, իսկ որոնք ենթակա են այրման՝ այրում ենք»:
Համայնքներում աղբահանության վարձավճարներից կազմվող գումարն ավելի քիչ է, քան ծախսերը: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ցածր է նաև աղբահանության պայմանագիր ունեցող իրավաբանական անձանց թիվը:

«Աղբահանության պայմանագիր կնքած ու վճարած իրավաբանական անձանց թիվը սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 1911, որն իմ կարծիքով, շատ փոքր թիվ է՝ իրականության հետ համեմատած, որովհետև հնարավոր չէ ամբողջ մարզում ունենանք 1911 իրավաբանական անձինք՝ փոքր խանութ, մեծ կազմակերպություններ: Ութ ամսվա ընթացքում մարզում աղբահանության դիմաց պետք է հավաքագրվեր 304 մլն դրամ, բայց գանձվել է 170 մլն դրամ, ծախսվել՝ 495 մլն դրամ»:
Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը նշում է, որ աղբահանության պայմանագրեր չեն կնքում հիմնականում մթերային խանութները։
«Մթերային խանութները կտրականապես հրաժարվում են, ասելով՝ մենք աղբ չենք թափում, մեր ամբողջ ապրանքը հետ վերադարձ է լինում, իսկ սննդի կետերը պատրաստականորեն վճարում են, պայմանագրեր կապում»:
Համայնքներում ֆիզիկական անձինք ևս հրաժարվում են աղբի վճարից՝ պատճառաբանելով աղբ չունենալը, բայց մոտակա ջրատարները լցված են աղբով: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ աղբահանությունը համայնքների խոշորացման հետ նոր խնդիրներ է հարուցել։
«Խնդիրը բավականին բարդ է և՛ կազմակերպչական առումով, համայնքների հնարավորություններով, և՛ հատկապես այն հանգամանքով, որ համայնքները նոր են խոշորացել: Անձնակազմը, կոլեկտիվը, համակարգված աշխատանքը, կազմակերպվածությունը դեռևս սաղմնային փուլումեն գտնվում: Երբ այդ խնդիրները շարունակական կլինեն և արդյունքներ չեն տա, այդ ժամանակ մենք կարող ենք որակումների ու գնահատականների անդրադառնալ»:
Արմավիրի մարզում կան 3 օրինական և 41 բացվող ու փակվող հիմնականա աղբավայրեր, որոնք գտնվում են համայնքների անօգտագործելի տարածքներում: Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի խոսքով՝ արդեն փակվել է Նորապատ համայնքի աղբավայրը: Հիմնական աղբավայրերը ցանկապատված չեն:




